«Երանի՜ թե մեկը իմ գլուխը շատ ջրերի շտեմարան, իսկ աչքերս արտասուքների հորդառատ աղբյուր դարձներ, եւ գիշեր-ցերեկ դառնապես ողբայի մեր մեղքերը» Երեմ 8
հոգևոր քարոզներ
Որովհետեւ կորավ երկրից Աստծուց երկյուղ ունեցողը, մարդկանց մեջ չկա արդար, մեր երկիրը լցվեց սուտ գուշակություններով, ինչպես նախկինում, եւ մեր իսկ կամքով իջանք մտանք սատանայի իշխանության տակ։ Քանզի լեզվով խոստովանում ենք, թե ճանաչում ենք Աստծուն, իսկ գործերով ուրանում ենք Նրան։ Աստված ասում է, թե՝ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ եւ քո ամբողջ զորությամբ»: «էությամբ», այսինքն՝ պիտի պաշտես եւ քո Տերն ու Արարիչը պիտի կոչես միայն Նրան, «զորությամբ», այսինքն՝ քո անձի զորությունը նախ պիտի դնես աղոթքների եւ հոգեւոր գործերի մեջ, «ամբողջ սրտով», այսինքն՝ ո՛չ հեթանոսների տներում, ո՛չ մարտիրոսների հավաքներում, ո՛չ մեհեաններում եւ եկեղեցիներում, ո՛չ բախտի եւ ո՛չ շնորհների համար, ո՛չ խաչի եւ ո՛չ ճակատագրի, ո՛չ կախարդների եւ ո՛չ քահանաների, ո՛չ աղօթքի եւ ո՛չ պահպանության համար թող չլինի այնպես, որ լեզվով խոստովանենք եւ սրտով չհավատանք, չլինի, թե սրտով հավատանք եւ լեզվով ուրանանք, չլինի, որ խոսքով պատվենք Աստծուն, իսկ գործերով բարկացնենք, հավատով մեծարենք, իսկ գործերով տրտմեցնենք, այլ մեր ամբողջ սրտով, էությամբ, զորությամբ եւ մտքով սիրենք Աստծուն եւ Քրիստոսի անունը կրելով՝ քրիստոնյա անվանվենք:
https://www.fatherarmen.com/հոգևոր-քարոզներ
Իսկ եթե լեզվով Աստծուն անվանում ես Արարիչ, պարգեւներ Տվող, Փրկիչ եւ Ապրեցնող, մահվան եւ կյանքի Իշխան, բայց սրտովդ եւ անձովդ գնում ես վհուկների, կախարդների, գուշակների եւ հարցուկների մոտ, գերվում ես գուշակություններով, սնոտիապաշտությամբ եւ հմայություններով, չե՛ս կարող քրիստոնյա կոչվել, որովհետեւ հեռացել ես Քրիստոսից եւ սատանայի լծի տակ ես հնազանդվել, որովհետեւ լքել ես Արարչին ու Ապրեցնողին եւ ապավինել ես սատանային։ Որովհետեւ եթե իսկապես հավատայիր, որ Աստված է Արարիչը ամեն բանի, ապա կհավատայիր, որ միայն Արարիչն իշխանություն ունի ապրեցնելու եւ մեռցնելու, հարվածելու եւ բժշկելու։ Եւ ո՞վ կհամարձակվեր մոտենալ վհուկներին, որոնք նույնիսկ իրենց անձին չեն կարող առողջություն եւ անմահություն շնորհել։ Լա՛վ, ցո՛ւյց տուր կախարդներից գոնե մեկին, որ առանց ցավերի ու անմահ եղավ։ Իսկ եթե ասում ես, թե՝ «Հարցուկների մոտ չէ, որ գնում եմ. նա բժիշկ է, եւ բժշկի մոտ եմ գնում»։ Բժշկի գործն այս է. այրել, կտրել, արյուն հանել եւ ցավերին համապատասխան դարման մատուցել, այլ ոչ թե հուռութքներով կախարդելն ու սատանայական բարբաջանքներ բարբաջելը, կամ աղը, ածուխն ու ասեղները կարմրեցնելը, երկաթով, ջրով եւ ուլունքներով կախարդելը, գրերի ծրար մարդու վրա դնելը, եւ կամ ձկների ու սողունների ոսկորները, բժժանքների ծրարը ձեռքերի, անձի կամ պարանոցի վրա կապելը։
https://www.fatherarmen.com/հոգևոր-քարոզներ
Արդ, ողորմելի՛ եւ թշվառակա՛ն, ինչո՞ւ ես թողնում Արարիչ եւ բժիշկ Աստծուն եւ պահապան խաչը եւ ապավինում հիմար կախարդներին ու դեւերից ապականվածներին։ Լա՛վ տես, թե ի~նչ է անում չար կախարդը. կանգնում է մեջտեղում եւ սկսում է կախարդել, եւ կախարդելու ժամանակ նրան են մոտենում դեւերը, երբ մտնում են նրա մեջ, սկսում է հորանջել. ձախ կողմում կախարդում է, աջ կողմում՝ թքթքում, անարգում է խաչը, թշնամաբար անարգում է Քրիստոսին եւ չի հասկանում։ Եթե նա ցույց տա իր հուռութքները, մանուկների համար անգամ ծաղրուծանակի ու ծիծաղի առարկա կդառնա։ Եթե ժամանակ ունենայի՝ մեկ առ մեկ նկարագրելու նրա մարմնի վրայի հուռութքները, բոլորի ծաղրին կենթարկեի կախարդի հիմարացած մտքերը։ Որովհետեւ կախարդի, թովչի եւ հարցուկի բոլոր հուռութքներն ու ծրարները սուտ են եւ ողորմելի, առիթ են գեհենի ու հավիտենական կրակի, եւ նրանք, ովքեր մոտենում են նրանց, դատապարտվում են գեհենի կրակին եւ անօրենների հետ մաս ունեն, որովհետեւ արհամարհում են բժշկության շնորհները. հարկ էր, որ բժշկվեին բժշկության արվեստի շնորհիվ՝ այրելով, կտրելով եւ իրենց ցավերին դարման առնելով։ Նրանք առավել եւս արհամարհում են շնորհների պարգեւները, որովհետեւ ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի Եկեղեցու երեցներին, եւ նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եւ հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին» Հակ.5:14
https://www.fatherarmen.com/հոգևոր-քարոզներ
Նրանց համար, ում չարչարում է դեւը, հրամայեց, որ պահքով, աղոթքով եւ ամենահաղթ խաչի նշանով հալածեն դեւին Մատթ.15:20 Իսկ նրանք, ովքեր անարգում են փրկական խաչը, արհամարհում են Քրիստոսի շնորհները եւ գնում են կախարդների մոտ, որոնք հմայում, ծրարներ, հուռութքներ ու գրեր են դնում նրանց վրա, նրանց մասին Քրիստոս ասում է. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք հավիտենական հրի մեջ, չե՛մ ճանաչում ձեզ» Մատթ.25: 41 որովհետեւ անում են այն, ինչ Նա չի հրամայում։
Արդ, եթե ասես, թե նրանք նույնպես քրիստոնյաներ են եւ Քրիստոսի անվամբ են կախարդություններ անում, նաեւ՝ որ Եկեղեցու սպասավորներն ու աբեղաներն էլ են գիր գրում, լսի՛ր ավետարանչին. «Շատ մարգարեներ, ասում է, այն օրը պիտի ասեն. «Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք եւ Քո անունով դեւեր հանեցինք եւ Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք, մեր առջեւ նույնպես բա՛ց արա»։ Եւ Տերը պիտի ասի. «Չե՛մ ճանաչում ձեզ» Մատթ. ե 22-23 որովհետեւ արեցին այն, ինչ Նա չհրամայեց։ Ինչո՞ւ եմ մարգարեների մասին ասում. չէ՞ որ Նրա աշակերտը՝ Հուդան, որ մարգարեներից առավել նշաններ ու բժշկություններ էր անում, չթվվեց առաքյալների հետ, այլ գեհենի խորքերը նետվեց։ Ինչո՞ւ եմ աշակերտի մասին ասում, երբ հրեշտակը չպահեց իր բնակության վայրը, ուր դրվել էր, այլ անիծվեց, ընկավ, սատանան դարձավ եւ խոտան անունը ժառանգեց։ Արդ, դու, որ ապավինում ես այն բանին, թե նրանք էլ են քրիստոնյաներ եւ Եկեղեցու սպասավորներ եւ Քրիստոսի անունով են գրում ծրարների երդումները, ո՛վ անմիտ, որո՞նք են ընդդեմ դեւերի երդումները. մի՞թե դրանք պահքը եւ հավատով աղոթքները չեն հաղթող խաչի միջոցով, որից դողում են դեւերի բոլոր բնությունները։
https://www.fatherarmen.com/հոգևոր-քարոզներ
Իսկ գիր պահպանարանները հակառակ են Աստծու պատվիրաններին ու շնորհներին, ինչպես սուտ մարգարեներն էին ժողովրդին շեղում ճշմարիտ մարգարեներից, խափանում էին ճշմարտության խոսքերը եւ մոլորության էին դարձնում։ Արդ, եթե այն օրը չլսեց սուտն ուսուցանող մարգարեներին, Իր Հուդա աշակերտին հանեց Առաքյալների գնդից, նաեւ չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ որպես օրինակ ներկայիս մեղավորների՝ խավարային կապանքներով տարտարոսի մեջ գցեց՝ չսպասելով դատաստանի ապա պետք է իմանալ, որ չի խնայի նաեւ սրանց, ովքեր ոչ թե հավատով, այլ միայն անունով են իրենց անձերը նվիրում Աստծուն, Աստծու տանը կերակրվում են, Աստծու համար պատիվներ են ընդունում եւ Եկեղեցու գլուխ են համարվում, ընթերցում են Աստծու օրենքները, տգետների վարդապետ եւ մոլորվածների առաջնորդ են անվանվում, բայց իրենք են մոլորված. թողած Աստծու շնորհները, աղոթքներն ու օծության յուղը, որով նրանց պատվիրված էր օծել հիվանդին, տառապողների համար պահքն ու աղոթքը՝ խոտորվում են դեպի կախարդություններն եւ գրերը։
Մի՞թե այս ամենը մեծագույն սգի, արտասուքների եւ մեծ բարկության արժանի չէ, որ Աստծու` Իր Որդուն առաքելուց հետո դեռեւս համարձակվում ենք մտածել այդպիսի բաներ։ Պե՞տք է արդյոք իրեն քրիստոնյա կոչի նա, ով հնազանդվում է այս ամենին, ով հեռացել է Քրիստոսից եւ հնազանդվել է դեւերի կամքին, սատանային է ծառայում եւ մշտապես նրա հրամաններն է կատարում գուշակություններով, կախարդություններով եւ գրեր անելով, որ գրում են անեծքի որդիները եւ համարում են, թե սպասավորում են Աստծու սուրբ սեղանին։
Հովհան Մանդակունի Հայրապետ <<Ճառեր>>
հոգևոր քարոզներ