Այս հարցը շատերիս է հետաքրքրում.
Հարց. Եթէ ամէն բան Աստծու ձեռքում է, ապա ո՞ւր մնաց մարդու ազատութիւնը, ազատ կամքը։
Պատասխան. – Նախ մի քանի խօսք Աստծու կանխագիտութեան մասին։ Աստուած գիտէ ամէն ինչ եւ ամէն բան։ Մարդու իմացականութիւնն ու ճանաչողութիւնը ժամանակի ընթացքում աճում եւ
զարգանում է, մինչդեռ Աստծոյ գիտութիւնը նման բանի կարիք չունի, այն կատարեալ է։ Այդ առումով էլ Աստուած գիտէ ոչ միայն մեր մտքերը, այլ նաեւ մեր արարքների յաջորդականութիւնը՝
այն բոլոր քայլերը, որ պէտք է կատարենք ապագայում։ Այսինքն, Աստուած կանխագէտ է եւ մեր ամէն քայլ նախօրօք գիտէ։ Այն փաստը, որ Աստուած ամէն ինչ նախօրօք գիտէ, երբեք պատճառ չի հանդիսանում այն ամենին, ինչ կատարւում է։ 0րինակ. Աստուած գիտէր, որ Յուդան պիտի մատնէր Յիսուսին, բայց այդ գիտելիքը չստիպեց Յուդային դիմելու այդ քայլին։ Յուդան ազատ էր եւ ինքն անձամբ ընտրեց այդ ճանապարհը, որի համար միայն ինքն է պատասխանատու։ Մարդու կամքն ազատ է, նա կարող է ընտրել բարին կամ չարը։ Բայց քանի որ մարդու բնութիւնն է մեղանչական՝ Ադամից ժառանգած, ապա որպէս օրէնք, մարդն աւելի մեծ հաւանականութեամբ ընտրում է չարի կամ մեղքի ճանապարհը։ Ստացւում է, որ ազատ մարդն իր ազատ կամքով ազատօրէն ընտրելու հնարաւորութեամբ ընտրում է աւելի շատ մեղաւոր ճանապարհը, քան արդարութեան ճանապարհը։ Այս բանում համոզուելու համար բաւական է նայենք մեր շուրջը՝ բարին գործողներ անհամեմատ աւելի քիչ են հանդիպում, քան չար գործողներ։ Այս առեղծուածային վիճակից դուրս գալու հիանալի բանալի է տուել Ս. 0գոստինոսը։ «Մարդու կամքն ազատ է, բայց ազատագրուած չէ», – գրել է նա։
Այսինքն, միայն ազատագրուած կամք ունեցող մարդն է ազատ։ Պօղոս Առաքյալը գրում է՝ «Ուր Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատութիւնը» Բ Կորնթ. 3:17
Միայն Աստուած կարող է մարդուն ազատել մեղանչական բնութեան ապականիչ ազդեցութիւններից, սրբելով նրա կեանքն ու կամքը, վերստին ծնունդ տալով եւ իրօք ազատագրելով մարդուն։