Զ Կիրակի Քառասնորդական Պահոց (Գալստյան). Մահկանացուներիս տրված չէ «գիտենալ ժամերն ու ժամանակները»:

Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև Ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք`
օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»: Մատթ. 23:39
Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի վերջին օղակի համար ավելի
պատշաճ և ավելի իմաստալից անուն չէր կարելի երևակայել:
Կիրակիի խորհուրդը մեծանում և համապարփակ նշանակություն է ստանում նրանով,
որ այն նվիրված է Հիսուսի ոչ միայն երկրորդ, այլ նաև Նրա առաջին
ԳԱԼՍՏՅԱՆԸ, ինչպես հաստատում է օրվա շարականը.
 
Որ քրիստոնեական Եկեղեցին հավատում է Քրիստոսի Երկրորդ Գալստյանը,
այս մասին, նախ, տարակույսի ոչ մի նշույլ չի թողնված Ավետարաններում,
ուր երկար հատվածներ կան, որոնցում պատկերավոր ձևով նկարագրվում է,
թե ինչ հանգամանքներում պետք է տեղի ունենա այդ Գալուստը:
Երկրորդ` Պողոսի և մյուս առաքյալների թղթերը լի են այս մասին
ակնարկներով, ուսուցումներով ու հորդորներով:
Ապա, վերջապես, այս հավատքը Եկեղեցին մտցրել է իր Հավատո հանգանակ.
«Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս»:
 
Նախնական Եկեղեցին հավատում էր, որ Հիսուսի Երկրորդ Գալուստը շատ չպիտի ուշանա:
Մինչև իսկ աշակերտներն այնպես կարծեցին, որ Հիսուսի Երկրորդ Գալուստը Նրա Հարությամբ արդեն իսկ տեղի է ունեցել,
ուստի հարցրեցին Հարուցյալին, երբ Նա տակավին իրենց հետ էր.
«Տե՛ր, Մեսիական թագավորությունն ա՞յս ժամանակում պիտի վերահաստատես»:
Հիսուսի պատասխանը ոչ միայն Նրան շրջապատող առաքյալների համար էր, այլ նաև բոլոր ժամանակների բոլոր քրիստոնյա սերունդների համար.
 
«Ձեզ չի վերաբերում իմանալ այն ժամերը և ժամանակները, որոնք
Հայրն Իրեն է վերապահել: Սակայն դուք պիտի զորություն ստանաք,
երբ Սուրբ Հոգին ձեզ վրա իջնի, և Ինձ համար վկաներ պիտի լինեք Երուսաղեմում
ու աշխարհի տարբեր ծայրերում»: Նույն գաղափարը Հիսուսը հայտնել էր նաև Իր երկրավոր կյանքի ընթացքում:
Ակնարկելով վերստին Իր Գալուստը` ասել էր.
«Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ոչ երկնքի հրեշտակները, ոչ
էլ Մարդու Որդին (ակնարկելով Իրեն), այլ միայն Հայրը»:
Երկրորդ Գալստյան նախանշանները Թեև Հիսուսը չի ասում, թե երբ
պետք է տեղի ունենա Իր Գալուստը, բայց հաստատում է, թե ինչե՛ր պետք է պատահեն նախքան Իր վերադարձը:
Հիսուսի Երկրորդ Գալուստից առաջ, ըստ Ավետարանի, բարոյական ու ֆիզիկական տագնապի և կործանումի դեպքերի շարք կլինի:
 
Նախ կերևան «սուտ մարգարեներ», ովքեր կքարոզեն և կհայտարարեն, թե`
«ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն»:
Նրանց թակարդից ազատվողները Քրիստոսի թշնամիներից կենթարկվեն հալածանքների.
Այս բոլորից ցանկանում ենք հետևություն անել, որ աշխարհը դեպի
Երկրորդ Գալուստ է ընթանում այն գծերով, որոնք նախատեսված են
Ավետարանի հայտնութենական կանխասացության մեջ:
Մահկանացուներիս տրված չէ «գիտենալ ժամերն ու ժամանակները» Քրիստոսի Երկրորդ
Գալստյան: Բայց բավական նախանշաններ են տրված, որոնց հիման վրա
կարող ենք ասել, թե ժամանակների երկրորդ լրումից հեռու չենք: Չգիտենք,
թե ամառը ո՞ր օրը կգա, բայց գիտենք, որ անպատճառ պիտի գա:
Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏՅԱՆ
«Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»