Ոչ ոք քայլել չի սովորել առանց ընկնելու.

Եթե դու մոռացել ես առավոտյան գոհություն հայտնել Աստծուն խաղաղ գիշերվա համար, ուշ չէ, այս պահին հայտնիր քո շնորհակալությունը, որ քեզ համար նոր օր սկսվեց:
Հին սրտով նոր կյանք չես կարող ապրել, այնպես, ինչպես նոր սրտով քեզ դուր չի գա քո հին կյանքը:
Խոսիր ամեն օր Աստծու հետ,
Գործդ կատարիր մեծ նվիրումով,
Քեզնից լավ համարիր բոլորին, և խաղաղության մեջ կապրես:
Երբեմն մենք անտեսում ենք պարզ բաներ, ինչով կարող ենք հաճո լինել Աստծուն: Եթե մեղք ես գործում, դարձիր և ներում հայցիր, ու առաջ գնա, մի մնա մեղքի մեջ: Երբեք չես կարող անմեղ լինել, բայց կարող ես կարատածդ սխալը անմիջապես շտկել: Հիշիր, որ, ոչ ոք քայլել չի սովորել առանց ընկնելու: Հրաշքներ մի սպասեք միայն սրբերից: Մեղավոր մարդը նույնպես կարող է հրաշք գործել: Եթե մի մարդ որոշում կայացնի, որ իր աշխատավայրում ծառայելու է Աստծո կամքի համաձայն և մարդկանց օգուտի համար, մի՞թե դա հրաշք չէ: Կամ ամուսինները խոստանան միմյանց, որ չեն դավաճանելու իրենց խոստումը, որ արեցին Սուրբ Սեղանի առջև,
ու պահեն իրենց խոսքը, մի՞թե հրաշք չէ այսքան բաժանությունների մեջ:
Պաշտոն ստանձնողը եթե ծառայի իր ժողովրդին, մի՞թե հրաշք չէ: Մի՞թե Աստված ավելին է պահանջում մեզնից, քան այս պարզ բաները, որ չենք հասկանում:
Ապականված են բարոյական, քաղաքական, ընկերային, ընտանեական և
առհասարակ բոլոր դաշտերը մարդկային մոլությունների և Աստծուց հեռանալու պատճառով:
Առաքել Դավրիժեցին, նկարագրելով իր ժամանակի հոռի բարքերը, որոնք աղերսներ ունեն ներկայիս հետ, եզրակացնում է.
«Եվ սրանց բոլորի պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հեռացումը Աստվածաշնչից և Աստծո երկյուղից. բնավ Գրքեր չէին կարդում, Աստվածային Մատյանները փակվել ու լռել էին, որովհետև խափանվել էր Աստվածաշնչի ընթերցումը, որ արհամարհված էր նրանց աչքում. հողով ու մոխրով պատված՝ ընկած էին որևէ անկյուն,
որովհետև ըստ Տիրոջ խոսքի՝ ո՛չ Գիրքն էին ճանաչում, ո՛չ Գրքերի զորությունը»:
Armenian church – Armeens-Apostolische kerk / Hay araqelqan www.fatherarmen.com