Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
ԼԴ Օր Մեծ Պահք. Տոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը Վիրապ և հիշատակ նրա սոսկալի չարչարանքների (240-326)
Երբ Մեծ Հայքի Տրդատ արքան վերադարձավ հունաց կողմերից և, պարտության մատնելով պարսից մեծաքանակ զորքը, վերանվաճեց հայրենի տերությունը, իր այս հաղթանակը վերագրեց հեթանոս աստվածների զորությանը և իշխանների ու մեծամեծների հետ եկավ զոհեր մատուցելու Անահիտի մեհյանում: Թագավորական շքախմբի մեջ էր նաև Գրիգորը, ով դեռ օտարության մեջ, կամավոր, հնազանդությամբ սպասավորում էր Տրդատին: Երբ Գրիգորը հրաժարվեց ոստեր ընծայել Անահիտի արձանին, թագավորը կանչեց Գրիգորին և ասաց. «Դու այսքան տարի հավատարմությամբ ծառայել ես ինձ, և ես մտադիր եմ վարձատրել քեզ, բայց դու պետք է պաշտես այն աստվածներին, որոնց ես եմ պաշտում»: Եվ հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ճյուղեր նվիրաբերի Անահիտ դիցուհուն: Իսկ Գրիգորը պատասխանեց նրան և ասաց. «Դուք միակ, ճշմարիտ Աստծո ստեղծած բարիքներն եք վայելում և նրան երկրպագելու փոխարեն պաշտում եք ձեր իսկ ստեղծած կուռքերը, որոնք ոչինչ են, ո՛չ չար և ո՛չ էլ բարի գործեր կարող են անել»: Այս խոսքերից սաստիկ զայրացավ Տրդատ արքան և սպառնագին ասաց. «Չեմ ներելու իմ աստվածներին հասցրած անարգանքը և քո հանդգնության համար պատժելու եմ քեզ»: 12 տեսակ անտանելի տանջանքների ու խոշտանգումների ենթարկվեց Գրիգորը, բայց համբերությամբ ու աղոթքով դիմացավ և չդադարեց երկրպագել իր Փրկչին` Հիսուս Քրիստոսին: Երբ թագավորը տեսավ, որ զուր են բոլոր պատիժները, հրամայեց իջեցնել նրան Արտաշատ բերդի խոր վիրապը (այսինքն՝ փոսը), ուր չարագործներին էին նետում:
Հեղձուցիչ, խորունկ այդ գբում, օձերի ու կարիճների մեջ, առանց հաց ու ջրի ոչ ոք չէր կարող կենդանի մնալ: Բայց Աստված մենակ չթողեց իր ընտրյալին: Այրի մի կին երազում հրաման ստացավ խոր վիրապում բանտվածին ամեն օր մի նկանակ հաց բերել: Այդպես, Տիրոջ կամքով Գրիգորն անվնաս մնաց մահապարտների այդ վիրապում 13 տարի՝ մինչև իր փառավոր ելքը: Գրիգորի հոգին չտկարացավ խոր վիրապում, որովհետև նրա տանջանքներն ու նեղությունները Աստծուն փառաբանելու և Նրա խոսքը տարածելու համար էին:
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունից հետո, երբ Տրդատը պատժվեց ու այլևս չէր կարող կառավարել երկիրը, նրա քրոջը տեսիլքի միջոցով հայտնվեց, որ թագավորին և գահը կարող է փրկել միմիայն Գրիգորը: Այդժամ նրան, հանելով փոսից, որտեղ սուրբը հրաշքով անվնաս էր մնացել 13 տարի, բերեցին Վաղարշապատ: 65 օր շարունակ նա բոլորին քարոզեց Քրիստոսի հավատը, նաև Աստծուց իրեն շնորհված զորությամբ բժշկեց Տրդատին: Ապա տեսիլքով ս. Գրիգորին ցույց տրվեց կույսերի վկայարանների և կառուցվելիք տաճարի տեղը: Այդ շինարարությանը՝ իբրև աստվածահաճո գործի, մասնակցեց ինքը արքան՝ ջանալով այդ կերպ քավել իր մեղքերը: Այնուհետև ս. Գրիգորը մեծ շքախմբով մեկնեց Կեսարիա, որտեղ ձեռնադրվեց հայոց հայրապետ: Հայաստան վերադառնալով՝ նա Եփրատի վտակ Արածանի գետում մկրտեց հայոց արքային և ողջ ժողովրդին՝ այսպիսով հաստատելով հայոց դարձը հեթանոսությունից: Սուրբ Գրիգորին մեծապես աջակցում էր հայոց նորադարձ արքան: Նրա ջանքերով քրիստոնեությունը սկսեց տարածվել Հայաստանում և 301-ին հռչակվեց իբրև պետական կրոն:
Կյանքի վերջին շրջանում ս. Գրիգոր Լուսավորիչն առանձնացավ Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան վրա գտնվող Մանյա այրք կոչված վայրում, որտեղից թագավորի թախանձանքներով վերադարձավ կարճ ժամանակով և իր փոխարեն կաթողիկոս կարգեց կրտսեր որդուն՝ Արիստակեսին, որին էլ հետագայում հաջորդեց ավագը՝ Վրթանեսը:Մեզ են ավանդվել Լուսավորչի հանրահայտ «Վարդապետությունը» և «Հաճախապատում» ճառերի գիրքը, որոնք բովանդակում են նրա ուսմունքը հավատի և բարեպաշտության մասին:
Գրիգոր Լուսավորչի՝ վիրապը նետվելու հիշատակը մեր Եկեղեցին ամեն տարի կատարում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Բարձրաձայն աղոթքով քո հիշատակն ենք տոնում մեր հոգիների լուսավորիչ հայր Գրիգոր: Հայոց հավատքի ընտիր Հայր, ճգնողական վարքով Տեր Գրիգոր, սուրբ մարմնիդ սրունքները կոճղերի մեջ ոլորվելով արյունով պարպվեցին մեզ հավատքի վեմի վրա հաստատելով: Բարեխոսիր մեզ համար Տիրոջ առջև: