Մի հարուստ մարդ և նրա որդին սիրում էին արվեստի եզակի գործեր հավաքել: Իրենց հավաքածուում նրանք ամեն ինչ ունեին. Պիկասոյից մինչև Ռաֆայել: Նրանք հաճախ էին նստում միասին և հիանում արվեստի հզոր գործերով: Որդին պատերազմ գնաց, և զոհվեց ճակատամարտում` փրկելով մեկ այլ զինվորի կյանքը: Հայրը տեղեկացվեց այդ մասին և սգաց իր միակ որդու մահը: Մոտ մեկ ամիս անց` Սուրբ Ծննդից առաջ, դուռը թակեցին: Մի երիտասարդ էր կանգնած դռան առաջ` ձեռքին մի մեծ փաթեթ: Նա ասաց. «Պարո՛ն, դուք ինձ չգիտեք: Ես այն զինվորն եմ, ում համար ձեր որդին զոհեց իր կյանքը: Այդ օրը նա շատ կյանքեր փրկեց, իսկ ինձ տանում էր ապահով մի վայր, երբ փամփուշտը մխրճվեց նրա սրտի մեջ, և նա վայրկենապես մահացավ: Նա հաճախ էր խոսում ձեր և դեպի արվեստն ունեցած ձեր սիրո մասին»:
Երիտասարդը մեկնեց փաթեթը. «Գիտեմ, որ սա այնքան էլ շատ չէ: Իրականում ես մեծ նկարիչ չեմ, բայց գիտեմ, որ ձեր որդին կցանկանար, որ դուք ունենայիք սա»:
Հայրը բացեց փաթեթը: Այնտեղ երիտասարդի կողմից նկարված իր որդու դիմանկարն էր: Նա հիացմունքով նայում էր, թե ինչպես էր զինվորը նկարի մեջ պատկերել իր որդու անհատականությունը: Հորն այնքան էին գրավել նկարի աչքերը, որ իր աչքերից էր արցունք հոսում: Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդին և առաջարկեց վճարել նկարի համար: «Օ՜, ո՛չ, պարո՛ն: Ես երբեք չեմ կարողանա փոխհատուցել ձեր որդու արածի դիմաց: Սա նվեր է»:
Հայրը դիմանկարը կախեց բուխարու վերևում: Ամեն անգամ, երբ այցելուներ էին գալիս նրա տուն, իր հավաքած շքեղ գործերից որևէ մեկը ցույց տալուց առաջ նա նրանց տանում էր իր որդու դիմանկարը տեսնելու: Մի քանի ամիս անց հայրը մահացավ: Նախատեսվում էր նկարների աճուրդ անցկացնել: Բազմաթիվ ազդեցիկ մարդիկ էին հավաքվել` հուզված մեծ նկարները տեսնելու և իրենց հավաքածուի համար դրանցից մեկը գնելու մտքից: Բեմին որդու նկարն էր: Աճուրդավարը խփեց մուրճը.
-Գների առաջարկը կսկսենք որդու նկարից: Ո՞վ կառաջարկի այս նկարի համար:
Լռություն էր: Այնուհետև սենյակի ետևից մի ձայն բղավեց.
– Մենք ուզում ենք տեսնել հանրահայտ նկարները: Թողե՛ք սա:
Սակայն աճուրդավարը պնդեց.
-Որևէ մեկը գումար կառաջարկի՞ այս նկարի համար: Ո՞վ կսկսի: Հարյու՛ր դոլլար, երկու՛ հարյուր:
Մեկ այլ ձայ՝ն բարկացած.
-Այս նկարը չէ, որ եկել ենք տեսնելու: Եկել ենք տեսնելու Վան Գոգ, Ռեմբրանտ: Ավարտե՛ք և անցե՛ք իրական առաջարկներին:
Բայց աճուրդավարը դեռ շարունակում էր.
-Որդի՛ն: Որդի՛ն: Ո՞վ կվերցնի որդուն:
Ի վերջո, սենյակի ետնամասից մի ձայն լսվեց: Դա հոր և նրա որդու երկարամյա այգեպանն էր:
-Ես 10 դոլլար կտամ այս նկարի համար:
Դա այն ամենն էր, ինչ այդ աղքատ մարդը կարող էր թույլ տալ իրեն վճարել:
-Մենք ունենք 10 դոլլար, ո՞վ կառաջարկի 20:
-Տվե՛ք այն նրան 10 դոլլարով: Եկեք տեսնենք վարպետների գործերը:
-10 դոլլարը նախնական առաջարկ է, որևէ մեկը չի՞ առաջարկի 20 դոլլար:
Ամբոխը գնալով զայրանում էր: Նրանք չէին ուզում որդու նկարը:Նրանք ավելի արժանավոր ներդրումներ էին ցանկանում իրենց հավաքածուների համար:
Աճուրդավարը խփեց մուրճը:
-Մեկ, երկու: Վաճառված է 10 դոլլարով:Երկրորդ շարքում նստած մեկը բղավեց.
-Այժմ եկեք անցնենք հավաքածուին: Աճուրդավարը վայր դրեց մուրճը.
-Ներեցե՛ք, աճուրդն ավարտված է: -Իսկ ի՞նչ կասեք նկարների մասին:
-Ներեցեք, բայց երբ ինձ հրավիրեցին այս աճուրդն անցկացնելու, ինձ հաղորդեցին, որ գոյություն ունի կտակով արված գաղտնի պայման: Ես իրավասու չէի բացահայտել այս պայմանը, մինչև այս պահը: Միայն որդու նկարը պետք է աճուրդի դրվեր: Նա, ով գներ այդ նկարը, կժառանգեր ողջ ունեցվածքը, այդ թվում` նկարները: Մարդն, ով վերցրեց որդուն, ստանում է ամեն ինչ:
2000 տարի առաջ Աստված Իր որդուն տվեց` խաչի վրա մահանալու: Աճուրդավարի նման Հայր Աստծո այսօրվա պատգամն է. «Որդի՛ն, որդի՛ն: Ո՞վ կվերցնի որդուն»:
Որովհետև, տեսնում եք, նա, ով վերցնում է Որդուն, ստանում է ամեն ինչ:
Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, նա, ով հավատա, հավիտենական կյանքի արժանանա: Սա է սերը…
Շնորհակալություն Ռադիո Մարիամին այս գեղեցիկ պատմության համար.