ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մեր առավոտը սկսենք դարձյալ հոգևոր վարժությամբ և ջանանք առողջ պահել մեր հոգին, որպեսզի մեր տկար մարմինը դիմակայի օրվա ծագած խնդիրների լուծմանը: Ինչպես մեր սիրելի Սբ. Գրիգոր Տաթևացին է ասում. «Զղջումը սրտում լինի, մեղան լեզվի վրա»: Ոչ թե վախենանք մեղք գործելուց, այլ գործելուց անմիջապես զղջանք ու ներողություն խնդրենք նույն պահին,
նույն օրը` այլևս չկրկնելու պայմանով: Երեկվա սխալը չգումարենք այսօրվան, ծանր կլինի չենք կարող տանել ու կհրաժարվենք տանելուց: Մենք պատգամ ունենք Աստծուց, խրատ`
մեր հայրերից և ամենօրյա հորդոր մեր հոգևորականներից, որ մարդը կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի:
Ուղղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները` կքում է ծանրությունից: Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները, այդժամ արդեն կոտրում է մեջքը: Մենք մեր առջև ամեն օր ունենք ապրելու միայն քսանչորս ժամ: Ապրենք այդ ժամերը մեզ հետ ունենալով միայն այն գործիքները, որոնք այսօր են պետք մեզ, ավելորդ ոչինչ չունենանք մեզ հետ:
Չէ որ ճամփորդության գնալիս վերցնում ենք միայն առաջին օգտագործման անհրաժեշտ իրերը: Չնայած մենք հանդիպել ենք նաև մարդկանց, ովքեր ճամփորդության ժամանակ իրենց հետ վերցրել են նաև շատ անկարևոր իրեր, և մեր աճքի առաջ ստիպված են եղել ողջ ուղևորության ժամանակ քարշ տալ այդ ծանրությունը: Նույնը մեր կյանքում է մեր մեքերը որպես բեռ կրելու հարցը: Թեթև ապրենք, որ կարողանանք հեշտությամբ հասնել ճամփաբաժանին.... որտեղ մեզ սպասում է մեզ մեր Տերը, որը տվեց մեզ ճիշտ ապրելու բանաձևը և սիրո կտակը:
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ և օրհնում ու փառավորում Քո սուրբ Անունը, որ
պահեցիր այս գիշեր Քո անարժան և մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից,
խաղաղությամբ հասցրեցիր առավոտյան ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: ԱՄԵՆ:
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 5.13-21
13 Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք եւ թէ հաւատում էք Աստծոյ Որդու անուանը: 14 Եւ այս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. 15 եւ քանի որ գիտենք, որ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից: 16 Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կշնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա մասին չեմ ասում, որ խնդրես: 17 Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է: 18 Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում: 19 Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է: 20 Եւ գիտենք, որ Աստծոյ Որդին եկաւ եւ մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ նա է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք: 21 Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք ձեզ կռապաշտութիւնից: