Մեր եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնը, Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Ընդհանրական աղոթքով դիմում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությանը Տիրոջ առջև, մեր ազգի հավատքի և եկեղեցու անսասանության համար: Շնորհավորում ենք Գրիգոր անունը և ազգանունը կրող բոլոր հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ, հայցելով Սրբի բարեխոսությունը նրանց նրանց ամուր հավատքի համար:
Յանուն սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ նրա լուսաւոր զաւակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկիչդ, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմութիւնը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից:
Թագաւո՛ր հզօր, ապաւէ՛ն ծարաւածների եւ փրկի՛չ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկուեցիր անօրէններից, արթնացրո՛ւ Քո զօրութիւնը եւ արի՛ ապրեցնելու Քո արեամբ գնուածներին, թոյլ մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակուել Քո սուրբ անուան տաճարում եւ
Քեզ մարմին եւ անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել եւ ծաղրուել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին:
Իմաստունն ասում է. «Առաքինի մարդու յիշատակն անմահութիւն է, որ
ճանաչւում է թէ՛ Աստծու կողմից եւ թէ՛ մարդկանց»։ Իմաստ. 4:1
«Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, եւ դուք պիտի սրբանաք.
նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն»։ Իմաստ.6:11
Պատմությունից մենք գիտենք, որ 301թ Հայոց Տրդատ արքան, նախարարները
և ողջ ավագանին, գալով Գրիգորի մոտ, խնդրեցին նրա բարեխոսությունը ամենակարող Աստծո մոտ: Գրիգորը սկսեց նրանց հետ խոսել մարդասեր Աստծո, Նրա փրկչական առաքելության մասին: Սբ Գրիգորի միջոցով Աստված խոսեց ծնկի իջած ժողովրդի հետ, և բացվեցին բոլորի աչքերը, հասկացան և սիրեցին միակ, ճշմարիտ Աստծուն, և մի ողջ ազգ հոգևոր բժշկություն ունեցավ, լուսավորվեց և քրիստոնյա դարձավ: Այսինքն Լույսը` Սուրբ Գրիգորի միջոցով միացավ ուժին`արքային և ծնվեց առաջին քրիստոնյա Հայաստանը: