«Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»: Զաքարիայի մարգարեությունը 11.11
Չորեքշաբթի էր այն օրը երբ օձը խաբեց Եվային: Չորեքշաբթի էր նաև, երբ օձին փոխարինեց Հուդան.
Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է Բեթանիայում մեղավոր մի կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և նրա մատնության նենգ ծրագիրը Հուդայի կողմից:
Զատկից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա: Նա որոշեց ընթրել բորոտ Սիմոնի տանը: Երբ բոլորը նստած ընթրում էին, ներս մտավ մի կին` ձեռքին նարդոսի թանկարժեք յուղով լեցուն մի սրվակ: Հրեաների մեջ տարածված սովորություն կար. պատվարժան հյուրին օծում էին անուշահոտ յուղերով: Կինը մոտեցավ Հիսուսին և սրվակի յուղը լցրեց Հիսուսի գլխին։ Կնոջ արածը շատերը շռայլություն համարեցին: Աշակերտներից մեկը՝ Հուդան, ով մատնելու էր Հիսուսին, առաջ գալով ասաց. «Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեց երեք հարյուր արծաթով և չբաժանվեց աղքատներին»:
Հիսուսը լսեց և ասաց հավաքվածներին. «Իզուր եք բարկանում այս կնոջ վրա: Նա կամեցավ ինձ պատվել: Սա կատարվեց՝ ցույց տալու համար, որ շուտով պիտի թաղվեմ»:
Իսկ Հուդա Իսկարիովտացին գնաց հրեա քահանայապետերի մոտ և 30 արծաթե դրամի դիմաց մատնեց Հիսուսին: Այսիսկ պատճառով Ավագ չորեքշաբթին նաև Մատնության օր է անվանվում: Ծովի վրա քայլողին 30 արծաթով վաճառեցին: Տերերի Տիրոջը գնահատեցին 30 արծաթ: «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:
Երեկ արժանացանք տոնելու տասը կույսերի առակի հիշատակության օրը, իսկ այսօր կանգնած ենք չորեքշաբթի օրվան դեմ հանդիման: Եկեղեցու հայրերը մեզ հիշեցնում են, որ չորեքշաբթի էր օրը, երբ օձը խաբեց Եվային: Չորեքշաբթի էր օրը նաև, երբ օձին փոխարինեց Հուդան: Կտրուկ անդրադարձ անենք մեր կյանքին, մեր գործերով իմանալու համար, արդյոք մենք էլ մեկական Հուդա չե՞նք մեր կյանքում, երբ շրջանցում ենք մեր Տիրոջ խոսքը և կատարում ենք մեր սրտի ցանկությունը մեր շահի համար: Ապա ուրեմն՝ մեզնից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար։
Իսկ Իգնատիոս Անտիոքացին այսպես է ասում մեզ...
«Ով դաւանում է հաւատքը, չի մեղանչում, ո՛չ էլ ատում է նա, ով ունի սէրը: «Ծառն իր պտղից է ճանաչւում»: Նմանապէս նրանք, ովքեր հռչակում են, թէ Քրիստոսինն են, կը ճանաչուեն իրենց գործերից: Արդ, սա սոսկ խօսքերով դաւանելուն չի վերաբերւում, այլ տեսնելու՝ թէ տուեալ հոգին արդեօք ընդունա՞կ է անդրդուելի հաւատքի մէջ մնալու մինչեւ վերջ»:
Մենք էլ քննենք մեր հոգիները այսօր: Ավագ Շաբաթվա օրերին Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին իրադարձություններին վերաբերող եկեղեցական արարողություններին մասնակցելով, դաս քաղենք ամեն օրվա խորհրդից, քանզի դրանք ամեն տարի կրկնվում են մեզ տեղեկացնելու, սովորեցնելու և այդ կյանքով ապրելու համար: Ջանանք մեր գործերով երբեք չվաստակել «մատնիչ» անպատվաբեր անունը, այլ հետևենք մեղավոր կնոջ ապաշխարությանը, որը հավանության արժանացավ մեր Տիրոջ կողմից, ասելով` «Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:
Դու, որ աշխարհի ծածուկ բաները հայտնի ես դարձնում, ծածուկ տեղերում Քո հանդեպ դավադրություն է գործվում: Ներիր մեզ Տեր, ողորմիր մեղավորներիս: