Ամենաբարձր ցուցանիշը` հավատքը…

Աստված Աբրահամի հավատքը քննության ենթարկեց Իսահակի զոհաբերությունը պահանջելով:
Իսկ Աբրահամը դժկամություն չհայտնեց քանի որ նրա հավատքը աներեր էր ու ժայռի պես ամուր,
նա չէր մոռացել Աստծո տված խոստումը իր սերնդի բազմացման վերաբերյալ: Ամենածանր փորձության պահին,
երբ սիրելի որդուն պիտի զոհաբերեր, նրա մտքից դուրս չէր եկել Աստծո խոստումը, հավատում էր, որ հարություն կտա Իսահակին և կբազմացնի նրա սերունդը:
Ով կարող է նույնիսկ պատկերացնել Աբրահամի հոգեկան աշխարհը, երբ որդին հարցնում է, թե ո՞ւր է ողջակիզելու ոչխարը:
Բայց Աբրահամը իր հավատքով արձանագրեց ամենաբարձր ցուցանիշը և որպես պարգև ստացավ այսպիսի խոստում.
«Քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»։
Աբրահամը միակն էր, որ երեք կրոնների համար էլ ազգերի հայր կոչվեց:
Մեզ էլ է տրված բազում խոստումներ Նոր Կտակարանում Մեր տիրոջ կողմից,
բայց բավական է մի փոքր փորձության հանդիպենք, մոռանում ենք Աստծո
բարերար նախախնամության մասին և ապավինում ենք մեր ուժերին ու ձախողվում…
Ահավասիկ. Հովհ.15:10
«Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ։
Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի»։
 
Մեկ անգամ հստակ որոշում կայացնենք` խնդրել իմաստություն…
Մեր ականջները խլանալու վտանգի են ենթարկել:
Մեր գլուխները բթանալու փորձանքին են հանդիպել:
Մեր հոգիները կործանվելու աղետի առջև են հայտնվել:
Մեր աչքերը կուրանալու աստիճան են խավարել:
Մեր յուրաքանչյուր օրն սկսվում և ավարտվում է նույն կերպ, ու մեր աչքերը գնում են տեսնելու այն,
ինչը մեր ականջները լսել են, մեր սիրտը ցանկացել է, մեր մարմինը պահանջում է,
անտեսելով այն կատարյալ խոստումը, որ ունենք մեր Տիրոջից յուրաքանչյուրիս հոգու փրկության համար:
Ամեն օր կարդանք Շնորհք Պատրիարքի այս գեղեցիկ նկարագրությունը, և
հստակ որոշում կայացնենք մեր կյանքը բարելավելու համար: