ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Շաբաթ է այսօր, և մեր եկեղեցին պատվում է Սրբեր`
Հովհաննես Երուսաղեմացի հայրապետի և մեր հայրապետի Հովհաննես Օձնեցու և վարդապետներ Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու անմահ հիշատակը:
Հովհաննես և Գրիգոր անունը կրողներին շնորհավորում եմ, Տիրոջ հավատարիմ սրբերի բարեխոսությունն եմ հայցում նրանց քրիստոնեական կյանքի բարեպաշտության համար:
Մեր Պահքը
Հարմարավետությունը կուռք մի դարձրու քեզ համար:
Պատճառաբանությունները մի դարձրու ծուլության հետևանք:
Մի խոնարհվիր քեզ հաճելի քնին, հանգստին, ուտելուն ու հագնելուն:
Մարդկային հնարքներով Աստծուն գտնել չի լինի, աստվածային առաքինություն է պետք: Ինքը` մեր Հույս ու Լույս Հիսուս Քրիստոս քառասուն օր և գիշեր պահք պահեց և նախապատրաստվեց մարդկային ցեղի փրկության զոհաբերության սխրանքին: Դու ուզում ես առանց ջանքի հաջողությա՞ն հասնել քո մարդկային հնարքներով: Անօգուտ է: Նույնն է ինչ որ հարվածես քամուն:
Ստուգիր քեզ, թե ի՞նչի համար ես պահք պահում:
Այսինչ բարի գործը ինչի՞ համար ես անում:
Եկեղեցի ինչի՞ համար ես գնում.
Ամեն ինչի մեջ նպատակին նայիր. ո՞ւմն է փառքը, Աստոծո՞ւնն է թե՞ քոնը:
Դու պահք պահիր, ու մի սևեռվիր այն բանի վրա, թե ինչում հաջողեցիր և ինչում ձախողեցիր: Կարևորն այն է որ դու կամեցար ծանոթանալ պահքի կյանքի հետ: Այս պահքին չստացվեց, մյուս տոնի պահքին պահիր, կամ չորեքշաբթի և ուրբաթ պահիր: Թեկուզ տասը տարի տևի, դու ձգտիր դեպի կատարելություն, քո կյանքը դրա համար է, որ ընկնես ու վեր կենաս, ինչքան ձգտես դեպի Աստված այնքան կհեռանաս չարից:
Միայն սիրիր Աստծուն, ու անտարբեր մի եղիր քո կյանքում: Փորձիր տարիների ընթացքում հանել քո «աչքի գերանը», համոզվիր, թե դա ինչքան դժվար բան է, որպեսզի հեշտությամբ չմեղադրես ուրիշին, այլ սրտացավությամբ կարողանաս օգնել ընկերոջդ` հանել իր աչքի շյուղը: Այո ամեն ինչ դժվար է կյանքում, բայց ավելի դժվար չէ, քան Հիսուս Քրիստոսի խաչելությունը Գողգոթայի վրա: Դարձյալ արդյունքին նայիր, Իր Խաչելության արդյունքում այսօր դու ապրում ես և փրկության հույս ունես: Իսկ քո չարչարանքի արդյունքը թող լինի գոնե երախտագիտության քայլ քո սեփական փրկության համար...
Տես, թե ինչ է ասում Սուրբ Եփրեմը.
Դու ի՞նչ ես կրում այն ամենից, ինչ Քրիստոս կրեց քեզ համար.
աստվածային բարձունքներից խոնարհեցրեց Իրեն, մարդ եղավ և Իր պատվական արյունով գնեց քեզ:
Ով կերակուր է տալիս բոլոր մարմիններին, ծոմ պահեց քեզ համար:
Ով մեղրին քաղցրությունը տվեց, քեզ համար լեղի ճաշակեց:
Ով երկինքը պսակեց աստղերի բազմությամբ, քեզ համար փշերով պսակվեց և մահու չափ հնազանդվեց:
Արդ, այդ ամենին արժանի ի՞նչ կարող ենք հատուցել Նրան, Ով այս ամենը կրեց մեզ համար:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 4.1-11
1 Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծոյ ողորմութեամբ, չենք տկարանում. 2 այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծոյ խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծոյ առաջ: 3 Եւ եթէ մեր աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեան մատնուածների համար, 4 որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծոյ: 5 Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. 6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից: 7 Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ՝ մեզնից: 8 Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ՝ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ՝ յուսահատ, 9 հալածուած, բայց ոչ՝ լքուած, չարչարուած, բայց ոչ՝ մեռած: 10 Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11 քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ: