Միայն գիտելիքը Աստծո մասին,hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Միայն գիտելիքը Աստծո մասին` քեզ հազիվ ծովեզերք հասցնի…մինչդեռ մարգարիտը խորքում է:
Արդյոք դո՞ւ էլ միայն ականջով ես լսել Աստծո մասին, թե աչքով էլ ես տեսել և ձեռքով էլ ես շոշափել քո կյանքում: Շատերն են ասում, որ Աստծուն չենք տեսել, բայց գիտությամբ գիտենք Նրա մասին: Սա տեսական հավատք է սիրելիներ, տեսական ճանաչողություն է: Մեր խելքը և գիտելիքը մեզ կարող է հասցնել միայն Աստծո ծովեզերքը: Սակայն մեր ապրած կյանքն է, որ մեզ պետք է տանի Աստծո ծովի խորքերը` մարգարիտներ տեսնելու համար: Որպեսզի Աստված ճանաչես, պետք է ապրես Նրա հետ, շաղախվես Նրա հետ, և Նա ապրի քեզ հետ: Նրան բաժնեկից պետք է դարձնես քո մտքերին, քո խոսքերին ու գործերին, և տեսնես, թե ինչպես է Նա ընթանում քեզ հետ: Աստծուն ճանաչել նրանից հեռու ապրելով, անկարելի է, անհնարին է: Գրքով Աստված չես ճանաչի, պետք է փարվես Նրան, փակվես Նրա հետ: Աստծո քաղցրության մասին գաղափար չես ունենա միայն Նրա մասին լսելով, առանց ճաշակելու: Առավել ևս վկայել չես կարող մի բանի մասին, որից հեռու ես:
Աստծուն ճանաչիր քո գործերի մեջ Նրա միջամտությամբ և աջակցությամբ: Երբ դու փորձության մեջ ես, քննիր քո կյանքը և գտիր Աստծուն այնտեղ` արդեն գործելիս: Նոր ճանաչողություն ձեռք բեր և տեսական գիտելիքիդ ավելացրու նաև սեփական փորձառությամբ ձեռք բերած ճանաչողությունը, որպեսզի քո սեփականությունը դառա: Չէ որ փորձության մեջ առավել է ճանաչվում Աստծո նախախնամ ձեռքը: Այս խոսքերը վերաբերվում է հավատացյալ և հավատքի կյանք ապրող մարդկանց, ոչ թե պարզապես քրիստոնյաներին: Հիշիր քո կյանքի դժվարին պահերը, և տես, որ Աստված ամեն պարագայի համար լուծում է տվել: Հետևաբար մի նայիր փորձության տեսակին, հիվանդության ձևին, կամ ձախորդության հայտնվելուն, այլ դրանց մեջ փնտրիր Աստծուն և ասա. Տեր իմ, ես գիտեմ, որ Դու անպայման լուծում կտաս, ուզում եմ տեսնել Քո միջամտությունը, թե ինչպե՞ս ես ազատելու ինձ, ի՞նչ միջոցներ ես կիրառելու: Պետք է խոստովանել, որ Աստված ճանաչում ենք մեր նեղության մեջ:
Պատմիր ինձ Աստծու մասին, բայց ոչ թե Գրքից, այլ քո կյանքից: Եթե քո աստվածճանաչողությունը յութուբից է, կամ ֆեյսբուքից, բավարար չէ: Քո կյանքով պետք է ճանաչես Աստծուն: Երեք կետերով պետք է ճանաչես Աստծուն: Գիտությամբ, փորձությամբ և աստվածհայտնությամբ, երբ աստված իրեն հայտնում է քեզ: Թող Քրիստոս Մանուկ չմնա քո մեջ, այլ աճի ու զարգանա ժամանակի ընթացքում և դու ճանաչես Նրան քո կյանքի ողջ ընթացքում:Սուրբ Ծնունդին մեր եկեղեցի գնալու նպատակը մեկն է: Փնտրենք, գտնենք Մանուկ Հիսուսին, մեր սրտերի մեջ դրած տանենք մեր տուն: Տանենք մեր երեխաներին և մեր ընտանիքում թող մեծանա Մանուկը: Քրիստոսի ծնունդը միայն Հունվարի վեցին չէ, այլ ամեն վայրկյան Նա կարող է ծնվել մի անմեղ հոգում, միամիտ սրտի կատարյալ հավատքի շնորհիվ:
Տեր Արմեն Քահանա Մելքոնյան
(Սուրբ Ծննդյան առիթով խոսված քարոզից մի հատված)