Մարդկանցից շատերը սիրեցին երկիրը և այն ամեն ապականացում` ինչ որ կա նրանում: Նրանց միտքը միշտ գամված է ապականվելուն և, համարյա նմանվելով անասուններին, նրանք բտում են իրենց մարմինը կերակուրներով կարծես թե իրենց այս ունայն կյանքն անվախճան է: Ի՞նչ ես անում դու, ով մարդ, անցկացնելով կյանքդ անասունի պես: Աստված քեզ ստեղծել է բանական, գիտակից, մի նմանեցրու ինքդ քեզ քո անմտությամբ անգիտակից կենդանիներին:
Սթափվիր գոնե ինչ որ չափով, ուշքի եկ և որպես բանական, իմացիր, որ քեզ համար երկնքից եկավ ամենակարող Աստված, որպեսզի երկրից վեր հանի քեզ երկիր: Դու կանգնած ես երկնավոր Փեսայի հարսանիքին, ինչո՞ւ ես այսպես անհոգ, ինչի՞ համար ես դանդաղում: Ասա ինձ, ինչպե՞ս պիտի ներկայանաս հարսանիքին՝ չունենալով քեզ հետ հարսանյաց հանդեսի թանկարժեք և պատշաճ զգեստ: Դու չունես լապտեր, ուրեմն, ինչպե՞ս պիտի մտնես: Մի՞ թե անփութությամբ ես ուզում ներս մտնել: Նույն րոպեին կլսես զարհուրելի խոսքերը. «Ընկեր, ինչպե՞ս մտար հարսանյաց հանդեսին՝ չունենալով հարսանյաց հանդերձ» (Մատթ. 22:12)՝ պատշաճ Իմ թագավորությանը, մի՞թե դու քամահրանքով մտար, որպեսզի քո մերկությամբ վիրավորանք հասցնես Իմ հրավիրյալներին: Եվ կկարգադրի Թագավորն Իր ծառաներին. «Կապեք այդ տարաբախտի ձեռքերը և ոտքերը և գցեք նրան հրաբորբոք հնոցը, որպեսզի տանջվի հավիտյանս հավիտենից: Քանի որ Ես Ինքս դարեր առաջ եկա և բոլորին կանչեցի հարսանիքի, իսկ սա արհամարհեց Իմ կանչը և իր համար հարսանյաց հանդեսներ չպատրաստեց, դրա համար էլ հանձնարարում եմ ձեզ պատժել այդ դժբախտին այն բանի համար, որ արհամարհեց Իմ թագավորությունը»: Մի՞թե չես վախենում այս ամենից, չես դողում, ով մարդ, չէ՞ որ մոտ է ժամանակը, և կհայտնվի Փեսան Իր փառքով: Չգիտե՞ս, արդյոք, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, և երկնային փողը սպասում է ազդանշանի: Եվ ի՞նչ պիտի անես այն ժամին, եթե այժմ չպատրաստես աստվածահաճո գործեր: Չէ՞ որ Աստված սիրաշահում է միայն արժանիներին:
Կհնչի երկնքից երկնային փողը և կասի՝ արթնացեք, Քրիստոսի սիրելիներ, ահա եկավ երկնային Թագավորը՝ տալու ձեզ հանգիստ և հավիտենական ուրախություն՝ առաքինի գործերում ձեր ցուցաբերած ջանասիրության համար: Արթնացեք, տեսեք Քրիստոս Թագավորին, անմահ Փեսային, Որին սիրեցիք: Քանի որ սիրելով Նրան, դարձաք պանդուխտներ այս երկրի վրա: Արթնացեք, տեսեք Նրա թագավորությունը, որը պատրաստել է ձեզ համար: Արթնացեք և տեսեք ցանկալի Քրիստոսին: Արթնացեք և խաղաղ ու անհոգ նայեք Տիրոջը, Որին դուք սիրեցիք, հանուն Որի համբերեցիք վշտերին, որի համար և աշխատեցիք: Եկեք այժմ մեծ խիզախությամբ նայենք Նրան, Ցանկալիին և ուրախանանք նրա հետ անճառելի ուրախությամբ. «Եվ ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի վերցնի» (Հովհ.12:22): Եկեք և վայելեք բարիքներ. «Որոնց ոչ աչքն է տեսել, ոչ ականջը լսել և ոչ սիրտն ընկել» (Ա Կորնթ. 2:9), նաև վայելքներ, որ շնորհում է ձեզ Ինքը Ցանկալին, քանի որ պիտի հափշտակվեն սրբերը լուսեղեն ամպերով՝ Նրան ընդառաջ: Կճախրեն արդարները և Աստծուն արժանիները, օդի մեջ բարձունքներում անպատմելի փառքի մեջ, որպեսզի տեսնեն երկնավոր անմահ Փեսային:
Ո՞վ այն ժամին կարժանանա՝ հափշտակության ամպերով և մեծ ուրախությամբ Քրիստոսին ընդառաջ: Բոլոր արժանիները կհափշտակվեն փառքով, իսկ բոլոր անօրենները կմնան ներքևում՝ մեծ ամոթով: Երանություններ և ուրախություն այստեղ՝ ջանասերներին,պատիժ և ամոթ՝ բոլոր մեղավորներին, երանելի է նա, ով այստեղ աշխատեց այն ժամի համար արժանի մեկը լինելու:
Խղճալի է նա, ով իրեն անարժան դարձրեց այն ժամի համար: Ամպը կվերցնի բոլոր սրբերին երկրից դեպի երկինք: Մեղսագործներին կհափշտակեն, որպեսզի նետեն նրանց հնոցը, որն այրվում է անշեջ հրով: Ո՞վ իր գլխին կտա հորդառատ ջրեր և աչքերին՝ աղբյուրներ, որոնք մշտապես և անդադար հեղեին արցունքներ, որպեսզի լա այն օրվա համար, օր ու գիշեր աղաչելով Աստծուն, որպեսզի այն օրը Իր հայտնության պահին անարժան չհամարվի, և չլինի թե լսի Տիրակալից զարհուրելի այն դատավճիռը.
«Հեռացեք ինձանից, գործող անօրենությունների: Չգիտեմ, թե որտեղից եք դուք»: Ամենամեծն Աստված, միայն անմահ, արժանի արա այն ժամին Քո մեծ առատաձեռնությանը, որպեսզի իմ գաղտնի անմաքրությունները չբացվեն տեսնողների առջև, Հրեշտակների, Հրեշտակապետների, Մարգարեների, Առաքյալների, արդարների և սրբերի առջև: Փրկիր մեղավորին շնորհովդ և առատաձեռնությամբդ և
արժանացրու նրան փափկության դրախտին՝ կատարյալ արդարների հետ: Ընդունիր, ո՜վ Ամենակալ, խնդրանքները քո ծառայի,աղոթքներով բոլոր այն սուրբերի, որոնք հաճեցրին քեզ: Փառք Քրիստոսին: Ամեն:
Սուրբ Հայր` Եփրեմ Ասորու քարոզը ապաշխարության վերաբերյալ.