Մի հրեա կար՝ Հովսեփ անունով. այնքան նշանավոր բժիշկ էր, որ զարկերակը շոշափելով 5 օր առաջ գուշակում էր մարդու մահը:
Աստվածընտիր Բարսեղը Հոգով տեսավ, որ Հովսեփն ինչ-որ ժամանակ կդիմի Աշխարհի Փրկչին, սիրեց նրան և հաճախ կանչելով իր մոտ խորհուրդ էր տալիս մկրտվել: Բայց հրեան մշտապես հրաժարվում էր՝ ասելով, թե ինչ հավատի մեջ որ ծնվել է, նրա մեջ էլ ցանկանում է մեռնել: Աստվածահաճո մարդը նրան ասաց. «Հավատա ինձ, որ չենք մեռնի ոչ ես, ոչ դու, մինչև որ դու չծնվես Ջրից և Հոգուց: Առանց այս առաքինության անհնար է մտնել Երկնքի
արքայություն: Քո նախահայրերը չմկրտվեցի՞ն ամպի և ծովի մեջ, չխմեցի՞ն արդյոք վեմից, որ հոգևոր վեմի՝ Հիսուս Քրիստոսի այլափոխումն էր»:Վերջապես եկավ նրա՝ Աստծո մոտ գնալու ժամանակը:
Սուրբը հիվանդացավ և Հովսեփին կանչելով իբրև թե իրեն բժշկելու համար, հարցրեց. «Ի՞նչ ես մտածում իմ մասին»:
Հրեան, շոշափելով սրտի զարկերակը, ծառայողներին ասաց. «Պատրաստեցեք ամեն ինչ թաղման համար, շուտով սուրբը կմահանա»:
«Ինքդ էլ չգիտես, թե ինչ ես խոսում», – ասաց Բարսեղ Մեծը: Բայց Հովսեփը վստահորեն պատասխանեց.
«Ճիշտ եմ ասում, Տեր, դու կմեռնես նախքան արևը մայր կմտնի»:
«Իսկ ի՞նչ կանես, եթե մինչև առավոտյան վեցերորդ ժամը չմահանամ»,- հարցրեց Բարսեղը:
«Թող ինքս մեռնեմ»,-պատասխանեց Հովսեփը:
«Երդվեցնում եմ քեզ մահանալ մեղքի համար, որպեսզի ապրես Աստծու համար», – ասաց սուրբը:
«Գիտեմ, ինչի մասին ես խոսում, տեր, – պատասխանեց հրեան, – վկա է Աստված, որ կկատարեմ»:
Սուրբ Բարսեղն ազատ արձակեց հրեային և խնդրեց Աստծուն,որ մոլորյալին փրկելու համար շարունակվի իր կյանքը:
Հաջորդ առավոտյան սուրբը մարդ ուղարկեց նրա հետևից: Բժիշկն այնքան վստահ էր իր վրա, որ ծառային չհավատաց,թե Բարսեղը կենդանի է, բայց ցանկանալով մահացածին հրաժեշտ տալ, գնաց ծառայի հետ: Բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ աստվածահաճո մարդուն: Հովսեփն ընկավ նրա ոտքերն ու մաքուր սրտով բացականչեց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և Նրանից բացի չկա ուրիշ Աստված: Կարգադրիր, հայր սուրբ, որ և ինձ, և ընտանիքիս անդամներին անհապաղ մկրտեն»:
«Ես իմ ձեռքով կմկրտեմ քեզ», – պատասխանեց Քրիստոսի սուրբը և ի զարմանս բոլորի վեր կացավ մահճից, գնաց եկեղեցի: Այնտեղ ամբողջ ժողովրդի ներկայությամբ մկրտեց
Հովսեփին և նրա ընտանիքի անդամներին, Պատարագ մատուցեց և նորադարձներին Սուրբ Հաղորդություն տվեց: Նրանց սովորեցնելով՝ նա եկեղեցում մնաց մինչև իններորդ ժամը:
Վերջապես, փառք տալով Աստծուն, ժողովրդի աչքի առաջ հոգին հանձնեց Աստծո ձեռքը: