ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Հաստատիր տաճարիդ հիմքը ճշմարիտ դավանությամբ, ապա` պատերը վեր բարձրացրու:
«Ամբողջ պատերազմը, որ մղվում է մեր և դևերի միջև, հանգում է Սուրբ Երրորդության ընկալմանը և ճանաչմանը: Նրանք ջանում են մեզ խանգարել գիտություն ձեռք բերելու, իսկ մենք ջանում ենք սովորել»: Եվագր Պոնտացի
Հարկ է և պատշաճ, որ Քրիստոսին երկրպագողները և Սուրբ Երրորդության անունով մկրտվածները խոստովանեն համագո Երեք Անձնավորություններին՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ որպես Մի Բնություն, Մի Աստվածություն և Մի Իշխանություն՝ համապատիվ և զուգափառ: Որը ոչ թե ուրիշից ստեղծված կամ հետո սկսած, ոչ էլ ցածրությունից՝ բարձրության կամ տկարությունից զորության հասած, այլ բոլոր հավիտյաններից առաջ էր, այժմ է, և կլինի անվախճան հավիտյաններում: Անեղ և անմահ էություն է՝ բնությամբ աներևույթ, սակայն արարածների համար՝ երևացող, ամեն ինչ տեսնող և ամենքից անտես: Հայրն անսկիզբ է և անծին: Որդին ծնված է Հոր բնությունից, սակայն՝ անժամանակ, ոչ թե ըստ մարդկային ախտավոր ու անցավոր ծննդի, որը մտքով իսկ անցկացնելը հայհոյություն է, ուր մնաց թե՝ խոսքով բարբառելը: Այլ ինչպես լույսը լույսից է առաջանում, և կրակը՝ կրակից, և բաժանվելով չեն օտարանում միմյանցից, այլ մի են կրակի և լույսի, ծնածի և ծնողի ճառագայթն ու ջերմությունը, և երկուսի բնությունն էլ մի է, թեև անձով զանազանվում են իրարից:
Նույնպես էլ լույս Որդին լույս Հորից է առաջ եկել ծննդյամբ, և Որդու աստվածության կրակը Հոր աստվածության կրակից տարբեր չէ, այլ միևնույնն է բնությամբ:
Իսկ Որդու ծննդյան օրինակը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խոսքի ծնունդը մարդկային մտքից, թեև այս օրինակը ևս ամբողջությամբ չի համապատասխանում ճշմարտությանը: Այս պատճառով էլ ասվում է Բան՝ ծնունդի անապական լինելու համար, իսկ Որդի՝ քանզի Հոր բնությունից է և ոչ՝ նրանից օտար կամ արարած՝ ըստ Արիոսի հայհոյության:
Եվ անիմանալին իմանալու միակ միջոցը ոչ թե անքննելին քննելն է, այլ՝ հավատալը Սուրբ Գրքում ասվածներին, որոնք հաստատում են, որ աստվածային ծնունդն անհասանելի է մտքին և խոսքով՝ անճառելի: Նույնպես և Սուրբ Հոգին, ասվում է, բխում է Հորից և փառակից է Որդուն, կատարյալ Աստված, ինչպես Հայրը և Որդին: Երեք Անձնավորությունները մի կամք ունեն, մի զորություն և մի արարչություն: Հայրը կամեցավ ստեղծել երևելի և աներևույթ արարածները, Որդին անգոյից գոյացրեց, և Սուրբ Հոգին նրանց իմաստությամբ զարդարեց:
Եվ նույն Ինքը Աստծո Բանն է, որ մարդուն Իր պատկերով ստեղծեց և հանցանքից հետո երևաց նրան և բոլոր առաջին արդարներին՝ Նոյին և Աբրահամին, Իսահակին և Հակոբին, Հոբին և Մովսեսին, Ահարոնին, Հեսուին և այլ մարգարեների, և խոսեց նրանց հետ, վերջին ժամանակներում Գաբրիել հրեշտակապետի ավետիսով իջավ Կույս Մարիամի որովայնը և նրա բնությունից մարմին, հոգի և միտք առնելով՝ նոր և անճառելի միավորությամբ Իր Աստվածությանը միացրեց և մանուկի պես ինն ամիս որովայնի մեջ աճելով՝ ծնվեց որպես կատարյալ Աստված և Մարդ՝ անշփոթ էությամբ և անբաժանելի միավորությամբ, մի Քրիստոս և մի անձնավորություն՝ միացյալ երկու բնությունից: Կաթնասուն եղավ որպես մարդ և հրեշտակներից փառավորվեց որպես Աստված: Ամեն ինչի կատարիչն աշխարհի վրա շրջեց երեսուն տարի, մինչև մարդկային կատարյալ հասակին հասնելը, որպես մարդ
մկրտվեց ծառայից և Հորից ու Սուրբ Հոգուց վկայվեց որպես Բարձրյալի Որդի: Որպես մարդ փորձվեց սատանայից և որպես Աստված հաղթեց փորձողին: Քաղցեց, ծարավեց, ննջեց, արտասվեց և հոգնեց որպես մարդ՝ մարմնի օրենքներին ենթարկվելով: Կատարեց նշաններ ու հրաշքներ և ցույց տվեց աստվածային զորությունը՝ որպես կատարյալ Աստված: Կամովին չարչարվելով եկավ, և անչարչարելին մեր չարչարելի բնությամբ չարչարվեց Խաչի վրա, մահվանն անպարտականը մեռավ մեր մահկանացու մարմնով՝ կենդանացնելու մեր մեղքերով մեռած բնությունը: Աստվածությանը միացած մարդկային Իր հոգով գերեզման իջավ և կրկնակի ավերեց դժոխքը՝ դժոխքում գտնվողներին ազատություն շնորհելով, իսկ աստվածային մարմնի հարությամբ՝ մեր մահկանացու բնությանը տալով մահվան ապականությունից հարություն առնելու հույսը: Երրորդ օրը իշխանաբար հարություն առավ մեռելներից և երևաց Իր աշակերտներից տասներկուսին, յոթանասունին, հինգ հարյուրին և շատերին, որոնք Իր վկաներն ու քարոզողներն եղան աշխարհում: Եվ քառասուն օրերի ընթացքում երևալով խոսում էր նրանց հետ: Եվ քառասուներորդ օրը երկինք բարձրացավ և բարձունքներում մեր բնությամբ նստեց Հոր աջ կողմը, որից անբաժանելի էր Իր Աստվածությամբ և պիտի գա նույն մարմնով, Հոր և Իր Աստվածության փառքով՝ մեռելներին հարություն տալու և աշխարհը արդարությամբ դատելու համար՝ բարեգործներին տալով բարիքների ժառանգություն և անվախճան թագավորություն, իսկ չարագործներին՝ իրենց գործածի համեմատ հավիտենական ամոթը և տանջանքը: Եվ արդ, հավատքի այս ճշմարիտ դավանությունը մեր միջի աստվածային տաճարի հիմքն է: Իսկ բարի գործերը հիմքի վրա բարձրացած շինվածքն են, ինչպես որ Տերը Պետրոսի դավանությունը հաստատեց որպես վեմ՝ Իր Եկեղեցու իմանալի հիմք և Իրեն՝ որպես շինողի և բոլոր ազգերից Իր ընտրյալների կատարած բարեգործությունները՝ որպես շինանյութ՝ քարի, փայտի և այլ պետքերի փոխարեն:
Սբ. Ներսես Շնորհալի
(Բ) Թուղթ Ընդհանրական
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 3.14-4.13
14 Ահա թէ ինչու ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ, 15 որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ երկնքում եւ երկրի վրայ, 16 որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս. 17 այնպէս որ, ձեր հաւատի միջոցով Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք. 18 եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ինչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, 19 այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծոյ լրիւ ամբողջութեամբ: 20 Ուրեմն, նրան, որ կարող է աւելին անել՝ առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ, 21 նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Յիսուսով, բոլոր ժամանակներում, յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
4 1 Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկուածս, որ ընթանաք այնպէս, ինչպէս վայել է այն կոչմանը, որին կոչուեցիք. 2 կատարեալ խոնարհութեամբ, հեզութեամբ եւ համբերութեամբ հանդուրժեցէ՛ք միմեանց սիրով, 3 ջանացէ՛ք պահել հոգու միութիւնը խաղաղութեան կապով. 4 մէկ մարմին եւ մէկ հոգի, ինչպէս որ մէկ է ձեր յոյսը, որին Աստուած կոչեց մեզ: 5 Մէկ Տէր կայ, մէկ հաւատ, մէկ մկրտութիւն, 6 մէկ Աստուած՝ Հայր բոլորի, որ է բոլորի վրայ, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ: 7 Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ՝ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. 8 դրա համար էլ ասում է. «Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց պարգեւներ տուեց»: 9 «Ելաւ»-ն ի՞նչ է, եթէ ոչ՝ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը: 10 Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը: 11 Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ 12 հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ ի շինութիւն Քրիստոսի մարմնի, 13 մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծոյ Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը: