Եկեք ձևավորենք մի բարի սովորություն և մեր երեխաներին ամեն օր,
օրվա ավարտին տանք միևնույն հարցը, ամփոփելով օրվա ընթացքը.
«Ի՞նչից կարող ենք շնորհակալ լինել այսօր».
Եվ թույլ տանք, որ երեխան ինքնուրույն վերլուծի իրավիճակը:
Այսպիսով նրա մոտ աստիճանաբար կձևավորվի կենտրոնացում, երևույթները հիշելու կարողություն,
պատասխանատվություն սեփական ուշադրության նկատմամբ և որ ամենակարևորն է շնորհակալ լինելու և գոհանալու կարողություն:
Եթե երեխան նկատի լավը, անպայման կհամեմատի վատի հետ:
Եվ անմիջապես սովորեցնենք շնորհակալությունը ուղղել հասցեատիրոջը` մոտավորապես այսպիսի բառերով`
«Սիրելի Աստված, շնորհակալ եմ ընտանիքիս համար:
Օգնիր ինձ, որ այսօր նրանցից յուրաքանչյուրի համար մի լավ բան անեմ»:
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բարի բան, նախ դառնում է բարի սովորություն` ապա առաքինություն: Կարճ ժամանակից հետո մեր երեխան կդառնա կառավարելի և ուշադիր շրջապատի մարդկանց նկատմամբ, կսովորի թե ինչպես են մարդիկ աղոթում և ամեն օր կփոխվի իր աղոթքի թեման` ըստ մեր տված հարցի:
Հնարավորինս զերծ պահենք մեր երեխաներին համացանցից, որովհետև այնտեղ միաժամանակ աճում է և ցորեն և որոմ: Իսկ երբ երեխայի շփման միջավայրը
կենդանի խոսակցությունն է, բացատրական աշխատանքներն են, ապա հետագայում ինտերնետը այդքան չի վնասի: Ափսոս են մեր փոքրիկ անգին գանձերը, հատկապես, որ մեր Տերը հատուկ զգուշացրեց, որ այդ փոքրիկներին ոչ ոք չգայթակղեցնի: