Աստված ամեն մարդու չէ՛, որ օրհնում է և բարիքներ պարգևում։ Եթե մեկն Աստծուն ոչ հաճելի արարք
թույլ տա, Աստված ինչպե՞ս կօրհնի նրան։ Իսկ խոնարհությունն այնպիսի առաքինություն է, որ առանց նրա
մարդ ինչ բարի գործ էլ կատարի, չի կարող Աստծուն հաճելի լինել։ Եթե, օրինակ, մի բարի գործ է անում և
պարծենում է կամ իր սրտում հպարտանում, Աստված համարում է, թե նա ոչ մի բարի բան էլ չի արել։ Իսկ երբ
մարդ բարի գործ է անում և հասկանում է, որ առանց Աստծո օգնության ինքն այդ գործն անել չէր կարող, սա
խոնարհություն է, և Աստված էլ հենց այս մարդու արած բարի գործն է հավանում և գործողին օրհնում։
Երբ մեծամիտ չենք, մեծախոս չենք, մեզ ավելի լավը չենք համարում, քան ուրիշներին, այլ բոլորի մեջ
տեսնում ենք բարի հատկություններ, իսկ վատը տեսնելիս ոչ թե մարդուն արհամարհում ենք կամ ատում, այլ
ցավ զգում նրա համար, սա խոնարհություն է։
Երբ մեր անձը չենք ցուցադրում, ինքներս մեզ չենք գովաբանում, իսկ ուրիշներին քննադատում, երբ
կոպիտ պատասխաններ չենք տալիս, չենք հայհոյում, հակաճառում, կռիվներ անում, կոպտում, սա
խոնարհություն է։
Երբ ներում ենք մեր ընկերոջը, ով մեզ վատություն է արել, մոռանում ենք նրա արածը և չարին չարով
չենք հատուցում, վրեժ չենք լուծում, մարդկանց չենք բամբասում ու վատաբանում, սա խոնարհություն է։
Երբ հնազանդ ենք նրանց, ում պարտավոր ենք հնազանդվել` ծնողներին, ուսուցիչներին, մեզանից
մեծերին, ղեկավարներին, նույնիսկ երբ հնազանդվում ենք միմյանց, այսինքն` նախընտրում ինչ-որ հարցերում
զիջել մեր ընկերոջը և ոչ թե անպայման մեր կամքն առաջ տանել, սա խոնարհություն է։
Երբ հարգալից ենք մարդկանց հանդեպ, մեր գործը կատարում ենք բարեխղճությամբ, աղքատ ու
թշվառ մարդկանց չենք ծաղրում, մարդկանց թերությունների վրա չենք ուրախանում, սա խոնարհություն է։
Խոնարհություն է նաև այն, որ երբ սխալ ենք թույլ տալիս, այն ընդունում ենք, ներողություն խնդրում և
ոչ թե ամեն կերպ ջանում մեզ արդարացնել կամ նույնիսկ մեր մեղքն ուրիշի վրա գցել։
Նշանակում է` խոնարհության մեջ կան համարյա բոլոր առաքինությունները` սերը, ներողամտությունը,
կարեկցանքը, համեստությունը և այլն։ Խոնարհությունն արիություն է և ոչ թե թուլություն:
Շատերը երբեմն կարծում են, թե խոնարհությունը թուլություն է։ Սակայն իսկական խոնարհությունը
հերոսություն է և հերոսին հատուկ քաջություն է պահանջում, որը շատ քիչ մարդիկ ունեն։
Օրինակ` երբ մեզ վատություն են անում և մենք ներում ենք, սրանից ավելի մեծ քաջություն չկա։ Իսկ
եթե վրեժ ենք լուծում, բամբասում ու չարախոսում, մեր սրտում ատում, նշանակում է` ուժ չունենք մեծահոգի և
բարի լինելու, ուժ չունենք հասցված վիրավորանքը հաղթահարելու և արհամարհելու, արհամարհելու վիրավորա՛նքը և
ոչ թե այն հասցրած մարդուն։ Եվ շատ մեծ թուլություն է, երբ սխալ ենք թույլ տալիս, վատ բան անում և չենք կամենում
այն ընդունել ու ներողություն խնդրել, այլ վախկոտի պես սկսում ենք մեզ արդարացնել ու սուտ խոսել։
Խոնարհ մարդն է, որ պատրաստ է հնազանդվելու ցանկացած հրամանի, եթե դա պահանջվում է
հայրենիքի և ժողովրդի համար։ Նա պատրաստ է հնազանդվելու նույնիսկ մահվան գնով, նա պատրաստ է
անձնազոհության։ Մի՞թե սա մեծ քաջություն չէ։ Եվ անչափ մեծ քաջություն ու հերոսություն է սեփական
ցանկությունը մի կողմ թողնելով` կատարել ուրիշինը, զիջել ուրիշին, սակայն սա անել ուրախությամբ ու սիրով։
Տեր Հիսուսն Ինքը շատ խոնարհ ու հնազանդ էր։ Նրա մասին գրված է, որ երբ դեռ երեխա էր, հնազանդ
էր Իր ծնողներին։ Իսկ Ինքն Իր մասին ասում էր. «Ես երկնքից իջա, ոչ թե որպեսզի Իմ կամքը կատարեմ, այլ
Նրա, Ով ինձ ուղարկեց», այսինքն` Հայր Աստծո։ Եվ այդ նույն հնազանդությամբ էլ չարչարվեց ու խաչվեց մեզ
համար։ Որովհետև այդպես էր որոշել Նրա Հայրը։
Քրիստոնյան միայն մի դեպքում իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է չհնազանդվել։ Քանի որ նա
նախևառաջ Աստծո ծառան է, ապա պիտի կատարի նախևառաջ Աստծո հրամանները. երբ իրենից պահանջում
են Աստծո պատվիրաններին հակառակը, այսինքն` չար ու տմարդի բաներ կատարել` ինչ-որ մեկին որևէ
վատություն անել, գողանալ, սպանել և այլն, նա չպիտի հնազանդվի։ Նա կարող է սպանել միայն, եթե դրանով
պիտի փրկի ուրիշների կյանքը։ Ահա այդ պատճառով էլ պատերազմի ժամանակ նա թեև սպանում է թշնամուն,
սակայն դա անում է, որպեսզի թշնամին, իր հայրենիքը գրավելով, չսպանի ու չկոտորի իր մերձավորներին ու
ժողովրդին։ Եվ երբ պետք է սրբությունն ու ճշմարտությունը պաշտպանել, քրիստոնյան ոչ ոքից ու ոչնչից չի
վախենում, գիտի պաշտպանել Աստծուն, իր հայրենիքը, ծնողներին, եղբայրներին ու քույրերին, ընկերներին,
աղքատ ու թշվառ կամ նեղության մեջ ընկած մարդկանց։
Խոնարհությունը շատ մեծ առաքինություն է
Կատարելապես խոնարհ լինելը չափազանց դժվար է, քանի որ դա հավասար է կատարելության, այսինքն` երբ
մարդ ոչ մի թերություն չի ունենում, ամեն ինչով կատարյալ է։ Խոնարհ մարդը կատարում է Քրիստոսի բոլոր
պատվիրանները։ Խոնարհը նաև հեզ է, ողորմած, խաղաղարար, արդար, ճշմարտության ու արդարության
մարտիկ։ Դրա համար էլ Տեր Հիսուսն առաջին երանին տալիս է խոնարհին։
Իսկ ինչո՞ւ է խոնարհը կոչվում «հոգով աղքատ»։ Որովհետև նրա հոգին չունի չարություններ ու
թերություններ, շատ աղքատ է չարությամբ և հարուստ է բարությամբ։
Աստված ամենից շատ սիրում է խոնարհ մարդուն և ամենից շատ պարգևների էլ հենց նրան է
արժանացնում։ Խոնարհությունն ամենամեծ առաքինությունն է. միայն խոնարհ մարդը կարող է իսկապես
անշահախնդրորեն սիրել։ Անշահախնդրորեն սիրել նշանակում է նախևառաջ դիմացինի շահը փնտրել և ոչ թե
սեփական, այսինքն` կամենալ, որ նախևառաջ դիմացինի համար լավ լինի, հետո՛ իր, հոգ չէ՛, թե ինքը փոքր-ինչ
էլ նեղություն կրի։ Եվ խոնարհ մարդն է միայն, որ կարող է հրաժարվել իր շահից, իր ցանկություններից, եթե դա
պահանջվում է մի ուրիշի օգտի համար։ Միայն խոնարհ մարդը կարող է սիրել այնպես, ինչպես ոչ թե իրեն է
հաճելի, այլ դիմացինին։ Միայն խոնարհ մարդը կարող է սիրել առանց փոխադարձ սիրո ակնկալիքի, այսինքն`
նույնիսկ եթե իրեն չեն սիրում, ինքը շարունակում է սիրել, առանց դժգոհելու կամ չարանալու։
<<Երանիների մեկնությունից>>