10 կանոն ամուսնացողների համար
1.Կյանքի ընկեր ընտրելիս մի շտապեք և որոնման ճանապարհին խնդրեք Աստծու կամքը, գործի դրեք ձեզ պարգևած բանականությունը` քան զգացմունքը:
2. Փորձեք միմյանց ներկայանալ ազնվորեն, շիտակ, ինչպիսին որ կաք, առանց դիմակի, որպեսզի հեշտ լինի միմյանց ճանաչելը:
3. Եթե արդեն հասկացել եք միմյանց և որոշում կա միասին շարունակելու, ապա սկսեք եկեղեցուց, խնդրեք, որ ձեզ հոգևորականը բացատրի ամուսնական պարտականությունների և իրավունքների մասին: Թող ձեզ բացատրի Սուրբ Պսակի խորհուրդը: Մտապահեք սովորածը:
4. Պսակի խորհրդին եղեք առավել ուշադիր, քան լարված, լսեք ամեն մի խոսք, որ կարդացվում է Մաշտոց ծիսագրքից խորհրդակատար հոգևորականի կողմից: կարևորը Պսակի խորհուրդն է, հարսանյաց հանդեսը և մնացած շռայլությունները երկրորդական են և մաս չեն կազմում ձեր երջանկությանը, իսկ քահանայի խոսքերը վճռորոշ են լինելու ձեր կյանքում, եթե մտապահեք և ճիշտ կիրառեք:
5. Ամուսնական կյանքի շեմին դրեք «Տեր և հնազանդ» լինելու խոստումը, Սուրբ Ավետարանի, Սուրբ Խաչի, Սուրբ Սեղանի և բոլոր ներկա գտնվողների դիմաց տված խոստումը և ապրեք ձեր կյանքը «Ոսկե կանոնի» տրամաբանությամբ: Դժվար չէ…
6. Զավակի մասին լուրը թող ուրախացնի ձեր սրտերը, և դուք միասին հոգացեք ապագա երեխայի մասին դեռ չծնված: Վստահ եղեք, որ երեխան զգում է ձեր վերաբերմունքը իր նկատմամբ: Շատ մասնակցեք Պատարագների, մայրը թող շատ լսի հոգևոր երաժշտություն, հնարավորինս ներդաշնակ կյանքով ապրեք:
7.Աստծո կամքով ծնվեց երեխան: Խնդրեք քահանային, թող ձեզ բացատրի Մկրտության խորհրդի մասին: Առաջին հոգևոր պարտականությունը նրան Մկրտության տանելն է և դաստիարակել հոգևոր կյանքով, հնարավորինս զերծ պահելով աշխարհի գույնզգույն խաբկանքներից և նորագույն տեխնոլոգիաներից:Տարեք ձեզ
հետ եկեղեցի, թող սովորի քիչ քիչ այնտեղ մնալ Պատարագին:
8. Հոգևոր հիմքերով ուղարկեք դպրոց, որպեսզի աշխարհի կեղծիքը տեսնելիս համեմատելու բան ունենա, թե չէ կուլ կգնա այդ բարքերին:
9.Թույլ տվեք երեխան ինքնուրույն ընտրություն կատարի մասնագիտության հարցում, հետևեք, բայց թողեք գործի իր ազատ կամքը, թեկուզ սխալվելով և շտկելով: Եթե հիմքը ամուր է, ոչին, որ սայթաքի, ինչպես ընկնի, այնպես էլ կելնի:
10. Երբ կայանա ձեր զավակը, դուք նրա մեջ կտեսնեք ձեզ, ինչպիսին որ դուք եք եղել, այնպիսին էլ ձեր զավակն է: «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:Իսկ եթե ինչ որ բան այնպես չէ, դուք եք ներարկել նրա մեջ անզգուշորեն: Շտկեք ձեզ, կշտկվի և երեխան:Եթե բոլորս նրբանկատորեն դաստիարակենք մեր երեխաներին, վաղը կունենանք փայլուն հասարակություն, և արած կլինենք Տիրոջ խոսքը, թե`
«Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք:
Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8:31):
Հոգևոր կյանքը նման է սևագրության, որ պետք է պարտադիր
մաքրագրվի և սրբագրվի հավատքով ու աղոթքով, որպեսզի ստուգողն էլ գոհ մնա, գնահատվողն էլ պարգև ստանա: