Մարդը ոչինչ չի կարող անել առանց Աստծու օգնության
Կան իրողություններ, որոնք վեր են մեր իմացությունից. դրանք չափազանց մեծ են և անըմբռնելի մեր մտքի տկարության և սահմանափակության պատճառով: Միայն Աստծու բազմազան և միաժամանակ անսահմանափակ շնորհը, որը, ըստ նրա ծրագրի, գալիս հասնում է մեզ Քրիստոսի միջնորդությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ, թույլ է տալիս մեզ դրանք ըմբռնել: Հիրավի, մարդու համար անհնար է հասնել այն Իմաստությանը, որն ստեղծել է ամեն ինչ, (որովհետև, ըստ Դավթի, Աստված ամեն բան ստեղծել է իմաստությամբ (Սաղմ. 104:24): Անկարելին կարելի է դառնում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, «որը մեզ համար եղավ Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն»: Արդարև, ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու ծրագիրը: Ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ի՛նչ է կամենում Տերը: Մարդկանց մտածումներն անստույգ են, իսկ ծրագրերն`անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, Իսկ հողեղեն այս վրանը ծանրացնում միտքը բազում
հոգսերով: Դժվարությամբ ենք հասկանում, ինչ որ տեղի է ունենում երկրի վրա, Իսկ ո՞վ կարող է քննել այն, ինչ գտնվում է երկնքում: (Իմաստ., 9:13 -16):
Ո՞վ կկարողանա ժխտել, որ մարդու համար անհնար է զննել երկինքը: Բայց անկարելին կարելի է դառնում Աստծու անչափելի շնորհով: Նա, ով հափշտակվեց մինչև երրորդ երկինք, անկասկած հետազոտեց երկնային այդ երեք ոլորտները, քանի որ նա լսեց այնպիսի «անպատում խոսքեր, որ մարդուն արտոնված չէ դրանք կրկնել (Բ Կորնթ.12:4):
Ո՞վ կհամարձակվի ասել, թե մարդը կարող է թափանցել Աստծու ծրագրերի մեջ: Եվ սակայն Աստված այդ կարողությունը մեզ շնորհում է Քրիստոսով` Տիրոջ կամքով: Փրկիչը չի կամենում միայն մարդկանց ուսուցիչը լինել, այլ նաև դառնալ բարեկամը նրանց, որոնց Տերն էր նախապես: Նկատի ունենանք, որ «ոչ ոք չգիտե, թե ի՛նչ կա մարդու մեջ, եթե ոչ` մարդու հոգին, որ նրա մեջ է: Նույնպես ոչ ոք չգիտե, թե ի՛նչ կա Աստծու մեջ, եթե ոչ` Աստծու Հոգին (Ա Կորնթ.2:11):
Ուրեմն, եթե ոչ ոք չգիտե Աստծուն բացի Աստծու Հոգուց, ապա մարդու համար անհնար է գիտենալ, թե ի՛նչ են Աստծու խորհուրդները: Մտածի՛ր, թե դա ինչպե՛ս կարող է դառնալ իրագործելի: «Ինչ վերաբերում է մեզ, - ասում է Առաքյալը, - մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ գալիս է Աստծուց, որպեսզի ճանաչենք այն շնորհները, որ Աստված տվեց մեզ: Եվ մենք
այդ մասին խոսում ենք մի լեզվով, որ մարդկային իմացությունից չէ, այլ մեզ ուսուցված է Հոգուց»:
Միգուցե ինքներդ հարցնեք ձեզ, թե ինչո՛ւ, առաջադրելով ձեզ հետ խոսել աղոթքի մասին, այս ներածականում սկսում եմ հիշեցնել ձեզ, որ այն, ինչ անկարելի է մարդուս համար, դառնում է կարելի Աստծու շնորհով: Ինձ թվում է, որ մեր տկար անձի համար անկարելի համարվող առաջադրանքներից մեկն է բանիմացությամբ խոսել և հստակորեն ցույց տալ, թե ինչո՛ւ և ինչպե՛ս պետք է
աղոթել, թե աղոթքի մեջ ինչ է հարմար ասել Աստծուն, և որո՛նք են նպաստավոր պայմաններն աղոթքի համար:
Առաքյալն ինքը, վախենալով, որ իր հայտնությունների մեծությունը կարող է ավելի բարձր համարում առաջ բերել իր մասին, քան ինչ որ տեսնում են իր մեջ կամ լսում իրենից, չէր վարանում հայտարարել, որ ինքը չգիտեր, թե ինչպե՛ս պետք է աղոթել (Բ. Կորնթ., 12:6): «Մենք աղոթում ենք, - ասում է նա - և չգիտենք, թե ինչպե՛ս արժան է աղոթել» (Հռոմ., 8:26): Արդարև, բավական չէ աղոթելը, պետք է աղոթենք «ինչպես արժան է աղոթել», և խնդրենք, ինչ որ պետք է մեզ: Գիտենալով հանդերձ, թե ի՛նչ պետք է խնդրենք, միշտ մեզ պակասում է էական մի տարր, այլապես
մենք չենք աղոթում ինչպես պետք է:
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ` ՈՐՈԳԻՆԵՍ