hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Օր ԺԱ (11) Մեծ Պահք.
Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեան, զի յառաջ քան զարեւ է անուն Նորա:
Շնորհակալ ենք Աստծուն պահքի անցած տաս օրերի համար: Բարի պահեցողություն, անկեղծ զղջում, անձանձիր աղոթք եմ մաղթում բոլորիս: Թեպետ անհնար է, որ առանց փոքր կորուստի ավարտվի պահքի ցանկացած օրը, բայց ցանկալի է հնարավորինս շուտ վերականգնել այդ կորուստը: Եթե պահք պահողները համատարած լինեին, պատկերը այլ կլիներ և ավելի հեշտ կլիներ պահել, բայց մենք շրջապատված ենք ամենատարբեր մարդկանցով և տեսակետներով: Հետևաբար մեր կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ հաշտ ու համերաշխ լինենք նրանց հետ, որոնք չեն պահում պահքը, որպեսզի մեր աղոթքը խաղաղ լինի, սրտնեղություն չունենանք այլոց պատճառով և մեր աղոթքը անպտուղ չլինի ողջ պահքի ընթացքում: Պահքի ամեն մի օրը անպտուղ թող չանցնի: Հաշտվենք նաև նրանց հետ, որոնց նեղացրել ենք ինչ որ առիթով, ինչ որ ժամանակ: Հեշտ է պատահական մարդուն ասել` «կներեք», սակայն դժվար է ասել նրան, ում նեղացրել ենք: Մեծ առումով մենք ուրիշ թշնամիներ չունենք, բացի մեր մեղքերից: Իսկ Ավետարանը ամեն օր խնամքով հղկում է մեր սուր անկյունները, հայելու պես ցույց է տալիս մեր իրական դեմքը, կշեռքի պես նժարին է դնում մեր գործերը: Ապագան անորոշ է, դրա համար էլ մեզ հանձնենք Փրկիչ Աստծուն, Որը մեզ ստեղծեց, որպեսզի վայելենք Իր ներկայությունը և փառաբանենք Իր Սուրբ Անունը: Տիեզերքն էլ, մեզ էլ, Աստված ստեղծել է Իր համար: Աշխարհի վերջը կլինի Աստծու կամքով, և վերջին խոսքը կլինի Աստծունը, որովհետև Նա է տիեզերքի Ստեղծիչն ու Կառավարիչը:
Ինչպես ասում են` խորհուրդ` մարդկանց, կամք` Աստծու. Երբ սկսենք ապրել Աստծու խոսքի համաձայն, «ինչքանով որ այն հնարավոր է», միամտաբար չմտածենք, թե մեզ բոլորը սիրելու են: Մենք ունենալու ենք նաև թշնամիներ ու հակառակորդներ, որոնք անվերջ հակառակվելու են մեզ: Մենք աներեր պետք է մնանք մեր ներքին համոզման և հավատամքի մեջ, թող իրենք փոխվեն ժամանակի ընթացքում: Երբեմն մեզ թվում է, թե շիտակ ենք ապրում և թշնամիներ չունենք: Եթե այդպես լիներ, ապա մեր Տերը, որ համակ Սեր, Ճշմարտություն և Արդարություն է, թշնամի չէր ունենա, բայց ցավոք ունեցավ և հիմա էլ ունի: Խրատի՛ր մեզ, Տէ՛ր, Քո արդարութեամբ, Քեզ հուսացողներիս:
Ուզո՞ւմ ես քո Հայրենիքում խաղաղ ապրել, ուրեմն ապրիր`
Առանց ամուսնալուծության,
Առանց դավաճանության,
Առանց անհավատարմության,
Առանց անտարբերության,
Առանց կաշառքի ու ագահության,
Ապաշխարությամբ և աղոթքով,
Կիրակին` Պատարագով,
Մանուկը` մկրտված.
Երիտասարդի ամուսնությունը` Պսակի Խորհրդով,
Ծերը`արժանապատիվ ծերությամբ ու հարգանքով իր տանը, ոչ թե ծերանոցում.
Աշխատանքը` նվիրումով, ի սեր Աստծո, ոչ թե միայն եկեմուտի:
Տղամարդը` տեր, կինը` հնազանդ, երեխան` խրատ լսող:
Մեր հարստությունը մեր ուղղափառ հավատքն է, մեր եկեղեցին է: Այս բոլոր բաները մեզ եկեղեցին պետք է սովորեցնի, եթե չգնանք, չի կարող սովորեցնել, եկեղեցին միշտ կանչում է, սակայն պարտադրել չի կարող, կամավոր պետք է գնանք: Այնպես ապրենք Որ մեր Տերը օրհնություն իջեցնի մեր երկրի վրա մեր սրբերի բարեխոսության միջոցով, մեր զղջման ու ապաշխարության շնորհիվ: