Սգավո՞ր ենք մենք, թե…

«Սգավոր» նշանակում է սգացող, լաց լինող։ Սովորաբար շատ մեծ դժբախտություն, վիշտ ու կորուստ ունեցողներն են սգավոր լինում։ Օրինակ` սիրելիին կորցրածները սգավոր են. նրանք չեն կարողանում հաշտվել իրենց կորստի հետ և մխիթարվել։ Անտուն, փողոցները շպրտված մարդն իր տունն ու բարեկեցությունը կորցրած լինելու և շատ նեղություններ կրելու պատճառով սգավոր է։ Սակայն Տեր Հիսուսն այսպիսի սգավորների՛ն չէ, որ երանի է տալիս։
Սգավոր են դառնում, շատ մեծ տրտմությամբ համակվում նաև այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան չափազանց կամենում են ունենալ, սակայն չունեն։ Նրանք մտածում են, որ իրենց կյանքն առանց այդ ցանկալի բանի իմաստ չունի։ Եթե մարդիկ ցանկանում են այնպիսի բան, որը երկրային է, այսինքն` հատուկ է միայն այս երկրին, երկնքի և Աստծո հետ ոչ մի կապ չունի, ապա անիմաստ և նույնիսկ շատ վտանգավոր կարող են լինել այսպիսի տրտմությունն ու սուգը։ Այսպիսի սգավորներին Աստված ոչ միայն չի կարող երանի տալ, այլև փափագում է, որ նրանք արագ ազատվեն իրենց սուգից։ Օրինակ` եթե մեկն անչափ շատ հարստություն է ցանկանում ունենալ կամ բարձր պաշտոններ, սակայն չի կարողանում դրանք ձեռք բերել և այդ պատճառով
չափազանց տրտմում է, իրեն դժբախտ զգում, նա սրանով մի անմիտ սգավոր է դառնում, և Աստված այսպիսի սգավորին չի կարող հավանել։
Սակայն եթե մարդ սգավոր է դառնում, տրտմում, որովհետև երկնայինն է ցանկանում, այսինքն` այն ամենը, որ բարի է, առաքինի, Աստծուն հաճելի, սակայն այդ ամենն ինքը չունի, այլ հակառակը` ունի մեղքեր, վատ հատկություններ, թույլ է տվել շատ տմարդի, տգեղ արարքներ, որոնք իր համար դժբախտություն են, ապա Տեր Հիսուսը երանի է տալիս հենց այսպիսի «դժբախտ» մարդուն, ով գիտակցում է իր դժբախտությունը և տրտմում դրա համար։ Երանիների մեկնությունից.