Ընտրությունը երկու տարբերակի միջև է.
Ձուկը ապրում է ջրում և չի գնահատում ջուրը.
Մարդը շնչում է օդը և չի գնահատում այն:
Աստված ամենուր է, և այնքան շատ է, որ մարդը չի տեսնում, ինչպես չի տեսնում օդը, ինչի բացակայությունից շնչահեղձ է լինում: Սա մեր ամենօրյա կյանքն է, որը խիստ շտկման կարիք ունի:
Պարզ օրինակով կարող ենք համոզվել:
Եթե բանկի վճարի օրը գար և դուք լսեիք, որ մեկը վճարել է ձեր փոխարեն, սա բարի լուր կլինե՞ր ձեզ համար. անշուշտ կասեք այո: Եթե տարեվերջին ուսանողը իմանա, որ իր վարձը մեկն արդեն վճարել է, սա բարի լուր կլինե՞ր նրա համար, հավանաբար այո: Պատկերացրեք, որ տանում եք կոմունալ վարձերը վճարելու, և տեսնում եք, որ ձեր դիմաց պարտք չկա, որովհետև մեկը կամեցել է ձեր հոգսը թեթևացնի և վճարել է ձեր փոխարեն, վստահ եմ, որ կուրախանաք: Դուք գնացել եք աշխատավարձ ստանալու և ձեզ հայտնում են, որ հավելյալ աշխատավարձ ունեք ստանալու` ձեր ստացածից ավելին, սա ևս ուրախալի լուր է, նաև օգտակար: Մեր ականջը սիրում է բարի լուր լսել, և դա նորմալ է, դրանից մարդը խաղաղ է լինում համենայդեպս:
Պատկերացրեք, որ կա նաև հակառակը, երբ այսքան դրական երևույթները դառնան բացասական և` գա բանկի կամ ուսման, կամ կոմունալի վճարի օրը և դուք գումար չունենաք վճարելու, կամ սպասում եք աշխատավարձին և ձեզ ասում են որ չենք կարող վճարել ձեզ, որովհետև ձեր աշխատանքը բավարար չենք գնահատել: Սրանք էլ բացասական լուրերն են որոնց ժամանակ մարդը փաստի առջև է կանգնում և անելիքը չգիտի: Սրանք բարի, բայց չնչին լուրեր են, որոնք մեզ ուրախացնում, կամ տխրեցնում են ժամանակավորապես:
Բայց կա մի բարի լուր, որի մասին միայն մի տեղում է գրված և այդ ուրախ լուրը հասնում է նրան, ով կարդում է այդ Սուրբ Գիրքը: Այդ գիրքը կոչվում է Ավետարան, որը թարգմանվում է ավետել բարի լուրի մասին: Երբ կարդում ենք Ավետարանը, այնտեղ գրաված է մի սքանչելի լուր, որը վերաբերում է մեր հավիտենական կյանքին: Մենք կարդում ենք, որ Աշխարհի Արդարը, Բարին և Անարատը մարել է մեր բոլոր պարտքերը իր կյանքով: Ընդ որում սոսկալի չարչարանքների միջոցով: Բավական չէ մարել է մեր պարտքերը, մեզ խոստացել է հավելյալ կյանք այս կյանքից բացի` մահից հետո: Այս բոլորը խոստացել է պայմանով, որ մենք այլևս անիմաստ <<պարտքեր>> չկուտակենք մեզ վրա, որ մեր մեղքերն են: Միթե աշխարհում կա ավելի լավ ու շահեկան լուր, քան այն, որ բացենք, կարդանք, տեղեկանանք, զգուշանանք, վայելենք և պարգևատրվենք: Այդ լուրերը քո ձեռքի տակ է ամեն ժամ, բայց քո ականջը անվերջ փնտրում է մի ուրիշ լուր, որը քեզ կուրախացնի այս պահին, աչքիդ տեսանելի ձևով, ականջիդ հաճելի ձևով, մարմնիդ զգալի կերպով: Իսկ Աստված ասում է. <<Ես եկա, որ կյանք ունենաք և առավել ես ունենաք>>: Եթե առաջարկած հավիտենականը չենք ուզում, ուրեմն բավարարվենք ժամանակավորով և չտրտնջանք եղածից: Ցավոք այս երկու տարբերակն է մարդկությանը բաժի ընկել: Իսկ մենք միշտ ընտրում ենք վատագույնը: