Այժմ արդեն երանության բուրմունքը դիպել է ձեզ բոլորիդ, լուսավորվողների դասին հասածնե՛ր: Այժմ արդեն դուք քաղում եք հասկանալի ծաղիկները` դրանցով երկնային պսակներ հյուսելու համար: Այժմ արդեն տարածվել է Սուրբ Հոգու բուրմունքը:
Այժմ դուք գտնվում եք արքայական պալատների նախագավթում.
տա Աստված, որ այնտեղից ներս մտնեք արժանի առաջնորդությամբ: Քանզի արդեն ծառերը ծաղկեցին. և տա Աստված, որ պտուղներն էլ հասնեն:
Ձեր անուններն արդեն արձանագրված են, և դուք զինվորագրվել եք: Ճրագները, որ պիտի ուղեկցեն հարսանեկան թափորին, պատրաստ են:
Ձեր մեջ ուժեղ է երկնային հասարակության փափագը: Այդ ճշմարտությունը մեզ բացահայտեց Պողոս առաքյալը`ասելով, թե «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի
համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ. 8: 28): Եվ Աստված շռայլ է իր բարեգործությամբ, բայցև սպասում է յուրաքանչյուրիս ազնիվ նախընտրանքին:
Այդ իսկ պատճառով Պողոս առաքյալը լրացնում է. «Որոնք և կանչվեցին Նրա նախասահմանումով» (Հռոմ.8:28): Եթե քո նախընտրանքը ազնիվ է,
ապա քեզ կդարձնի հրավիրյալ: Իսկ եթե դու մարմնով լուսավորվողների շարքերում ես, բայց մտքով` ոչ, ապա ոչնչով քեզ օգնել չի կարող:
Մի անգամ մոգ Սիմոնը եկավ լոգարան ու մկրտվեց, բայց չլուսավորվեց: Մարմինն ընկղմվեց ջրի մեջ, բայց նրա սիրտը չլուսավորվեց Սուրբ Հոգով:
Մարմինն իջավ ջրի մեջ և բարձրացավ, իսկ հոգին չթաղվեց Քրիստոսի հետ, ոչ իսկ Նրա հետ բարձրացավ: Ես քեզ պատմում եմ, թե ինչպես և ուր ընկան մյուսները, որպեսզի դու ևս չընկնես:
Այդ ամենը կատարվեց նրանց հետ, որպեսզի օրինակ ծառայեն մեզ համար և այդ պատճառով գրվեցին` օգնելու համար բոլոր նրանց, ովքեր գալիս են մկրտվելու: Ուրեմն, թող չգտնվի որևէ մեկը, որ ուզենա փորձել Շնորհը:
«Դառնության արմատը, աճելով, թող ոչ ոքի նեղություն չտա» (Եբր12:15): Ոչ ոք ձեզանից չմտնի այնտեղ` ասելով` թույլ տուր տեսնենք, թե ի՞նչ են անում հավատացյալները: Ես էլ մտնեմ, իմանամ, թե ի՞նչ է կատարվում:
Դու ակնկալում ես տեսնել ու չե՞ս հասկանում, որ ինքդ ևս կդառնաս նկատելի և կարծում ես, թե դու կարող ես լինել մանրախույզ և քննել այն ամենը, ինչ կատարվում է Եկեղեցում, իսկ Աստված չի զննում ու չի քննում քո սիրտը: Ավետարանում պատմվում է, թե մի անգամ մի մարդ հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում հարսանիքում:
Եվ, անարժան զգեստներ հագած, մտնում է հարսանեկան մի տուն և նստում է սեղանի առաջ և սկսում է ուտել: Քանզի փեսան չարգելեց նրան: Անկոչը, տեսնելով, որ բոլորը հագել են սպիտակ զգեստներ, ինքը ևս պարտավոր էր գնալ նույնպիսի զգեստ հագնել: Բայց այդպես չարեց: Նա բոլորին հավասար վայելում էր ճաշերը` առանց համապատասխան տեսք ունենալու: Մինչդեռ փեսան, թեև առատաձեռն էր, բայց ոչ անտարբեր:
Շրջելով հրավիրյալների մոտով (քանզի նրան հետաքրքրում էր ոչ միայն այն,
թե ինչքան և ինչ պիտի յուրաքանչյուրն ուտի, այլև որքան նրանք բարեձև են)` նկատեց առանց հարսանեկան զգեստներով օտարականին և ասաց նրան. «Ընկեր, ինչպե՞ս
մտար այստեղ. ի՞նչ զգեստներով» (Մատթ.22:12), ի՞նչ խղճով: Ենթադրենք, որ դռնապանը քեզ չարգելեց, քանի որ փեսան առատաձեռն է: Ընդունենք, որ չգիտեիր, թե
ինչպիսի զգեստով պետք է մտնեիր խնջույքի: Ներս մտար, տեսար հրավիրյալների փայլուն զգեստները, արդյոք պետք չէ՞ր, որ դու դրանից դաս վերցնեիր և անմիջապես
դուրս գալով` գնայիր և բարենպաստ ժամանակին ներս մտնեիր: Ուստի այժմ, քանի որ անժամանակ ես ներս մտել, ժամանակին դուրս կնետվես»:
Եվ հրամայում է իր ծառաներին` ասելով. «Կապեք նրա ոտքերը, որոնք այսքան համարձակ ներս են մտել: Կապեք նրա ձեռքերը, որոնք չեն սովորել զվարթ զգեստներ հագնել:
Եվ հանեցեք նրան արտաքին խավարը» (Մատթ22:13): Քանզի անարժան է հարսանեկան ջահերին»: Ահա տես, թե ինչ կատարվեց նրա հետ. ուստի զգուշացիր և ապահովիր ինքդ քեզ:
Ուրեմն մենք` Քրիստոսի սարկավագներս, ընդունել ենք ամեն մեկին, ով ուզում է, և դռնապանի դեր կատարելով` դուռը լայն բացել ենք նրանց առաջ: Այսպիսով, ուրեմն քեզ հնարավորություն է տրվում նույնիսկ ներս մտնելու, եթե անգամ քո հոգին ապականված է մեղքերից և քո ընտրությունը` եղծված: Ներս մտար, ուրեմն դու համարվեցիր արժանի, և քո անունը գրվեց (մկրտության) ցուցակում: Բարի եղիր, խնդրեմ, և ուշադիր սովորիր Եկեղեցու այս վեհ հաստատությունը: Դու նկատե՞լ ես արդյոք Եկեղեցու կարգը. հավատքը և իմացությունը, Գրքերի ընթերցումը, Աստծուն նվիրված հոգիների ներկայությունը, ուսուցման ընթացքը. հարգիր նաև վայրը և սովորիր քո տեսածներից:
Այժմ, քանի հնարավոր է, դուրս եկ և վաղը մտիր Եկեղեցի առավել բարենպաստ ժամանակ: Եթե քո հոգու զգեստը արծաթասիրությունն է, ապա Եկեղեցի մտիր` ուրիշ զգեստ հագած: (Հանիր այդ զգեստը և ոչ ոքի ցույց մի տուր): Հանիր պոռնկության և անմաքրության հագուստը և հագիր ողջամտության պայծառ զգեստը: Ես քեզ զգուշացնում եմ, նախքան ներս կգա մեր հոգիների փեսան` Հիսուս Քրիստոսը, և կտեսնի մեր հագուստը: Այժմ երկար ժամանակ ունես:
Դու շատ ժամանակ ունես զգեստդ հանելու, մաքրվելու և վերստին հագնելու և ըստ պատշաճի Եկեղեցի մտնելու համար: Բայց եթե համառես քո վատ ընտրության վրա ու չզղջաս, ապա ես, որ այս քեզ ասում եմ, պատասխանատու չեմ. և դու հույս մի ունեցիր աստվածային շնորհն ստանալու: Քանզի (մկրտության) ջուրը քեզ կընդունի, բայց Սուրբ Հոգին քեզ չի ընդունի: Նա, ով գիտակցել է իր վերքը, թող վերցնի նաև բուժամիջոցը: Եթե մարդ ընկել է մեղքի մեջ, թող վեր կենա: Ձեզանից ոչ ոք չնմանվի Սիմոնին. ոչ մի կեղծիք չլինի ձեր մեջ, ոչ մի շահագրգռություն` ձեր մեջ: Այստեղ ասվածները լավ սովորիր և պահիր մշտապես: Չկարծես, թե այստեղ ասվածները սովորական զրույցներ են: Բայց եթե դու այդ բոլորը չհամակցես և չհիշես թե՛ առաջինները և թե՛ վերջինները, ապա կառուցողը կկառուցի, իսկ դու կունենաս վատ հիմքերով խարխուլ տուն:
Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետ
«Կոչումն ընծայության»