Ինչո՞ւ է ապաշխարությունը համարվում Խորհուրդ.
Որովհետև ապաշխարողը մեղքերի համար թողություն է ստանում, նորոգվում է, վերականգնվում է, ներքին փոփոխություն և խաղաղություն է ստանում:
Ինչ նշանակում Խոստովանություն.
Խոստովանություն նշանակում է գործած հանցանքի կամ այլ սխալ արարքի հայտարարություն և զղջման արտահայտություն: Մեղքերը պետք է խոստովանել Աստծուն և թողություն խնդրել քահանայի միջոցով, որովհետև քահանան Աստծո ձեռնադրյալ և օծյալ պաշտոնյան է: Նա կարգված է հովիվ`միջնորդության և բարեխոսության աղոթք անելու իր ժողովրդի համար Աստծո Սուրբ սեղանի առջև: Նա իշխանություն ունի ապաշխարողներին մեղքերից արձակելու:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր առաքյալներին իշխանություն տվեց մարդկանց մեղքերը կապելու և արձակելու: Առաքյալներն էլ իրենց ստացած իշխանությունը ձեռնադրության միջոցով փոխանցեցին իրենց հաջորդող եպիսկոպոսներին և երեցներին: Սուրբ Եկեղեցու հովիվները Տիրոջ դեսպաններն են և Նրա փոխանորդությունն են կատարում այս աշխարհի վրա, հսկելով Աստծո հոտին: Այս մասին հստակ գրում է Մատթեոս Ավետարանիչը իր 18:18 մեջբերում.
Երբ մեղավորը քահանայի առջև Աստծուն խոստովանում է իր մեղքերը, և Աստծո ծառան արձակում է մեղավորին իր մեղքերից, ապաշխարության խորհուրդը կատարվում է, պայմանով, որ խոստովանողը անդրադառնա իր մեղքերին և սրտանց զղջալով թողություն խնդրի և հստակ որոշում կայացնի, որ այնուհետև պիտի զգուշանա մեղքեր գործելուց:
Հայ Եկեղեցու մեջ ինչպե՞ս է կատարվում խոստովանության արարողությունը:
Հայ Եկեղեցում մեջ ընդհանրապես խոստովանությունը կատարվում է հավաքական: Ապաշխարության և խոստովանության եկողները ծնկի են գալիս, իրենցից մեկը կարդում է , «Մեղա Ամենասուրբ Երրորդության» զղջումի աղոթքը, որի մեջ հիշված են կամա թե ակամա գործած բոլոր մեղքերը: Իսկ քահանան մեջ ընդ մեջ ասում է.«Աստված թողություն շնորհի»: Զղջումի աղոթքի վերջում քահանան «Ողորմեսցի Ձեզ մարդասերն Աստված և թողություն շնորհեսցե ամենայն հանցանաց ձերոց խոստովանեցելոցն և մոռացելոցն» աղոթքը արտասանելով ազատում է մեղքերից խոստովանողներին:
Ընդհանրական խոստովանությունից բացի, անհրաժեշտության դեպքում, ապաշխարության եկողները կարող են առանձին մոտենալ քահանային և խոստովանել իրենց մեղքերը և բարի խորհուրդներ ստանալ տվյալ մեղքի դեմ պայքարելու համար: :
Առանց քահանայի առջև խոստովանելու, տան մեջ ծնկի գալով աղոթել, խոստովանել, ապաշխարել և թողություն խնդրել ու ստանալ Աստծուց, հնարավոր չէ, որովհետև զղջացող մարդը, ով կամենում է վերականգնվել և հաստատվել իր աստվածային որդեգրության մեջ, պարտավոր է կատարել Սուրբ Եկեղեցու կանոններն ու օրենքները, որոնք հաստատեց մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով հիմնադիրն է Սուրբ Եկեղեցու:
Բոլոր խորհուրդները իրենց արտաքին ձևով կատարվում են քահանայի կամ եպիսկոպոսի միջոցով, սակայն շնորհաբաշխը Աստված է: Թեպետ քահանան մկրտում և դրոշմում է, սակայն մկրտյալին սրբացնողը և օծողը Սուրբ Հոգին է: Նույնպես և մնացած բոլոր խորհուրդները թեպետ կատարվում են քահանայի ձեռքով, բայց շնորհը տալիս է Աստված:Քանի որ մարդ արարածը մեղանչական բնություն ունի , հետևաբար ապաշխարությունը մի գործընթաց է որ կատարվում է հավատացյալ մարդու ողջ կյանքի ընթացքում:
Եվս մեկ կարևոր հանգամանք, որ հաճախ շահարկվում է հավատացյալների մոտ.
Նույնիսկ իրենց կոչումի մեջ թերացող քահանաների տված արձակումը ընդունելի է Աստծո առջև, որովհետև խորհրդակատար եկեղեցականը` արժանավոր կամ թերացող, միջնորդ է Աստծո և մարդու միջև: Եկեղեցու բոլոր խորհուրդները կատարվում են Սուրբ Երրորդության անունով և զորությամբ` ենթակաների հավատքի վրա: Խորհրդակատար եկեղեցականի անձը խնդրո առարկա չի կարող դառնալ խորհուրդների կատարման վավերականության վրա, որովհետև եկեղեցականի անձը չէ խորհուրդը կատարողը, այլ` մեր տեր Հիսուս Քրիստոս: Հետևաբար ապաշխարողը որևէ քահանայից երբ արձակում ստանա, Հիսուս Քրիստոսից ստացած կլինի այն, որովհետև քահանան Քրիստոսից ստանձնում և փոխանցում է ենթակային:
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: