hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ա օր Մեծ Պահք.
Մխիթարող խոսք ապաշխարության մասին.
Ո՛չ մեղավորը թող հուսահատվի, ո՛չ էլ արդարը` մեծամտանա: Մի՛ անկանիր: Մեղավո՞ր ես, մի՛ հուսահատվիր: Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: Նման այն խարխուլ տներին, որոնք փտում են, և մենք հեռացնում ենք փտած մասերը և նորերով փոխարինում և երբեք այդ կարգի հոգսերը չենք անտեսում, ճիշտ այդպես և դու վարվիր. թե խարխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ: Փառք Աստծուն բոլոր պահքերի համար: Այսօր սկսենք հոգևոր ճամփորդություն մեր կյանքի անդաստաններում: Թափանցենք խորքերը և անաչառ ձևով փնտրենք ու գտնենք մեր հոգու թշնամուն, և մեր մարմնի բարեկամ մեղքին: Մեր կյանքը լեցուն է որոմներով, որոնք խանգարում է շիտակ ապրել և հոգևոր աճ ունենալ: Փորձենք այս օրերին սրտացավ կերպով աշխատել մեր հոգևոր շահի համար, որպեսզի մեր գործադրած ջանքը լինի մեր վարձքը, իսկ արդյունքը հաճելի լինի Աստծուն: Բարի կամք եմ մաղթում նրանց, որոնք գնահատում և պահում են պահքը իրական իմաստով: Հոգևոր արթնություն եմ մաղթում նրանց, որոնք ի միջի այլոց են մոտենում բոլոր պահքերին, որպեսզի սթափվեն և զգան պահքի իրական համն ու հոտը: Իսկ նրանք, որոնք ընդհանրապես պահք չեն պահել մինչ օրս, խորհուրդ կտամ միանան մեզ, առանց վարանելու: Պահքը շատ անհատական է և յուրաքանչյուրից պահանջվում է ըստ իր կարողության, այդ պատճառով ես շեշտը չեմ դնում սննդակարգի վրա, որը բացառապես բուսական է, այլ` հոգևորի և ինքնակրթության: Եթե դու չես կարող բարձրացնել տասը կիլոգրամանոց բեռը, չի նշանակում, որ անհնար է, կա մարդ, որ բարձրացնում է քսան կիլոգրամ: Դու բարձրացրու մեկ կիլոգրամ, ջանք թափելով այս պահքի ընթացքում: Փորձիր քո կենցաղից վերացնել անհարկի բաները, ինչպես որ անում ես տունը մաքրելիս: Եթե թուլություն ունես անձնական նկարների երկրպագության` ապա կարո՞ղ ես դա նվազագույնի հասցնել, կամ անօգուտ զվարճալի, ու անբովանդակ հաղորդումները կարո՞ղ ես նվազեցնել, իհա՛րկե կարող ես: Պահքի ժուժկալության նպատակը ներքին դաստիարակություն է, կամքի ձեռքբերումն է, և չափավորի գիտակցությունն է, որոնց պակասի պատճառով է, որ մենք ձախողում ենք մեր բոլոր դրսևորումներում, որ մեզ պատվիրել է մեր Տերը: Թող Աստված նախախնամի յուրաքանչյուրին ըստ իր կարողության և վարձատրի ըստ Իր կամքի:Եթե անկեղծ լինենք, ապա շիտակ պահքով միայն կարող ենք հասնել մեզ խոստացած աստվածային պարգևներին: Բարի լինի պահքի քարքարոտ ճամփորդությունը բոլորի համար անխտիր: