ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, մենք Ավետարաններում շատ ենք հանդիպում <<սադուկեցիներ >> արտահայտությանը, և հիմնականում հանդիպում ենք այն վայրերում, որտեղ հակառակություն կա Տիրոջ խոսքի հանդեպ, կասկած կա Նրա վարդապետության նկատմամբ: Մի քանի խոսքով ներկայացնեմ ձեզ՝ նրանց, որպեսզի ձեր պատկերացումը ճիշտ լինի նրանց դիրքորոշման վերաբերյալ:
Սադուկեցիները հրեական կրոնաքաղաքական խմբավորում էին, որի անդամները հրեշտակների գոյությունը և մեռելների հարությունը ժխտող աղանդավորության հետևորդներն են: Սադուկեցիները ընդունում էին Հնգամատյանը, սակայն մերժում էին հրեական բանավոր ավանդությունը և մեծապես չէին արժևորում մարգարեների գրքերը։ Ի տարբերություն Փարիսեցիների, նրանք չէին ընդունում մեռելներից հարությունը, հոգու անմահությունը, հանդերձյալ կյանքի գոյությունը, դժոխքի և դրախտի առկայությունը, ըստ կատարած գործերի վարձատրությունն ու պատիժը: Սադուկեցիները կարծում էին, որ ամեն բան կախված է մարդու կամքից և գործողությունից։ Հիսուս Քրիստոսի ժամանակ նրանք լավ հարաբերությունների մեջ էին հռոմեական իշխանության հետ, որի շնորհիվ էլ նրանց արտոնված էր իշխանություն ունենալ տաճարում և հրեական ատյանի բարձրագույն խորհրդում։ Այս խմբավորումը դադարել է գոյություն ունենալուց 70թ. Երուսաղեմի կործանումից հետո։
Եթե մեկը չի հավատում մեռելների հարությանը, ապա նա իր հարցերը կարող է ուղղել միայն իր տրամաբանությունից ելնելով, այնպես, ինչպես սադուկեցիները ուղղեցին իրենց հարցը Հիսուսին՝ եղբայրների մահվան մասին: Անկարելի է հավատալ, որ Հիսուսի պատասխանը նրանց անմիտ հետաքրքրությունը բավարարեց, կամ գոհացրեց իրենց, որովհետև նրանք հարցը չէին տվել, պատասխանը ընդունելու համար, այլ մի տեսակ ծաղրական հարց էր դա և դարձյալ ծուղակ էին պատրաստել իրենց կարծիքով Հիսուսի համար: Զարմանալի է, որ ամեն անգամ իրենք նույն նենգ միտումով մոտենում են Տիրոջը՝ նրան ամբաստանելու համար և իրենք են ամոթով մնում և լուռ հեռանում: Սակայն հաջոր անգամ նորից են փորձում, քանի որ չէին հավատում, որ իրենց առջև կանգնած է Աստծո միածին Որդին, որը տեսնում է մարդկանց սրտերը, կարդում է նրանց մտածումները: Այդ էր պատճառը, որ Հիսուս շատ հաճախ հանդիմանում էր նրանց իրենց կեղծ վարքի համար, սակայն սիրով պատասխանում էր քանանացի կնոջը, որ անգիտությամբ, սակայն մաքուր սրտով էր հարցեր տալիս:
Տէր Հիսուս Քրիստոս շրջում էր իր աշակերտների հետ և նրանց սովորեցնում մարդկանց որսորդ դառնալու արվեստը: Ամեն անգամ զգուշացնում էր աշակերտներին, որ հեռու մնան փարիսեցիներից, օրենսգետներից, որոնք սիրում են ներկայանալի տեսքով շրջել մարդկանց մեջ և նրանցից փառք ստանալ, դիտմամբ երկարացնել աղոթքը, գովասանքի խոսքեր լսելու համար: Նախապատիվ աթոռներ փնտրող և հրապարակներում ողջույններ որսացող կեղծավորներ էին նրանք: Այսպիսիների համար Տէրը ասում է, որ «Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»: Այս նույն գլխի մեջ մենք հանդիպում ենք մի այլ տեսարանի, երբ տաճարում գանձանակի մեջ դրամ են գցում. որը կարծում եմ, մեզ էլ է ծանոթ մեր օրերում՝ ողորմություն կոչված առաքինություն անունով; Այս առաքինությունը միակն է իր տեսակի մեջ, որը բարձրագլուխ կանգնում է Տիրոջ առջև, եթե ըստ պատվիրանի է արված: Մեր օրերում էլ շատ մարդիկ դժգոհում են եկեղեցուն տասանորդ տրամադրելու հարցում: Բայց Ավետարանի այս հատվածը հստակ ցույց է տալիս, որ Հիսուս կանգնած էր, երբ մարդիկ դրամ էին գցում գանձանակի մեջ: Եթե անկարելի լիներ, ապա Հիսուս կարգելեր այդ երևույթը, ինչպես որ արգելեց տաճարի առևտուրը: Հակառակը, Նա գովեց այրի կնոջ գցած երկու լուման, որը նրա գրպանի համեմատ բավական մեծ ներդրում էր, իսկ հարուստները իրենց ավելցուկից էին գցում: Բոլորս էլ մեր հերթին ականատես ենք լինում ողորմության ամենատարբեր տեսակների: Բարձրախոսներով հայտարարվող, ի տես մարդկանց արվող և ակնկալիքով արված ողորմությունները: Սակայն մեր Տէր Հիսուս Քրիստոսի համար ընդունելի է այն ողորմությունը, երբ ձախ ձեռքը չի իմանում, թե ինչ տվեց աջ ձեռքը: Ասելիքը շատ է այս գլխում, բայց ձեզ չեմ ծանրաբեռնի, բավարարվենք այսքանով:
Աղոթենք միասին:
Գոհանում ենք Քեզնից, Տէր Աստված մեր, որ Քո երևելի լույսով զվարճացրիր Քո բոլոր արարածներին և Քո իմանալի լույսով լուսավորեցիր Քո պատվիրաններով բոլոր Քեզ հավատացողներին: Զորացրու նաև մեզ Տէր, պատվիրաններիդ պահպանության մեջ ցերեկ, թե գիշեր և ամեն ժամ, որպեսզի լուսավորվի մեր միտքը և հաճելի կյանք վարենք Քո առջև, ինչպես բոլոր սրբերը, Քո մարդասիրությամբ և շնորհով, մեր Տեր Հիսուս Քրիստոս Փրկիչ: Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 20.27-21.4
27 Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին. 28 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. “Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրն առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի”: 29 Արդ, եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ: 30 Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ: 31 Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ: Եւ ժառանգներ չթողեցին: 32 Մեռաւ եւ կինը: 33 Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»: 34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդի են գնում. 35 իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի են գնում, 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծոյ որդիներ, քանի որ յարութեան որդիներ են: 37 Իսկ որ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին. «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»: 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»: 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»: 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել:
41 Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի Որդին է. 42 քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. “Տէրն ասաց իմ Տիրոջը. նստի՛ր իմ աջ կողմում, 43 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ”: 44 Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 45 Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46 «Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47 որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները: Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»:
21 1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում: 2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ: 3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը: 4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»: