Շնորհավորում եմ Ներսես անուն և ազգանունը կրող բոլոր հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ:
Թող Սուրբ Ներսես մեծ Հայրապետի բարեխոսությունը քաջալերի նրանց` իրենց կյանքի բոլոր օրերին;
Այսօր մեր եկեղեցին հիշատակում է հայոց Ներսես Մեծ կաթողիկոսի և Խադ եպիսկոպոսի անունները իր ընդհանրական աղոթքի ժամանակ: Մենք նույնպես միանանք այդ աղոթքին և հայցենք Սուրբ Հայրապետի բարեխոսթյունը Տիրոջ առջև` մեր ազգի, մեր եկեղեցու, մեր իշխանավորի համար: Սուրբ Ներսես Մեծ Հայրապետ, քո կենսագրությունն ու համբավը հասավ մեզ` 21-րդ դարի մեղավորներիս: Քո նախանձախնդրության և քրիստոսասիրության պատճառով հրաժարվեցիր քո աթոռից, չհանդուրժելով թագավորի անուղղա կյանքն և վարքը, տեղապահ նշանակելով առաքինասեր վարքի և հոգևոր նկարագրի տեր` Խադ եպիսկոպոսին: Տեղեկանում ենք, որ նորից հաստատվելով քո աթոռին, Հայաստանի համար վճռորոշ պահերին` բազկատարած աղոթում էիր, մինչև ճակատամարտն հաղթանակով ավարտվի: Նույնիսկ կանխապես իմանալով թագավորի դավադրության մասին, արիաբար խմեցիր թույնով լեցուն բաժակը, դարձյալ հանդիմանելով արքային իր վարքի համար: Պատարագ մատուցեցիր և արժանավայել մահվանը սպասելով մերձավորներիդ պատմեցիր գալիք իրադարձությունների մասին:
Արդ, Սուրբ Հայրապետ, խնդրում ենք քո բարեխոսությունը, որ Տիրոջ առջև ես, մեր օրերի համար, մեր ազգի, մեր եկեղեցու և մեր իշխանավորի համար: Ընդունելով քրիստոնեությունը անարժանորեն ենք ապրում այդ պատվական անվան համեմատ: Քրիստոնյա ենք, բայց Քրիստոսը չէ մեր կյանքի փայլը: Բարեխոսիր մեր եկեղեցու անսասանության, մեր հավատքի զորացման համար: Բոլոր սրբեր, բարեխոսեցեք հայ ազգի համար մեր Տիրոջ մոտ, գուցե ողորմություն գտնենք Բարերարից մեր վարած <<քրիստոնեական>> կյանքի համար:
Օգնի’ր մեզ, Տե’ր, օգնի’ր մեզ, Աստվա’ծ Փրկիչ մեր,
Քո անվան մեծ փառքի համար, Տե’ր, փրկի’ր մեզ, և քավի’ր մեր մեղքերը:
Պարսպած պահի’ր Քեզ ապավինած և Քո սուրբ անվանը հուսացող ժողովրդին
Ողորմի՜ր, Տե՜ր, Դու ստեղծեցիր, Քո ձեռքի գործը մի’ անտեսիր,
օգնական և պահապան եղիր ազգին հայոց և Քո Սուրբ եկեղեցուն: ԱՄԵՆ: