Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
ԼԱ Օր Մեծ Պահք. Ի՞նչ է երջանկությունը
Եթե այս հարցը տանք, կստանանք այնքան այլազան պատասխաններ, որքան մարդկանց այդ հարցը տվել ենք: Այս պատասխաններն էլ երբեմն իրարից հակասական են լինում:
Ինչը երջանկություն է նկատվում մեկի համար, մյուսի համար դժբախտություն է: Մեկն իր երջանկությունը որոնում է խաղամոլության, հաշիշամոլության և սպառող ու այլասերող
այլ հաճույքների մեջ, ուրիշ մեկի համար նման կյանքն անդարմանելի դժբախտություն է: Մեկի համար երջանկությունն աշխատանքի մեջ է, և չի կարող ըմբռնել, թե ուրիշներն
ինչպես կարող են երջանկություն գտնել ծուլության ու անգործության մեջ: Ըստ մեր կարծիքի` երջանկության լավագույն սահմանումը տալիս են մանուկները` եթե ոչ խոսքով, գեթ գործերով:
Մանուկը բնականից երջանիկ է, եթե կուշտ է և զբաղմունք, այսինքն` խաղալիք, ունի ու որևէ ցավ չունի:
Սրանում բոլոր մանուկները գրեթե միաձայն են (անշուշտ, խոսքը հոգեպես առողջ, նորմալ մանուկների մասին է): Եվ նկատելի ու մատնանշելի հանգամանք է, որ չշփացած մանուկը
չի մտահոգվում իր ուտելիքի ու խաղալիքի որակով, քանակով և տեսակով: Որքան ժամանակ նրա քիմքը հանդուրժում է` գոհ է կերածով: Խաղալիքի լավին ու վատին էլ չի նայում.
ավելի պոչը կամ ավազի դեզը բավական են նրան ինքնամոռացության ոլորտները փոխադրելու համար, որը նրա համար երջանկության նախապայման է:
Դժբախտաբար, սակայն, երջանկության այս տարրական պայմանները մանկան համար նույնը չեն մնում, այլ նրա հետ մեծանում և փոխվում են: Ֆիզիկական այս նախնական պահանջների
կողքին ծնվում և աճում են իմացական, ընկերային ու ընտանեկան նոր պահանջներ, որոնք եթե չգոհացվեն, ապերջանկությունը կսողոսկի մարդու կյանքից ներս: Իսկ երբ տարիքն իր զենիթին
է հասնում և սկսվում վայրէջքը, մեջտեղ են գալիս ֆիզիկական ու հոգեկան անկարողություններ, որոնք պատճառ են դառնում,որ երջանկության կապույտ թռչունը չկարողանա թառել մարդու կյանքի ծառին:
Քչով գոհանալու և իր բնական ու պարզ պահանջների որակով և տեսքով չմտահոգվելու մանկական այս հոգեվիճակը եթե մանկան հետ նորմալ աճեր, և մեջտեղ չմտնեին արհեստական կարիքներ ու
այլասերված ախորժակներ, մարդ արարածը մինչև իր կյանքի վերջը գրեթե չպիտի կորցներ երջանիկ լինելու տրամադրությունը և հնարավորությունը:
Այսօր, սակայն, մեր պահանջները ոչ միայն բազմապատկված են, այլ նաև դրանց մեծագույն մասը կա՛մ այլասերված և կա՛մ արհեստական է: Մի պահ թողնենք «մոլություն» կոչվողները,
որոնց մարդն այնքան մոլեգին կերպով է ցանկանում, և որոնք այնքան խենթ ձևով է «վայելում», ամենասովորական ու անմեղ նկատվող մեր հաճույքների մեծ մասը, հանապազօրյա սիգարետից և
սուրճից մինչև կինոթատրոններն ու առտնին խաղաթղթի սեղանները, այլասերված սովորություններ են: Հագուստի, կապուստի գրեթե բոլոր բծախնդրությունները, «մոդա» կոչվող բռնակալ հրեշը,
ժամերով ուտել-խմելը արհեստական պահանջներ են: Ստույգ է, սրանք վատառողջ ինչ-որ հաճույք մարդուն մի պահ պատճառում են, բայց տևական երջանկություն երբեք չեն կարող պարգևել:
Ընդհակառակը, կարող են ծնունդ տալ դրամական տագնապների և ֆիզիկական անհանգստությունների, և մինչև իսկ մարդուն իր բանականությունից ու արժանապատվությունից մերկացնելով`
կարող են վերածել եսակենտրոն կենդանի «ռոբոտի»: Անտարակուսելի է, որ սակավապետ մարդիկ և բնության հետ հաշտ ու ներդաշնակ ապրող ընկերություններն ավելի հավանականություն
ունեն գոհունակ և երջանիկ ապրելու, քան բազմապահանջ զանգվածները:
Մարդիկ աճեցին, բազմացան ու լցրեցին երկիրը` ըստ սուրբգրային աստվածային պատգամի: Պետություններ ծնվեցին ու կայսրություններ կազմվեցին, որոնք կաշկանդեցին մարդկային բնատուր
կամ աստվածատուր ազատությունը, որը բնական երջանկության նախապայմանն է: Մարդկային բնազդական առողջ կրոնական ըմբռնումը, թե տեսանելի տիեզերքի ետևում կա բանական,
արարչագործ և նախախնամող մի էություն, այլասերվեց կռապաշտական, բնապաշտական ու հեթանոսական այլ կրոններով, և վերջապես վրա հասավ «քաղաքակրթություն» ասված հրեշը`
իր անհագուրդ ու անվերջանալի պահանջներով: Կյանքը գրեթե խաթարվեց, այսինքն` քաղաքները, ուր սկսեցին հավաքվել մարդկանց մեծ զանգվածներ, և որոնց ծնունդը եղավ վերոհիշյալ
չակերտված բառը, իրենց կապը գրեթե խզեցին բնության հետ, որի անբաժան և ամբողջացնող մասն է մարդ արարածը:
Այս խզումը պատճառ եղավ, որ մարդը զրկվի բնատուր երջանկությունից և հարկադրվի ստեղծել արհեստական միջոցներ` փոխարինելու համար այդ կորուստը: Այսպես ծնվեցին թատրոնները
և կրկեսները, որոնցից մեկը կամ մյուսը այս կամ այն շրջանում եթե ազնվական վայելքի նպատակներին իսկ հատկացված եղան, խորքում և նպատակով նույնը մնացին` իրական և բնական
երջանկությունից զրկված մարդուն ժամանակավոր ու զգացահույզ հաճույք պարգևել: Սրանց հաջորդեցին ավելի ցածրերը և վնասակարները, գինետներ և հանրատներ` մնացած բոլորով հանդերձ,
նույն նպատակով: Ներկայում մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, ուր այլևս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ կյանքին և բնության հետ հաշտ ապրելու պայմանին,
ինչը համազոր է ասելու, որ մարդն անվերադարձ կորցրել է իր բնատուր երջանկությունը... Բայց չի կորցրել այն վերստին ունենալու կամ նրան վերադառնալու իր բնատուր ձգտումը:
Ահա, թե մարդն ինչո՞ւ և ինչպե՞ս է կորցրել իր երջանկությունը:
ՇՆՈՐՀՔ ՊԱՏՐԻԱՐՔ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ