Անհնազանդության և տրտնջանքի մասին, որ չունի խոնարհ մարդը:
Երանի՜ նրան, ով ճշմարիտ և անկեղծ խոնարհություն է ձեռք բերել, քանզի այդպիսի մարդը մեր բարեգութ Ուսուցչի հետևորդն է, Ով խոնարհ եղավ մինչեւ մահ (Փիլիպ. 2, 8): Այսպիսով՝ արդարև երանի՜ նրան, ում մեջ խոնարհություն կա, քանզի Աստծո հետևորդը լինելով՝ դառնում է նրա համաժառանգորդը:
Ում մեջ խոնարհություն կա, նա ամենքի հետ սիրով է միաբանված: Ում մեջ խոնարհություն կա, նա մեծ ստացվածք, մեծ հարստություն է ձեռք բերում: Խոնարհն ամենքի համար ցանկալի է, բոլորը նրան գովում և փառաբանում են: Խոնարհը շուտ է վեր բարձրանում, շուտ է հաջողությունների հասնում: Խոնարհին հրամայում են, և նա չի հակաճառում: Նա պատրաստ է ցանկացած բարի գործի:
Նա շուտ չի բռնկվում: Եթե կշտամբանք է լսում, չի շփոթվում, վիրավորանքներից չի բորբոքվում, վշտերի մեջ բերկրում է, տրտմության մեջ շնորհակալ է լինում:
Նա տեղից տեղ չի փոխադրվում, կացարանից կացարան չի անցնում: Դիտողությունները նրան չեն վախեցնում, մնում է այնտեղ, որտեղ կանչված է, և վհատության մեջ չի ընկնում: Հորը չի նվաստացնում և եղբորը չի անարգում, վանքում մնալուց չի խուսափում:
Չի սիրում հանգստի տրվել, չի հմայվում այլևայլ վայրերի գեղեցկությամբ, տարվա եղանակներից վայելք չի քաղում, այլ, ըստ սուրբ առաքյալի խոսքի, յուրաքանչյուր ոք, ինչ կոչման մեջ որ էր, թող նրանում էլ մնա (Ա Կորնթ. 7, 20): Այսպիսով՝ հիրավի բազում են խոնարհության պտուղները, ուրեմն երանելի է նա, ով ձեռք է բերել այն:
Անհնազանդության և տրտնջանքի մասին
Անեծքի արժանի և խղճուկ է նա, ով խոնարհություն ձեռք չի բերել, այլ անձնատուր է լինում տրտնջանքի: Քանզի տրտունջը վանքում`մեծ խոց է, գայթակղություն՝ հանրության համար, այն արմատախիլ է անում սերը, կազմալուծում է միաբանությունը, խռովում խաղաղությունը: Երբ տրտնջացողին հրաման են տալիս, հակաճառում է, գործի պիտանի չէ, այդպիսի մարդու մեջ նույնիսկ բարի տրամադրվածություն չկա, քանզի նա ծույլ է, իսկ ծուլությունը տրտունջից անբաժան է: Ուստի ծույլ մարդը, ով խուսափում է ուսումից, պիտի ընկնի չարիքի մեջ, – ասում է Սուրբ Գիրքը (Առակ. 17, 16): Երբ ծույլ մարդուն մի տեղ են ուղարկում, նա պատճառ է բռնում. Ճամփին առյուծ կա, փողոցների մատույցներում` մարդասպաններ (Առակ. 22,13):
Տրտնջացողը միշտ մի պատրվակ կգտնի գործից խուսափելու: Եթե նրան հրամայված է գործ անել, նա տրտնջում է, իսկ շուտով այլասերում է նաև ուրիշների. «Եվ սա ինչի՞ համար է, – ասում է, և օգուտ չկա այս գործից»: Երբ նրան ինչ-որ տեղ են ուղարկում, պատկերացնում է, թե այդ ճամփորդությունից իրեն մեծ վնաս կգա:
Երբ արթնացնում են նրան սաղմոսերգության համար, դժգոհում է: Եթե արթնացնում են հսկումի համար, փորացավի կամ գլխացավի պատրվակով հրաժարվում է: Եթե նրան խրատում են, պատասխանում է. «Ինքդ քեզ ուսուցանի՛ր, իսկ իմ մասին մի՛ դատիր, թե ինչպես է Աստծուն հաճո»: Եթե նրան ինչ-որ բան ես սովորեցնում, ասում է. «Լավ կլիներ դու դա այնպես իմանայիր, ինչպես ես գիտեմ»:
Նա երբեք որևէ գործ մենակ չի անի, մինչև որ մեկ ուրիշին էլ մասնակից չդարձնի:
Տրտնջացողի ոչ մի գործ խրախուսանքի արժանի չէ. քանզի, և՛ անպիտո է, և՛ հեռու ամենայն առաքինությունից: Տրտնջացողը ուրախ է հանգստի համար, իսկ անհանգստությունը նրան դուր չի գալիս:
Տրտնջացողը միշտ սիրում է սեղան նստել և նողկում է պահքից: Տրտնջացողը նաև ծույլ է, նա կարողանում է խոսք բամբասել, գիտե` ինչպես սուտ լուրեր հերյուրել, նա ճարտարամիտ է և բազմահնար, և շատախոսության մեջ նրան ոչ ոք չի գերազանցի, նա միշտ զրպարտում է մեկին մյուսի մոտ: Տրտնջացողը բարեգործությունների մեջ ծույլ է, անընդունակ է օտարականների ընդունելու, սիրո մեջ շողոքորթ է, ատելության մեջ` արի: Այդ պատճառով, եղբայրնե՛ր, չտրտնջանք մեզ տրվող հրամաններից, չհակաճառենք կամ մեր իրավունքները առաջ չքաշենք որպես առավել բանիմացներ:
Եփրեմ Ասորու խրատներից.