ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի ամռան սկիզբ բոլորիդ: Այսօր ամռան առաջին օրն է: Մեր տարիները անցնում են, թողնելով իրենց հետքը, եղանակները փոխվում են ըստ անխախտ հաջորդականության, օրերը մաշվում են՝ մոտենալով վերջին օրվան: Կգա մի օր և դա կլինի վերջին օրը՝ Աստծու հրամանով, և մենք այլևս անելիք չենք ունենա: Այդ պատճառով օրվա գործը ավարտին հասցնենք ամեն օր: Այսօրվա մեր գործը Հովհաննես առաքյալի 14 րդ գլխի բովանդակությունը հասկանալն է, և ոչ միայն հասկանալը, այլ նաև իրագործելը մեր կյանքում: Ավետարաններում կան մտքեր, մեր Տիրոջ կողմից հնչած, որոնք հատուկ մեկնաբանության կարիք ունեն, սակայն այս գլուխը այնքան պարզ է իր պահանջով, որ անկարելի է չհասկանալ: Իսկ եթե մենք դարձյալ չենք հասկանում, ապա նրանից է, որ մենք սիրել չգիտենք, դրա համար չենք կարողանում պահել պատվիրանները, քանի որ ասում է, - Եթէ ինձ սիրում էք, կպահէք իմ պատուիրանները: Մենք Աստծուց միայն ակնկալում ենք, խնդրում ենք, սպասում ենք, հուսում ենք, բայց երբ հերթը հասնում է սիրելուն՝ որը նշանակում է ծառայել, մենք դժվարանում ենք: Հատկապես Հովհաննեսի Ավետարանի վարդապետությունը հիմնված է Քրիստոսի սիրո վրա, հանուն Նրա սիրո՝ միմյանց ծառայելու վրա: Երբ մենք սիրում ենք մեր երեխային, ծառայում ենք նրան, և չենք ասում, թե փոքրը պետք է ծառայի մեծին, այլ ծառայում ենք որքան որ պահանջվի: Սակայն նույնը չենք անում աշխատանքի վայրում, մերձավորի հետ շփվելիս և ամենուր: Սեր ու ողորմություն է ուզում մեզնից մեր Տէրը, որպեսզի համոզվի, որ Իր աշակերտներն ենք: Դա էլ ուզում է ոչ թե Իր համար, այլ, որ մենք ցուցաբերենք միմյանց նկատմամբ, հաշտ ապրելու համար, ինչի պակասն ու կարիքը զգացվում է այսօր:
Այդ պատճառով է Տերն ասում, որ այս աշխարհը չի ճանաչոում և չի ընդունում ճշմարտության Հոգին, որովհետև աշխարհում սերը պակասել է վերանալու աստիճան: Տեր Հիսուս իր աշակերտներին հենց այդ գաղտնիքն է ուսուցանում, որ ճշմարտության Հոգին կգա և կբնակվի նրա մոտ, ով սիրում և պահում է պատվիիրանները: Նույնիսկ մեր օրինակից գիտենք, որ անկարելի է մեկին սիրել և նրա խոսքը չկատարել, կամ ինչպես ասում են խոսքը գետնին թողնել: Եթե մարդկային հարաբերություններում է այսպես, ապա որքան զգայուն պետք է լինենք մարդ- Աստված հարաբերության մեջ, որն առնչվում է բոլոր պատվիրանների կատարման հետ: Առակաց գիրքն ասում է. «Թողէ՛ք յիմարութիւնը եւ դուք կապրէք, իմաստութի՛ւն փնտրեցէք եւ դուք կփրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»: Մենք փրկվել ուզում ենք, բայց առանց Աստծո պատվիրանների: Այդպես չի լինում: Բոլոր մարդիկ Հիսուսին մոտենում էին բուժում խնդրելու ակնկալիքով, բայց 12 ը բարի կամք դրսևորեցին ծառայել Նրան՝ սիրուց դրդված: Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մօտ, - ասում է Տէր Հիսուս: Ուրեմն ճշմարտության Հոգին ամուր պահենք մեր մեջ, որ Տիրոջ Երկրողդ Գալուստին՝ որն անխուսափ է, ամոթով չմնանք: Տիրոջ խոսքին ապավինողը երբեք ամոթով չի մնա:
Աղոթենք միասին:
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով: Ներեա՛ եւ լո՛ւր մեզ, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Որդւոյն Միածնի այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 14.15-24
15 Եթէ ինձ սիրում էք, կպահէք իմ պատուիրանները. 16 եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 17 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի: 18 Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մօտ: 19 Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու: 20 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ, ու ես՝ ձեր մէջ: 21 Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»: 22 Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»: 23 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կպահի, եւ իմ Հայրը նրան կսիրի. եւ մենք նրա մօտ կգանք ու նրա մօտ կօթեւանենք: 24 Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց: