Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում…
հիվանդությունը, ծերությունը, մահվան օրը և Աստծո դատաստանին գնալը։ Այս չորս բաները՝ կամենանք թե ոչ, լինելու են։ Այնպես պետք է ջանալ, որ քանի դեռ մեր կամքի մեջ ենք, բարին գործենք։
Իմաստության խրատ եմ գրում քեզ. տես մարդու ստեղծումը, թե ի՞նչ իմաստությամբ է Աստված արարել. մարմնի թանձր մսով արյունն է պահում, արյամբ պահում է շունչը, և շնչով հոգին է պահում և հոգով՝ միտքը։ Սրանցով նրանք դասավորված ու միավորված են՝ միտքը դեպ վեր՝ Աստված և մարմինը դեպ վար՝ երկիր։ Երբ միտքը Աստծուն է նայում և Աստծո հրամանների ետևից է գնում, հոգին, շունչը, արյունն ու մարմինը իր հետ է տանում և երկնային դարձնում, թեպետ մարմնով երկրում է, բայց մտքով և հոգով երկնքում է։
Իսկ եթե մարմնով երկրի ետևից գնա, նա մարմինը, արյունը,շունչը, հոգին և միտքը դեպ երկիր կքաշի և անասունի պես երկրավոր կդառնա։ Ինչպես օրինակ հայելին երկու երես ունի, որի մեկ երեսը վեր է և մեկն էլ՝ վար, այդպես էլ մարդն իր հոգով նման է հոգեղեններին և մարմնով՝ հողեղեններին.ում կողմը որ հակվում է՝ նրան է նմանվում։
Չորս բան էլ կա, որ մարդուն զերծ է պահում մեղքերից և գլուխն է ամեն տեսակ բարիքի։ Թող մարդ իր մեղքերը բոլորովին չմոռանա և այլոց մեղքերի համար ամենևին չհոգա,և ինչ էլ որ անի, թող իր մոտ Աստծուն տեսնի, և մահվան օրն իր մտքում պահի։ Ով իր մեղքերը չի մոռանում, խոնարհ է մնում և այլոց մեղքերը չի քննում, Աստված չի հիշում նրա մեղքերը։ Ով Աստծուն տեսնում է իր մոտ, ամենևին մեղք չի գործում։ Ով մահվան մասին է մտածում, նա այս կյանքի համար շատ հոգ չի անում։
Հարկավոր է չորս բաներից վախենալ և մեղք չգործել. մեկ այն օրից, երբ հոգեվարք է լինում, երբ Աստծո առջև են տանում և գործերի պատասխանն են պահանջում, մեկ էլ այն, ովքեր մեզանից առաջ են մեռել ու գնացել և տրտմում են մեր մեղքերի համար:
Հովհաննես Երզնկացու նամակը ուղղված հավատացյալներին