Ինչպես որ սերմնացանները ոչ մի օգուտ չեն ստանում այն բանից, որ սերմը գցում են ճանապարհի վրա, այնպես էլ մենք ոչ մի օգուտ չենք ստանա այն բանից, որ կոչվում ենք քրիստոնյա և չենք արդարացնում այդ կոչումը համապատասխան գործերով: Եթե ցանկանում եք, կարող եմ ձեզ ներկայացնել վկայի՝ Տիրոջ եղբայր Հակոբոսի վկայությունը, որն ասում է. «Հավատքը առանց գործի
Եվ այսպես պետք է անձը ամեն օր վարժեցնել բարի գործերի մեջ, առանց որի միայն քրիստոնյայի անունը ոչ մի օգուտ մեզ չի տա: Եվ մի զարմացեք: Ասացեք խնդրեմ, ի՞նչ օգուտ զինվորին այն բանից, որ նա՝ գտնվելով զինվորական ծառայության մեջ, իր վարքով չի համապատասխանում իր կոչմանը և բանակում ապրելով թագավորի հաշվին, չի մարտնչում հանուն թագավորի:
Միգուցե ծանր է իմ խոսքը, բայց լավ կլիներ, եթե այդպիսինը ընդհանրապես չմտներ զինվորական ծառայության մեջ, քան թե մտնելով՝ անհոգ գտնվեր թագավորական պատվի հանդեպ: Ինչպես կարող է խուսափել պատժից նա, ով ապրելով թագավորի հաշվին, չի ուզում պատերազմել նրա համար:
Դե, ի՞նչ եմ ասում ձեզ՝ հանուն թագավորի գոնե մեր սեփական հոգիների համար հոգ տանենք: Եվ հիմա կհարցնես, թե ապրելով աշխարհում, բազում հոգսերի մեջ, կարո՞ղ եմ արդյոք պատերազմել, հոգ տանել և փրկվել: Ի՞նչ ես ասում, ո՜վ մարդ, ուզո՞ւմ ես քեզ համառոտ ցույց տամ, որ ոչ թե տեղն է փրկում, այլ ապրելակերպը և հոժարակամությունը:
Ադամը դրախտում այնպես էր, ինչպես նավը խաղաղ նավահանգստում, բայց նավաբեկության ենթարկվեց, իսկ Ղովտը՝ ապրելով սոդոմացիների մեջ, ինչպես որ ալեկոծ ծովում, փրկվեց: Հոբը արժանացավ արդարացման, լինելով հալածանքների մեջ, իսկ Սավուղը՝ կենալով պալատներում, զրկվեց թե՛ այս և թե գալիք թագավորությունից: Խոսքերով արդարանալ չի լինի, ասելով թե. «չեմ կարող
ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ և փրկվել»:
Իսկ գիտե՞ք, թե որտեղից է առաջանում նման ինքնաարդարացումը. սա նրանից է, որ դուք հաճախակի չեք գալիս, մի մասդ՝ աղոթքի, մյուսներդ՝ աստվածային Սուրբ Պատարագին:
Մի՞թե չեք տեսնում, թե ինչպես են ջանում նրանք, որոնք երկրավոր թագավորից ուզում են արժանանալ մեծարանքի և ինչպես են փնտրում թագավորի մոտ իրենց համար բարեխոսներ, որպեսզի չզրկվեն այն բանից, որին համառորեն ձգտում են: Սա ասվում է նրանց համար, ովքեր սրբազան հավաքներն անտեսելով, խորհրդավոր ընթրիքի ահավոր պահին տրվում են զրույցների և դատարկախոսության:
Ի՞նչ ես անում դու, ով մարդ, չլսեցի՞ր սուրբ բեմից եկող ձայնը, թե. «Դռները, դռները ծածկեցեք ամենայն իմաստնությամբ և զգուշությամբ: Ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք աստվածային երկյուղով»: Իսկ դու բոլորի հետ միասին չասեցիր, թե. «Մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենակալ Աստված»: Դու վախ չես զգում, չես ամաչում հանկարծ ստախոս դուրս գալ ամենաահավոր պահին: Զարմանալի է երբ պատրաստված է խորհրդավոր ընթրիքը, երբ մորթվում է Աստծո Գառը, երբ քեզ համար ջանում է քահանան, երբ հոգևոր կրակը դուրս է ճառագում ամենասուրբ ընթրիքից, ներկայացել են քերովբեները, թռչում են սերովբեները, վեցթևյանները ծածկում են իրենց դեմքերը, բոլոր անմարմին զորությունները խնդրում են քեզ համար Պատարագիչ քահանայի հետ
միասին, հոգևոր հուրը իջնում է երկնքից, ամենասուրբ կողից լցվում է սկիհի մեջ արյունը քո քավության համար, և դու չե՞ս վախենում ու չե՞ս ամաչում այս ահավոր պահին որպես ստախոս երևալ (քանի որ խոստումը ոչ թե լեզվով, այլ գործով է ապացուցվում):
Շաբաթվա հարյուր վաթսունութ ժամից ընդամենը երկու ժամ է Աստված առանձնացրել Իր համար, մի՞թե այդ ժամն էլ դու պիտի վատնես կենցաղային հարցերի, ծիծաղի և շատախոսության վրա:
Եվ ինչ համարձակությամբ այս ամենից հետո պիտի մոտենաս Սուրբ Հաղորդությանը նման ապականված խղճմտանքով: Մի՞թե դու կարկատած հնոտիներով կհամարձակվեիր մոտենալ և կպչել երկրավոր թագավորի հանդերձի եզրին, իհարկե ոչ, ոչ մի դեպքում: (Իսկ որքան առավել պետք է երկյուղել այս պարագային): Եվ մի կարծիր, թե սա սովորական հաց է և մի մտածիր, թե ուղղակի գինի է, իմացիր որ
նրանք մնացած այլ կերակուրների նման մարդուց դուրս չեն ելնում:
Եվ այսպես, ջանա ապաշխարությամբ և ուղղվելով պատրաստվել հոգեվարքիդ ահավոր պահին, երբ մոտենա մահը, որովհետև միայն այստեղ երկրի վրա է, որ ապաշխարությունը ուժ ունի, իսկ դժոխքում այն արդեն ուժը կորցնում է: Աղաղակենք առ Աստված, քանի դեռ ժամանակ ունենք: Բարիք անենք, որպեսզի ազատվենք գալիք անվախճան գեհենից և արժանանանք Երկնքի Արքայությանը շնորհով և մարդասիրությամբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, որին փառք, իշխանություն, հավիտյանս հավիտենից. Ամեն: