Օգոստինոս Երանելին ասում է. Ի՞նչ ունես դու, երբ Աստված քեզ հետ չէ, և ի՞նչ չունես, երբ Աստված քեզ հետ է.
Երբ մտնում ենք եկեղեցի և չգիտենք թե ինչպես աղոթենք…Երբ մեր միտքը այս ու այն կողմ է թափառում և չենք կենտրոնանում աղոթքի մեջ, ապա… Նայենք Սուրբ Սեղանին, ուր Աստվածամայրն է Մանուկ Հիսուսի հետ: Հայցենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը իր Որդու մոտ, որպեսզի ընդունելի անի մեր ուխտը տվյալ եկեղեցի: Ապա աջ և ձախ կողմերում տեսնում ենք Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների նկարները, ու մտովի գնանք առաջին դար: Փառք տանք Աստծուն, որ Իր առաքյալներին ուղարկեց Հայաստան աշխարհ քրիստոնեությունը քարոզելու: Այնուհետև մեր աչքից չի վրիպի Տրդատ թագավորի մկրտությունը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ և դարձյալ փառք տանք Աստծուն, որ մեզ ուղարկեց Հավատքի Հայր` Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որն էլ տասներեք տարի գուբի մեջ սրբանալուց հետո ելավ ու մկրտեց հայ ազգին ու մենք առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը: Դարձյալ մեր ուշադրությունն է գրավում Խորհրդավոր ընթրիքի պատկերը, որի շնորհիվ ամեն կիրակի արժանանում ենք մեր Տիրոջ Մարմինը և Արյունը ճաշակելու երանությանը: Դարձյալ փառք տանք Աստծո, որ մեզ անմասն չթողեց փրկությունից և երկինք մտնելու հնարավորությունից: Ապա տեսնում ենք մեր Տիրոջ Սուրբ Մկրտության պատկերը և անմիջապես հիշում ենք Ավետարանի այդ հատվածը, երբ Քրիստոս Մկրտվեց Սուրբ Հովհաննես Մկրտչից և Սուրբ Երրորդության գաղափարը հայտնի դարձավ այդտեղ: Ինչպես չփառավորել Աստծուն, մեզ լուսավորելու համար: Ահա և մեր առջև է Խաչյալ Հիսուս Քրիստոսի պատկերը, որի ներքևի հատվածը սևացել է մարդկանց ձեռքերի հպումից: Այստեղ արդեն հոգով ու սրտով ծնկի ենք գալիս մեր Տիրոջ առջև, գիտակցելով, որ Նա խաչվեց մեր մեղքերի համար, սակայն մեզ անմասն չթողեց Իր օրհնությունից և ողորմությունից: Այդ պահին բազում գոհություններից ու փառաբանությունից հետո աղերսենք մեր Տիրոջը մեր մեղքերի համար, խնդրենք, որ օգնի մեզ: Խոստովանենք մեր տկարությունը, հանձն առնենք մեր մեծամտությունը, խոնարհվենք սրբությունների առջև և խնդրենք, որ Աստված անսասան պահի մեր եկեղեցին, որ մենք ամեն անգամ մտնելով վերհիշենք այս բոլորը և ապրենք այդ արժեքներով: Սրբապատկերները մեզ միշտ հիշեցնում են իրենց ժամանակի դեպքերը և վերցնելիք դասը: Իսկ միամիտ աղանդավորները գիտեն, թե մենք պաշտում ենք Սրբապատկերները: Մոռանում են, որ մենք երբեմն մեր հարազատների նկարները ձեռքներս վերցնելով նույնիսկ համբուրում ենք շատ կարոտած լինելով:Փաստորեն մեծ ուշադրություն և պատասխանատվություն է պահանջում աղոթքը եկեղեցում: