Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
ԼԵ Օր. Մեծ Պահքի վեցերորդ` Գալստյան կիրակի
Հիսուս մի օր խոսեց Երուսաղեմի Տաճարի կործանման մասին: Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը մոտեցան Հիսուսին և ասացին. «Ասա՛ մեզ, վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ և ինչպե՞ս կկատարվի»: Իսկ Հիսուսը նրանց պատասխանեց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»: Ապա նկարագրեց, թե ինչպես կկատարվի Որդու երկրորդ գալուստը: Այդ օրերին արեգակը կխավարի, և լուսինը կդադարի լույս տալ: Երկնքի աստղերը մեկ-մեկ վայր կթափվեն երկնքից: Եվ բոլոր ազգերը կտեսնեն, թե ինչպես ամպերի վրա բազմած՝ գալիս է Մարդու Որդին՝ զորությամբ և մեծ փառքով: Եվ այն ժամանակ կուղարկի հրեշտակներին աշխարհի չորս կողմը, որ փողեր հնչեցնելով՝ ձայն տան բոլոր ընտրյալներին, որպեսզի շտապեն հավաքվել Մարդու Որդու մոտ: Նա կիջնի երկնային Իր բարձունքներից՝ դատելու արդարներին և մեղավորներին: Եվ կնստի Մարդու Որդին իր փառքի գահին, իսկ Նրա առջև կհավաքվեն բոլոր ազգերը, և Նա արդարներին իր աջ կողմում կկանգնեցնի, իսկ մեղավորներին՝ ձախ: Ապա դառնալով աջ կողմում կանգնածներին՝ կասի. «Եկե’ք, իմ Հո’ր օրհնյալներ, ժառանգե՛ք երկնքի արքայությունը, որովհետև կարիքավորի նկատմամբ բարի գտնվեցիք, քաղցածին ուտելիք տվեցիք, հիվանդին խնամեցիք, ծարավածին ջուր խմեցրիք, օտարին ձեր մեջ առաք»: Իսկ ձախ կողմում կանգնածներին կասի. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք դեպի հավիտենական տանջանք, որովհետև կարիքավորի նկատմամբ բարի չգտնվեցիք, քաղցածին ուտելիք չտվեցիք, հիվանդին չխնամեցիք, ծարավածին ջուր չխմեցրիք, օտարին ձեր մեջ չառաք»: Եվ երբ իր դատն ավարտի, մեղավորները կմատնվեն հավիտենական տանջանքի, իսկ արդարները հավիտենական կյանք կստանան: Եվ այլևս չի լինի ո՛չ հիվանդություն, ո՛չ մահ:
Տերը մեզ արժանացրեց անցնել նաև Գալստյան կիրակիի խորհրդի միջով: Այժմ մենք ամրապնդենք նախորդ կիրակիների դասերից մեր ձեռք բերածը և ուժ խնդրենք շարժվելու դեպի Ծաղկազարդ և դեպի ծանր Ավագ շաբաթ, որի յուրաքանչյուր օրն ունի իր հատուկ խորհուրդը: Քայլենք մեր ճանապարհը խոնարհաբար, և խորհենք Պողոս Պատրիարքի այս իմաստուն խոսքերի մասին`ուղղված մեզ:
«Եթե մարդ խորհի, թե ինքն ինչ էր առաջ, ինչ է այժմ և ինչ է լինելու ապագայում, բնավ չի կարողանա հպարտանալ: Քանզի սկիզբն անարգ նյութից է, ծնունդը՝ ցավերով, ապրելը՝ տառապանքով, իշխանությունը՝ անօգուտ, փառքը՝ վաղաթառամ, կյանքը՝ կարճատև, մահը՝ հարկադիր, մարմինը՝ ապականացու և որդերի կերակուր: Այս բոլորից և այլ բաներից ևս մարդ դյուրավ կարող է իր բնության թշվառ լինելը հասկանալ և խոնարհ դառնալ»: