Այն ո՞ր հայն է, որ սրտից արյուն չի կաթում, այն ո՞ր մարդն է, որ զարհուրանքի դողով պաշարված չէ, այն ո՞ր որդին է,
որ քարացած չէ սիրասուն ծնողների անարցունք լացից: Չկա անկորուստ տուն, չքանդված օջախ, համալրված ընտանիք:
Եվ ի՞նչ նյութական ուժով կարելի է անվերադարձ վնասը լրացնել…
Նյութական ուժով չի կարելի վնասը անվերադարձ լրացնել…
Չկարծեք թե միայն դրամով, նյութով մեր ժողովրդին կարելի կլինի օգնել.
նրա վիշտը շատ մեծ է, կորուստը` շատ թանկ, թախիծը` շատ խորը:
Ավետարանի Մեծ Վարդապետի հոգեշունչ խոսքը ուժգին հնչեցնելու կարիքն է իշխում այժմ:
Ո՞վ ավելի, քան հայ հոգևորականը բարոյական պարտք ունի խոսելու, մխիթարության խոսքեր ասելու, հուսահատ ժողովրդին հույս ներշնչելու:
Տառապանքի բեռը շալակած ժողովուրդը մխիթարանքի խոսքի է կարոտ և հայ քահանան է, որ եկեղեցու խորանից պիտի այդ խոսքն ասի,
ոգեշունչ, սրտալի, պիտի ասի համոզված, որ հիրավի, այդ խոսքը մեծ արժեք ունի և նրա կարիքն ավելի քան զգալի է:
Հացի սովը չէ սոսկալին, այլ ոգու սովը, որի առաջ և ոչ մի նյութական ուժ չի կարող առնել:
Չթողնենք ոգու սովն իշխի մեր անբախտ ժողովրդի մեջ, թույլ չտանք, որ սուրբ նախահայրերի ոգեշունչ օրհներգը լռի:
Հայ հոգևորականի վրա է ծանրանում ամենից առաջ ոգու սովի դեմ մաքառելու ծանր պարտքը:
Ժամանակը կենդանի խոսքի պահանջն է դրել հայ հոգևորականի առաջ և նա պարտավոր է կատարել այն բարեխղճությամբ,
սիրով, մեծ հավատով, պարզ, ընկալելի ու սրտալի, այն վստահությամբ, որ շատ սգավոր սրտեր կմխիթարվեն, շատ լքված հոգիներ կվերածնվեն:
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք իմ ժողովրդին, ասում է Աստված»: Ահա, թե ինչ է հնչում հայ հոգևորականի ականջին,
ահա թե ինչպիսի սիրուն պարտք է դրվում նրա ուսերի վրա: Ու նա պետք է իր պարտքը կատարի, նա պարտավոր է իր կոչման տերը լինել,
իր ահավոր երդմանը հավատարիմ մնալ: Մխիթարանքի խոսքի կարիք է ծառացած մեր առջև, և մենք պարտք ունենք այդ կարիքը լիովին սրբությամբ լրացնելու:
«Քահանայքդ խօսեցարուք ի սիրտ ժողովրդեան եւ մխիթարեցէք զնա»:
Գյուտ Աբեղա Տեր Ղազարյան.