Գրենք նրանց մասին, ովքեր անաստվածաբար սուտ վկայություն են տալիս, որի մասին Աստված խոսեց Մովսեսին և գրեց Օրենքում, թե՝ «Մի՛ սուտ վկայիր» Ելք 20:13 ինչը մեծ անօրինություն է:
Նախ սա՝ ճշմարտությունը, ահեղ ու սոսկալի բան է, քանզի Աստծո անունն է, բոլոր իրերի զարդն ու աշխարհի շինությունն է: Մինչդեռ սուտ վկան ավերիչ
ու կործանիչ է ճշմարտության, որ չի տեսել և որին չգիտե, բայց վկայում է:
Երկրորդ՝ որովհետև ուրիշների մեղքերի ընկերն է դառնում և նրանց հաստատում մեղքերի ու չարությունների մեջ, որ գործեցին և ինքը դառնում է սատանայի բնակարան:
Ինչպես Տերն ասաց. «Ով սուտ է խոսում ինքն իրենից է խոսում» (Հովհ.8 44): Եվ «իրենից»-ն այն է, ինչպես Աստված ասաց.
«Սուտը իմը չէ, այլ սատանայինն է, և սատանան՝ նրա հայրը, որ ծնեց ստին, և բոլոր սուտ վկաները սատանայի գործընկերն են»:
Նույնպես բոլոր ստախոսները, եթե դարձի չգան և չապաշխարեն, սատանայի հետ տանջանքի և կորստյան են մատնվելու, ըստ այն խոսքի, թե՝
«Տերը կործանում է բոլոր ստախոսներին» (Սղմ.5: 7) որովհետև ճշմարտախոս բերանը Սուրբ Հոգու դուռն է, իսկ ստախոս բերանը դժոխքի դուռն ու դևերի մուտքը: Այդ պատճառով ձեր բերանը սովորեցրեք ճշմարտությանը, որպեսզի ձեր մեջ բնակվի Սուրբ Հոգին:
Ինչպես որ հողն է աճեցնում այն, ինչ սերմանվում է իր մեջ, այդպես էլ հողեղեն մարդու բնությունն է պտղաբերում այն, ինչ սերմանվում է իր մեջ՝ մեղքի փուշ
կամ առաքինության ծաղիկ։