Այդ ե՞րբ է աշխարհը մեզ հանգիստ խոստացել, որ այսպիսի ամուր կապերով կապվել ենք նրան: Երբե՛ք:
Այդ ե՞րբ է Աստված մեզ խաբերով տարել դեպի կործանում, որ այդքան հեռացել ենք Նրանից: Երբե՛ք:
Մի՞թե մենք այսչափ մոլորվել ենք...
Ուրեմն մենք բավարարվում ենք միայն նրանով, ինչ մեր աչքը տեսնում է այս պահին, բավարարվում ենք միայն նյութականը և տեսանելին ձեռք բերելով, երբ կուշտ ենք գոհ ենք, երբ առողջ ենք երջանիկ ենք, երբ ունևոր ենք հպարտ ենք, երբ պաշտոնյա ենք իշխող ենք, երբ աղքատ ենք տրտնջացող ենք, երբ հիվանդ ենք մեղադրող ենք: Իսկ երկնքի ցնծության և խաղաղության հույսը ո՞ւր է, հավիտենականության ձգտումը ո՞ւր է, միթե այն չտեսնելու պատճառով կարելի է անտեսել և կառչել ժամանակավոր բաներից...
Բարի է ամեն բացվող առավոտ, մենք էլ նպաստենք, որ բարի ավարտ ունենա...
Հոգևոր կյանքը սկսվում է ինքնաճանաչողությունից, ինքնաքննադատությունից և ինքնակրթությունից` միայն Աստծո խոսքի և մեր ջանքերի շնորհիվ:
Պետք չէ զարմանալ և զայրանալ իրականության դառնությունից, որովհետև մի կաթիլ դառնություն էլ մենք ենք ավելացրել ամբողջին: Փորձենք հիմնավորել:
Առավել ևս շտկել մեր սխալը, որ կատարում ենք անգիտությամբ: Չկա մեկը, որ առնչված չլինի եկեղեցու այս կամ այն խորհրդի հետ: Սկսենք այդտեղից...
Մկրտության Խորհուրդը առաջինն է Եկեղեցու յոթ խորհուրդներից:
Երբ մենք մկրտվում ենք միայն տուրք տալու, կամ Պսակի խորհուրդն իրականացնելու, կամ էլ որպես պարտականություն առանց գիտության, ուրեմն մեզ համար է Կյուրեղ Երուսաղեմացու այն խոսքերը, որն ասում է. «Մարդիկ քեզ կմկրտեն, իսկ Սուրբ Հոգին քեզ չի մկրտի քո անտարբերության համար»: Երբ մենք մկրտության ժամանակ ստացած շնորհի սերմը թողնում ենք անմշակ, ուրեմն մեզ է վերաբերում Ավետարանի քանքարների առակը, ուր ասվում է. «Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի»։ Մտթ.25:14
Գիտությամբ և տեղեկացված գնանք Մկրտության խորհրդին այնպես, ինչպես նախապես խնամքով պատրաստում ենք ոչ կարևոր և երկրորդական պարագաներ ձեռք բերել խորհրդի համար:
Երբ ճաշակում ենք Սուրբ Հաղորդությունը և չենք գնահատում նրա փրկարար ազդեցությունը, ապա մեզ համար է ասված Ավետարանի խոսքը, թե`.
«Մի՛ տվեք սրբությունը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն»։ Յուրաքանչյուր խորհրդի ժամանակ Աստծուց շնորհ է տրվում մարդուն որպես պարգև: Ինչքան շատ խորհուրդներ կատարվի մեզ համար, այնքան շատ շնորհներ կստանանք: Իսկ երբ մենք անգիտակցաբար ենք մասնակցում խորհուրդներին, առանց նախապես տեղեկանալու և տրամադրվելու, ապա Պողոս Առաքյալը ասում է, ով անարժանաբար է հաղորդվում Սուրբ Խորհրդին, իր համար դատապարտություն, հիվանդություն և մահ կարող է լինել:
Իսկ գիտակցաբար, երկյուղով, զղջումով, խոստովանությամբ ստացած Սուրբ Հաղորդությունը կօգնի ենթակային իր կամքի սանձը ամուր պահել և հետզհետե հեռանալ մեղքերից: Խոսքը վերաբերում է բոլոր սրբություններին, որոնք պետք է ընդունենք հավատքով, ինչպես նաև` Տնօրհնեք, Ջրօրհնեք, Մատաղօրհնեք, Գերեզմանօրհնեք, Նշանօրհնեք և այլն: Սրանք բոլորն էլ Աստվածային շնորհներով լեցուն արարողություններ են յուրաքանչյուր հավատացյալի համար և մենք պարտավոր ենք լիարժեք գիտակցությամբ և համոզումով գնալ խորհուրդն ընդունելու և հավատով հաղորդվելու Աստծո հետ, այնուհետ խնդրել Աստծու ողորմությունը այդ շնորհները աճեցնելու և բազմացնելու համար: Եթե այսպես չենք անում, ուրեմն արժան ենք նրան ինչ որ ունենք և բողոքելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր մեղք գործելիս քրիստոնյան տրտմեցնում է Սուրբ Հոգուն, որով ինքը մկրտվել է, ասում են Հայրերը...Իսկ Պողոս Առաքյալը ուղղակի ասում է.
Հագեք Աստծո սպառազինությունը, որովհետև ձեր թշնամին զորեղ է: Աշխարհը մեղքով է ապականվել, իսկ հավատացյալը պարտավոր է մեղքի դեմ պայքարել Աստծո սպառազինությամբ, որպեսզի պարտություն չկրի: Աստծո առաջնորդությունը խնդրենք մեր կամքի տկարության պատճառով: Փառք Ամենասուրբ Երրորդությանը: