ԴԱՇՏԱՆՆ ՈՒ ԿՆՈՋԸ ՀԱՂՈՐԴՎԵԼԸ:

Այս հարցը կարևոր է, բայց միևնույն ժամանակ վիճահարույց մեր օրերում,ուստի յուրաքանչյուր հոգևորականից պահանջվում է նրբանկատություն և համապատասխան մոտեցում` բացատրելու և ընկալելի դարձնելու եկեղեցու տեսակետը: Պետք է նշենք, որ հոգևորականների շրջանում նույնպես կարծիքները տարբեր են. մի մասը թույլատրում է Ս.Հաղորդություն ստանալ, մինչդեռ մյուսներն ավելի խիստ են և կտրականապես դեմ: Խնդրի ընկալումը և գործնական կիրառումը տարբեր է նաև Հայաստանում և սփյուռքի մեր թեմերում: Դաշտանի մեջ գտնվող կնոջը Ս.Հաղորդություն տալ կամ չտալը քննարկման նյութ է նաև Ուղղափառ Եկեղեցիներում և աստվածաբանների շրջանում: Երկու տեսակետներն էլ ունեն իրենց պաշտպաններն ու ընդդիմախոսները: Դաշտանը բնական երևույթ է և հատուկ է միայն իգական սեռին, որի ընթացքում կինը բազում անհարմարություններ է զգում և ցավեր ունենում:

Շատերի կարծիքով, երբ եկեղեցին նրան Ս.Հաղորդություն չի տալիս,ասես բազմապատկում է նրա` առանց այդ էլ ցավագին վիճակը և մի տեսակ խտրականություն դնում սեռերի միջև: Անմաքրության շրջանում կնոջը Ս.Հաղորդություն չտալու հիմնական պատճառն այդ վիճակում սրբությանը մոտենալու արգելքն է(տես Ղևտ.15:19-33), ինչպես նաև եկեղեցում արյան ծորման բացառումը: Վերջին պատճառաբանությւնը երկրորդական է այժմ, քանզի ժամանակակից աշխարհում կան հիգիենայի պահպանման բոլոր անհրաժեշտ միջոցները` խնամված և մաքուր վիճակում եկեղեցի գնալու համար:
Հին Կտակարանի մեկ այլ օրենքով անմաքուր էր համարվում նաև նոր ծննդաբերած կինը, ուստի չէր կարող եկեղեցի մտնել 40 օր(տես Ղևտ. 12:2-6):
Սա է պատճառը, որ երբ մանկանը մկրտում են 8 օրականում, մայրն անմաքրության պատճառով չի կարող մասնակցել եկեղեցական արարողությանը:
Անմաքրության այս արգելքը հատուկ է ոչ միայն հրեաներին, այլ նաև ուրիշ ազգերի, որն արտացոլված է նաև գեղարվեստական գրականության, մարդկանց հավատալիքների և մտածողության մեջ: Ծիսական անմաքրության խնդիրն այլ կերպ է մեկնաբանվում Նոր Ուխտի լույսի ներքո: Հիսուս Սուրբ Հաղորդության Խորհուրդը հաստատելիս որևէ խտրականություն չդրեց սեռերի միջև, այլ պատվիրեց բոլորին անխտիր հաղորդվել:Սեռերի հավասարության մասին է բազմիցս խոսում նաև Սուրբ Պողոս Առաքյալն իր թղթերում: Խնդրի մասին զանազան կարծիքներ են հայտնում նաև եկեղեցու հայրերը և քրիստոնեական հեղինակները: Օրինակ` Ս.Աթանաս Ալեքսանդրացին վանականներից մեկին գրված նամակում շեշտում է, որ մարդու մեջ որևէ անմաքուր բան չկա: Իսկ Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետը(347-407) քննադատում է նրանց, ովքեր արգելում էին կնոջը դաշտանի ժամանակ հաղորդվել` նրանց անվանելով քրիստոնեական հավատքի անարժաններ և սնահավատներ:

Ի պաշտպանություն Սուրբ հաղորդություն ստանալուն հաճախ վկայակոչվում
է նաև Նոր Կտակարանի այն հատվածը, երբ Հիսուս բժշկում է արյունահոսող կնոջը (տես Մատթ.9:20-22):
Բացի սուրբգրային արգելքից, դաշտանի ընթացքում հաղորդվելն արգելող կանոնական որոշումներ կան նաև Ուղղափառ և մեր Եկեղեցու «կանոնագրքերում»: Մասնավորապես «Կանոնագիրք Հայոց»- ի, «Կանոն հարանց հետևողաց» կանոնախմբի ԻԳ կանոնն անդրադառնում է այս խնդրին և նշում, որ եթե մեկն արյունահոսություն ունի, ապա չպետք է երեք օր Ս. Հաղորդություն վերցնի: Իսկ այն տղամարդը, որ երազախաբ է եղել մարմնի բնական գործունեության արդյունքում և ոչ թե պոռնկական խորհրդի, կարող է Սուրբ հաղորդությանը մերձենալ: Իսկ սուրբ Բարսեղ Կեսարացու ՃԺԹ կանոնում շեշտվում է, որ եկեղեցուն չի կարող մոտենալ արյունահոսող և նոր ծննդաբերած կինը: Եթե ամփոփենք վերոգրյալը, ապա պիտի
արձանագրենք, որ սուրբգրային և կանոնական առումով կինը դաշտանի ժամանակ չի կարող հաղորդվել: Քանի դեռ նոր կանոնական որոշում կամ հայրապետական կոնդակ չկա այս մասին, ուժի մեջ են նախկին որոշումները: Ուստի կանայք այս հարցում պետք է ըմբռնումով մոտենան խնդրին և երբեք դրա մեջ չտեսնեն որևէ խտրականություն: Մեր խորհուրդն է, որ եթե դաշտանի մեջ եք և խիստ կարիք ունեք հաղորդվելու, ապա նախապես դիմեք ձեր հոգևոր հորը կամ պատարագիչ հոգևորականին և նոր սուրբ Հաղորդություն ստացեք:
Զաքարիա Վարդապետ Բաղումյան