Ո՞րն ասեմ, կամ ո՞րը խոստովանեմ, հանցանքներս անթիվ են, անօրենություններս`անպատմելի…

Ամեն ջանք գործադրենք, որպեսզի չկորցնենք մեր մարդկային թանկ արժանապատվությունը, որի տակ խնամքով պահված է Աստծո պատկերն ու նմանությունը: Երբ կորցնենք այն, կմնա միայն վախը և մենք կարող ենք վախենալ նույնիսկ շիտակ խոսք ասելուց: Կվախենանք թերությունը նկատելուց, կվախենանք քանդողի ձեռքը բռնելուց, պղծողին ապտակելուց, քծնողին չծափահարելուց:
Իսկ արժանապատվությունը կարող ենք կորցնել միայն Աստծու երկյուղը կորցնելուց հետո: Որից հետո ամեն բան կորում է նույնիսկ առանց մեր կամքի: Ո՞րն ասեմ, կամ ո՞րը խոստովանիմ

Կա՞ մեր ազգի մեջ գեթ մեկ ազնվական, որ ասի, եթե իմ պատճառով է խռովություն առաջացել քրիստոնյաների մեջ, ես կհեռանամ, միայն թե Քրիստոսի հոտը չպառակտվի ու միասնական մնա:
Եթե մեկը կամենա ստուգել իր մեջ այս առաքինությունը և սիրո չափը, ապա թող ստուգի իրեն համեմատելով Մովսեսի հետ, որը Աստծու հետ խոսելու պատիվն ունեցավ և
պաշտպանելով իրեն հանձնված ժողովրդին, ասում էր Աստծուն. «Կամ ներիր սրանց, կամ էլ իմ անունը ջնջիր քո մատյանից»: Առավել կատարյալ օրինակ է մեր Տերը,
որը Խաչի վրա խոսում էր Հոր հետ և խնդրում, որ ների իրեն խաչը հանողներին: Ի՞նչ եղա հիմա, որ ժողովրդին ոչ ոք չի ուզում տեր կանգնել ու պաշտպանել ամեն տեսակ
ներմուծված վտանգներից: Ժողովրդի դեմ պայքար է մղված այս անգամ անծանոթ զենքով: Ո՞րն ասեմ, կամ ո՞րը խոստովանիմ:

Զենք, որը վնասում է մարդու մտածելակերպը, ազդում է գիտակցության վրա:
Այդ զենքը սխալ պրոպագանդան է, որը աշխատում է մարդու թույլ կողմի վրա և նրան դարձնում խոցելի և համակերպվող մեղքի հետ:
Կամաց – կամաց ներարկվեց թույնը, կաթիլ կաթիլ սրսկվեց անճաշակությունը: Ի՞նչ է մեր երիտասարդների
հագն ու կապը, կենցաղը, բանավոր խոսքը, հարգանքը, բարոյական կերպարը, հոգևոր նկարագիրը: Ո՞վ է այն պատասխանատուն,
որի ուսերին պետք է դնել հասարակության մեջ տեղ գտած սարսափելի անտարբերության, խորը հիասթափության և անհավատության պատճառները:

Մենք այլևս չենք հավատում, որ իրար սպանելով գալիս եք իշխանության, որպեսզի բարելավեք ժողովրդի կենսամակարդակը,կամ բարեկեցիկ կյանք ապահովեք:
Հա, մոռացա ասեմ, որ արժանապատվությունը կորցնելիս, կորում է նաև ամաչելու թանկ առաքինությունը:
Սահմանները բացվեցին և աղբը հասանելի դարձավ բոլորին:
Մենք իրավունք չունենք կորցնելու այն, ինչ Աստված տվեց մեզ ձրիաբար:
Ցավով եմ ասում, բայց որոշ առաջնորդ ղեկավարների սխալից տուժում է նաև նրանք,որոնք իրավասու չէ շտկել այս ամենը: Ո՞րն ասեմ, կամ ո՞րը խոստովանիմ:
Տեր Աստված այս բոլորը Քո ամենատես աչքի առջև է, ուղղիր մեզ, մեր անձը դեպի մեզ դարձրու, կորչում ենք…