Ի՞նչ պատասխան պիտի տաս, երբ շուրջդ հավաքվեն վաշխի պատճառով քո կողմից զրկվածները. (մաս երկրորդ)
Եւ արդ, ի՞նչ անենք եւ կամ ո՞ր օրինակով արմատախիլ անենք չար արմատը, որովհետեւ իբրեւ օձերի ու գազանների հետ ենք խոսում եւ ոչ իբրեւ քրիստոնյաների ու քրիստոսասերների, որոնք Աստծու հրամաններին են հնազանդվում։
Պատերազմում են՝ բարձրաձայն բարբառելով, թէ՝ «Եթե մեր արծաթը վաշխով չվերադառնա մեզ, ապա փոխ չենք տա եւ չենք ողորմի հեծեծացող եղբորը»։ Այդ խոսքը անօրեն է եւ Աստծու կամքին հակառակ, այդ խոսքը սատանայական կամքի ծնունդ է, որ հեռացնում է Աստծուց. այդ խոսքը չար թշնամու սերմն է, որպեսզի մոլորեցնի ձեզ ճշմարտությունից, քանզի հենց այդ են չարի վարդապետության խորհուրդները ընդդեմ Աստծու պատվիրանների։
Պատերազմում են՝ բարձրաձայն բարբառելով, թէ՝ «Եթե մեր արծաթը վաշխով չվերադառնա մեզ, ապա փոխ չենք տա եւ չենք ողորմի հեծեծացող եղբորը»։ Այդ խոսքը անօրեն է եւ Աստծու կամքին հակառակ, այդ խոսքը սատանայական կամքի ծնունդ է, որ հեռացնում է Աստծուց. այդ խոսքը չար թշնամու սերմն է, որպեսզի մոլորեցնի ձեզ ճշմարտությունից, քանզի հենց այդ են չարի վարդապետության խորհուրդները ընդդեմ Աստծու պատվիրանների։
Քանզի Քրիստոս ասաց. «Եթե փոխ տաք նրան, ումից ետ ստանալու ակնկալիք ունեք. այդ նաեւ մեղավորներն են անում, իսկ դուք, ասում է, փոխ տվեք նրանց, ումից ետ ստանալու ակնկալիք չունեք» Ղուկ. 6:35 երբ միմյանց բեռ ենք վերցնում, կատարած ենք լինում Քրիստոսի օրենքը, որ ասում է. «Ձեր առատությունը թող լցնի չքավորների պակասությունը, որպեսզի երկու կողմում էլ հավասարությունի լինի» (Բ Կոր. 8:14) Եւ այժմ հիշի՛ր, որ ո՛չ թէ քեզ հրամայում է չափով ողորմություն տալ աղքատին, այլ քո ունեւորությանը հավասարեցնել նրա չքավորությունը, որովհետեւ Աստված քո եղբայրն անվանեց չքավոր աղքատին եւ անդամ՝ քո անդամներից։ Իսկ քեզ համար օրենք չէ քո անդամին մերկ տեսնել ու անտեսել, կամ էլ զրկել ունեցածիդ բաժնից, որովհետեւ նա քո եղբայրը կոչվեց։
Եւ արդ, եթե նրան քո եղբայրն ես համարում, ապա հեթանոսաբար մի՛ արհամարհիր Աստծու պատվիրանները, այլ քրիստոնեաբար կատարի՛ր Տիրոջ հրամանները. հրամայեց լցնել ոչ միայն աղքատի, այլ շատ շատերի պակասությունը։ Արդ, Աստծուց այս հրամանն ունես, իսկ դու կա՛մ դրամդ փոխ ես տալիս չարաչար վաշխով եւ կա՛մ անօրինաբար ու անաստվածաբար պահում ես այն։ Ավելին՝ դեռ անամոթաբար ասում ես, թե փոխ ես տալիս, սիրում ես ասել, որ ավելի լավ է մեկը տամ, երկուսը ետ առնեմ, քան թե բոլորովին չտամ։
Իսկ նա՝ խղքատը կամենալով փարատել այդ ժամի նեղությունները, նեղության պատճառով ակամայից վերցնում է։ Դու, եթե աստվածապաշտ ես, նայի՛ր Աստծու պատվիրաններին, որ հրամայում է ձրի տալ նեղության մեջ գտնվողին եւ ազատել նրան հարկ պահանջողների բռնությունից, որպեսզի դու նույնպես ազատվես թշնամուց, որ մշտապես չարչարում է քեզ՝ ժողովելու, պահելու եւ գանձելու ուրիշների ունեցվածքը, բայց երբեք չվայելելու այն, որովհետեւ. «Ո՛չ աչքն է տեսնելով հագենում, եւ ո՛չ արծաթասերը՝ ուրիշներինը ժողովելով ու առնելով» Ժող.1: 8 Ագահ մարդու անձը դժոխք է, երբեք չի կշտանում եւ երբեք չի ասում՝ բավական է։
Ինչո՞ւ ես տարածվում, ինչո՞ւ ես անօրինություն գործում, ո՛վ թշվառական, ինչո՞ւ ես հավաքում անպտուղ արծաթը՝ հավիտենական գեհենի առիթը։ Դիր քո աչքերի առջեւ Քրիստոսի դատաստանը. ի՞նչ պատասխան պիտի տաս, երբ շուրջդ հավաքվեն վաշխի պատճառով քո կողմից զրկվածները եւ ամբաստանեն քեզ Դատավորի առջեւ, ի՞նչ պիտի անես, ո՛վ թշվառական, ինչպե՞ս պիտի աղաչես։
Այնտեղ ո՛չ աղոթքները, ո՛չ ունեցվածքը, ո՛չ հարստությունը չեն կարող քեզ օգնելն բաժանված ես սիրելիներից, հեռու ես օգնականներից, չունես բարեխոս, չունես պատասխան. ամաչելով, տրտում, տխուր, միայնացած ու անհամարձակ ես, որովհետեւ ուր աչքդ ածում ես, պարզ տեսնում ես այն չարիքները, որ գործել ես. այստեղ տեսնում ես որբերի արտասուքը, այնտեղ՝ այրու հառաչանքները, մեկ այլ տեղում՝ քո կողմից կողոպտված աղքատին, ծառաներին, որոնց չարչարեցիր, դրացիներին, որոնց բարկացրեցիր. բոլորը քո առջեւ պիտի ելնեն եւ քո պատճառած չարիքներից առավել դաժանորեն քեզ հետ պիտի շրջեն հանապազ. քանզի ինչպես որ մարդու ստվերն է անբաժան նրանից, այդպես էլ մարդու մեղքերն են անբաժանելի հոգուց եւ հրապարակում հայտնապես ցույց պիտի տան քո բազում մեղքերի կերպարանքները։ Ուստի եւ ոչ ոք այնտեղ ուրանալ չի կարող իր չար եւ պիղծ գործերը, այլ պիտի կապվի չարախոս լեզուն, կարկամի անօրեն բերանը, պիտի դողա հանցավոր մարմինը, որովհետեւ յուրաքանչյուրի մեղքերը, առանց ձայն արձակելու,պիտի վկայեն նրա գործերի մասին, այնպես, ինչպես որ գառների մեջ երեւում է այծերի սեւությունը, այդպես էլ մեղավորների անձերը խավար հագած եւ խավարով պատած պիտի երեւան լուսազարդ հրապարակում։
Եւ արդ, ինչո՞ւ ես այս անցողիկ կյանքի եւ կորստյան առիթ արծաթի համար մատնվում անվերջանալի տանջանքներին եւ հավիտենական ամոթին, ինչո՞ւ չես մերժում ընչասիրության չար ախտը, ինչո՞ւ չես հեռանում տոկոսի շահից, որը քեզ անօրենից առավել պիտի դատապարտի ահավոր հնոցների կրակին։
Բայց կասես, թե. «Եթե բաժանեմ ունեցածիս ավելորդը, կարհամարհվեմ, կաղքատանամ ու կսնանկանամ»։ Մի՞թե չես լսում մարգարեին, որ ասում է. «Չտեսա արդարին արհամարհված եւ ոչ էլ նրա զավակին հաց մուրալիս». Իսկ եթե աղքատության հասար, քեզ համար ավելի լավ է հեծեծել ու թափառել, շրջել ու հաց մուրալ ողորմածնեից, քան թե կերակրվել անօրեն ու դառը տոկոսներով։ Բայց ունես ձեռքեր, ունես ոտքեր, ունես արվեստ, աշխատի՛ր, վարձվի՛ր, ծառայի՛ր եւ կե՛ր։ Մարմինը դարմանելու շատ հնարներ կան, եթե կամենում ես վաստակել։ Եթե մրջյունը, որ մի չնչին միջատ է, կարողանում է ինքն իրեն կերակրել, եթե մեղուները, որ ո՛չ ձեռք եւ ո՛չ էլ արվեստի գործիք ունեն, իրենց նշխարները թագավորներին են ընձեռում, քեզ Աստված ձեռքեր, գործիք ու ամենահնար միտք է տվել, առանց մեղք գործելու նմանվի՛ր իրենց կյանքի սնունդը հայթհայթողներին:
Եւ այժմ ընթացքդ արդարացնելու համար ի՞նչ պատասխան պիտի գտնես, որովհետեւ քեզ հրամայվեց աշխատել եւ տալ նրան, ով դրա կարիքն ունի, մինչդեռ դու քո անձի կարիքները չես կարողանում հոգալ։ Եւ տոկոսով փոխ տալու պատճառով մատնվում ես ահավոր աղետների. Քեզ հոգով նետում են տանջանքների հրացայտ հնոցի մեջ, ուր անդադար լաց է եւ ատամների կրճտոց, որից թող փրկի մեզ Մուրբ Հոգու շնորհն ու ողորմությունը. Նրան փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից. Ամեն։
Հովհան Մանդակունի Հայրապետ <<Ճառեր.>>