hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Մեզ համար Խաչվող Աստված նույն Դատաստան անող Աստվածն է.
Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը իր ընդհանրական թղթում ասում է. «Խողովակի հոսող ջրի պես անմտաբար մի անցեք աղոթքի սրբազան խոսքերի և Ավետարանական ճշմարտությունների միջով, այլ հույժ ուշադրությամբ կարդացեք և ուղղեք ձեր խոսքերը Նրան, ումից ակնկալում եք ողորմություն»:
Անդրադառնանք մեզ և քննենք մեր անձերը, հիշենք մեր աղոթքները, մեր լսած քարոզները և հիշենք Աստվածաշնչից մեր կարդացած և մտապահած հատվածները: Միթե մենք էլ խողովակով հոսող ջրի պես անմիտ չենք անցկացրել մեր միջով մեր լսածն ու կարդացածը: Երբեմն մարդկանց հետ զրույցների ժամանակ պարզվում է, որ քրիստոնյա հավատացյալ մարդը Պատարագից դուրս գալուց հետո չի հիշում քարոզի նյութը, չի հիշում Ավետարանի օրվա պատգամը: Այսինքն չկա այն ուշադրությունը, որի մասին խոսում է Շնորհալի Հայրապետը: Մինչդեռ Սուրբ Գրքում Աստված Եզեկիել Մարգարեի միջոցով մեզ էլ է ուղղում Իր խոսքը, թե` «Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր։ Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ։ Նրանց հետ կը խօսես ու կ՚ասես. «Այսպէս է ասում Տէր Աստուածը», լսեն նրանք, թէ չլսեն: Եզեկիել 3:10
Տերը Մարգարեին պատվիրում է խստությամբ, ժողովրդի մեջ մտնել և ասել այն խոսքերը որ Ինքն է պատվիրում, անկախ այն հանգամանքից, նրանք կլսեն, թե չեն լսի: Հստակ է Տիրոջ պատվերը Մարգարեին, եթե տեղյակ չպահես ժողովրդին, ինչ կպատահի քեզ հետ և եթե տեղյակ պահես ու նրանք քեզ չլսեն, ինչ կպատահի քեզ հետ: Ահա թե ի՛նչ է պատվիրում Տերը Մարգարեին և դնում է հստա՛կ պայմաններ պատգամը հայտողի և այդ պատգամը չլսողի համար:
«Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց։ Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի։ Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, – այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես»։ Եզեկիել 3:17
Հետևություն անենք նաև մենք: Ամեն կիրակի եկեղեցիներում մերօրյա «դետերը»` այսինքն` հոգևորականները, քարոզում են, և բացատրում Աստծու խոսքը, այսինքն իրենք իրենց առաքելությունը կատարում են, և փրկում են իրենց, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ ո՛չ կարդում ենք, ո՛չ գնում լսում ենք, և լսածն էլ չե՛նք կիրառում: Գիտե՞նք արդյոք, թե ո՞ւր է տանում մեզ Աստծո խոսքի անտեսումը, գիտե՞նք արդյոք, որ Եզեկիելին տված պատգամը մեզ էլ է վերաբերում: Էլ ինչպե՞ս ենք հետևելու մեր Տիրոջը, եթե հաղորդ չենք Նրա խոսքին ու խոսքի բացատրությանը: Խորհենք նաև այս մասին: Հովհաննես Երզնկացի հայրապետը ասում է. «Թող քրիստոնյաները անգղի նման հավաքվեն Քրիստոսի վրա և Նրան ուտելով կշտանան ու հագենան»: Լիովին հասկանալի է Հայրապետի պատգամը ուղղված մեզ: Մեր նեղությունների պատճառով չխուսափենք Աստծուց, Նա մեր փրկության համար չխուսափեց Խաչից: Գաղջ հավատացյալի հասցրած վնասը Եկեղեցուն ավելի շատ է, քան մի անհավատի, որը չի լսել Աստծու խոսքը: Մեզ համար Խաչվող Աստված նույն Դատաստան անող Աստվածն է: Հիշենք այս մասին: