Դ կիրակի Քառասնորդական պահոց (Տնտեսին)

Փառք Աստծուն պահքի բոլոր օրերի համար:
Չորրորդ կիրակին կոչվում է «Տնտեսի»:
Գոհություն հայտնենք մեր Տեր Աստծուն, Իր պարգևած խաղաղ գիշերվա համար: Շնորհակալություն հայտնենք, որ ամեն կիրակի հնարավորություն ունենք լսելու և առակների մեկնությունից դաս քաղելու համար: Տնտեսի առակը վերաբերում է յուրաքանչյուր մարդու, հետևաբար զգույշ լինենք, որ Տերը հանկարծ մեզ չհանի
մեր տնտեսությունից: Իսկ եթե հանի էլ, կարողանանք մեր տնտեսության հաշիվը իմաստուն կերպով տալ: Եթե մեր պահապան հրեշտակը կամ այն մարդը, որին
զրկել ու վշտացրել ենք ամեն օր, Աստծուն հայտնեն մեր արարքները, Աստված կպահանջի մեր տնտեսության հաշիվը:
 
Տնտեսի կիրակիի խորհրդածությունները վերաբերում են «հոր տանը»՝ Եկեղեցում հանգրվանած որդուն՝ իր տնտեսությունը վարելու իրավունքներով ու պարտականություններով: Թեև արդեն որդին վայելում է Հոր բարեհաճությունը, այնուհանդերձ սրանով ոչ թե ավարտվում, այլ նոր միայն սկսվում է քրիստոնյայի սխրանքը: Եկեղեցու գրկում առատորեն բաշխվող շնորհները, որոնք արդյունք են Քրիստոսի փրկագործության, քրիստոնյայի կյանքում պետք է արդյունավորվեն հավատի գործերով, որոնց համար պատասխան է պահանջվելու: Օրվա առաջին ընթերցվածքը Ղուկ. 12.32-48՝ «Հավատարիմ տնտեսի առակը», ներկայացնում է հոգևոր արթնության խորհուրդը. ամենայն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել, քանզի պատասխանատվության պահը կարող է գալ ամեն ակնթարթ: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես»
 
«Ինչի մեջ գտնեմ, նրա մեջ էլ կդատեմ» ասում է Տերը: Ամբողջ սրտով զղջանք
մեր մեղքերի համար ինչպես ավազակը, որ արժանացավ դրախտին: Թող մեր Տերը արժանացնի մեզ այստեղ զղջալու և ապաշխարելու: Այս ժամանակավոր կյանքը փորձենք հավատարիմ ապրել Աստծուն: Եթե չենք կարող օգնել, ուրեմն գոնե չնեղացնենք մեր նմանին, որպեսզի երբ գա մեր հաշվետվության ժամանակը` չամաչենք հաշիվը պահանջողից և նրանից` որին զրկել ենք մեր ապրած տարիներին: Փառք, Պատիվ և երկրպագություն Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Ինչո՞ւ կ՛ըսես ո՜վ մարդ, ե՛ս, ե՛ս,
Գիտցի՛ր, որ ինքդ անձիդ տերը չես.
Կը պատկանիս Է- ին հըզոր
Եվ ամեն բան պարտիս անոր.
Ծանի՛ր, դու ինքդ երբեք տէ՛ր չես. հապա տնտես: