ԺԷ օր Մեծ Պահք. Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար. Video

hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016

ԺԷ օր Մեծ Պահք
«Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները»։ Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրակացությանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.
– Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար: Աստված պատասխանում է.
– Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, -ասում է Տերը: Եսայի 58:6

Պահքի օրերին մենք անտեսում և չենք անդրադառնում ավելի ծանր և վտանգավոր հոգեվիճակներին` դառն ատելությանը, սև նախանձին, նենգություններին, դավադրություններին և նման լուրջ ախտերին, որոնցից ազատվելու համար ենթական հարատև ու ավելի հետևողական ճիգերի և աստվածային մասնավոր օժանդակության է կարոտ: Սրանք, սակայն, ժխտական թելադրանքներ են ժխտական հոգեվիճակներից ազատագրվելու համար: Ինչո՞ւ ճիգ չանել արծարծելու նաև դրական հոգեվիճակներ` կատարելով դրական գործեր, այսինքն` պահքի նպատակն իրագործել ավելի կարճ ու գործնական ճանապարհներով: Հետևաբար, բարոյական ապաշխարանքների կարգում կարող ենք հանձնարարել հատկապես բարիք գործելը: Ստույգ է, որ բարիք գործելը բոլոր ժամանակներում սիրո մեր պարտականությունն է և ոչ` ապաշխարանք, բայց նրանք, ովքեր տարվա մյուս օրերին թերացել են մարդկային այս հիմնական առաքինության մեջ, մասնավոր ճիգ պետք է անեն և գեթ Մեծ պահքի ընթացքում իրենց մասնավոր նյութական զոհողության ենթարկեն: Օգնել համայնքային հաստատություններին, կրթական, կրոնական ու բարեսիրական նպատակների, օգնել նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, օգնել պարզապես Մեծ պահքի ոգուն հավատարիմ լինելու համար: Օժանդակել աղքատ ու հաշմանդամ մարդկանց` նրանց դրամական պարտքերը թեթևացնելով, օգտակար լինել մեզ նմանների հազարումի կարիքներին: Ինքն իրեն հարկադրելով` օրական որոշ գումար մի կողմ դնել, զրկելով քիմքը և քմահաճույքները` դրամը բարի նպատակների հատկացնելու համար:

Նյութական օժանդակություններին զուգահեռ կամ եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակ տրամադրել ազնիվ նպատակներին` ծառայության մեր բաժինը բերելով` ուր դրա պահանջը կա: Այցելել հիվանդներին և բանտարկյալներին: Այցելել որբանոցներ և ծերանոցներ: Այցելել տանը մենակ մնացած հոգիներին:
Մոտենալ սուգ ու ցավ ունեցողներին և նրանց տրամադրությունը բարձրացնել` համեստ, անկեղծ ու մարդկային զրույցով բաժանելով նրանց սուգը և ցավը: Մանավանդ Մեծ պահքի ընթացքում բոլոր մարդկանց հանդեպ լցված լինել բարյացակամությամբ, փողոցում` փափկանկատությամբ, փոխադրական միջոցների մեջ` մյուսներին տեղ զիջելով, և դեռ բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ մեր փոքր առավելություններից ու իրավունքներից մեզ զրկելով և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով: Երբ սրանք առանց հավակնության կատարվեն, մենք այն համոզումն ունենք, թե ավելի՛ կծառայեն պահեցողության ոգուն և նպատակին, միաժամանակ զուգահեռ կընթանան մեր ժամանակների գործնական մտածողությանը, ինչպես և առողջ ու դրական այնպիսի կրոնի, որպիսին քրիստոնեությունն է, հիմնական սկզբունքներին ու պահանջներին:

Շնորհք Պատրիարք Գալուստյան
(Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան)