Քառասնօրյա Հիսուսի` Երուսաղեմի տաճար բերվելու տոնը կոչվում է Տյառնընդառաջ, այսինքն՝ Տիրոջն ընդառաջ:
Հայ Առաքելական Եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի ծննդից` հունվարի 6-ից,
քառասուն օր հետո: Իսկ փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգությունից հետո, հավաքվածները ձեռքերում մեկական վառվող մոմ են պահում, որը տանում են
տուն և լուսավորում իրենց բնակարանները:
Այս առավոտյան փառաբանություն Քո Հորը, անդադար օրհնություն Քեզ և երկրպագություն Սուրբ հոգուն:
Իսկ մեզ` հավատացյալներիս, ողորմություն
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն.
Գնանք Տիրոջը ընդառաջ, և Սիմեոն Ծերունու պես մեր գիրկն առնենք, և մեր սրտերի մեջ առնենք բոլորի Աստծուն,
մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Մասնակցենք Սուրբ Պատարագին, աղոթենք միասնական աշխարհի խաղաղության,
Եկեղեցու անսասանության և մեր անձերի փրկության` որի համար մահ ճաշակեց մեր Տերը:
Մի պահ մենք էլ մտովի պատկերացնենք մեզ ներկա, երբ Մարիամն ու Հովսեփը Մանուկ Հիսուսին գրկած մտան Տաճար:
Փորձենք մենք էլ Սիմեոն Ծերունու և Աննա մարգարեուհու նման դիմավորել մեր Տիրոջը`աշխարհի Լույսին, որ բերվեց Տաճար:
Հիշենք նաև, որ մենք նույնպես տաճար անվանվեցինք մեր
Տիրոջ կողմից, ուրեմն ի ՜նչ երանելիներ ենք մենք, որ մեր Տերը այնտեղ պիտի ապրի, եթե մաքուր գտնի մեր սրտերը:
Սուրբ Հոգուց հրաման ստացած, բարեպաշտության մեջ կատարյալ Սիմեոն Ծերունին իր գիրկն առավ աշխարհի Լույսը և խնդրեց Նրանից
իր կապանքների արձակումը և մահը: Խոսում էր նա Մանկան հետ մարգարեություններից և գալիք փորձությունների մասին այնպես, ինչպես
Մեծ մեկի հետ: Մարիամը չէր հասկանում Ծերունու երկխոսությունը իր Մանկան հետ և զարմանում էր իր Որդու մասին լսածների համար:
Եթե Մարիամը չէր հասկանում այդ խորախորհուրդ պահի խոսակցությունը, ապա մենք` մտքով տկարներս ինչպես կարող ենք ընկալել ամենը,
եթե ոչ միայն մաքուր սրտով ընդունելը և հավատալը: Մեր Հայր Աստվածը թող արժանի անի մեզ, որպեսզի Աշխարհի Լույս Մանուկը բնակվի
մեր սրտերում այսօր և հավիտյան: Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին ամենուր: