Շնորհակալ ենք Աստծուն նոր շաբաթվա` ասել է, թե նոր հնարավորության համար:

Աստված մեզ փնտրում է… գնանք ընդառաջ:
Աստված արեց առաջին քայլը, և փնտրեց մարդուն, ասելով. «Ո՞ւր ես Ադամ»…
Աստված փնտրում է մարդուն մինչև հիմա…
Ո՞ւր ես մարդ, ի՞նչու ես թաքնվում մեղքի հետևում:
Աստվածաշունչը և եկեղեցու քարոզը մեզ սովորեցնում են, որ Աստված բարկանում է մեզ վրա ոչ թե մեղք գործելու, այլ գործելուց հետո թաքնվելու համար:
Հիսուս Քրիստոս մեզ հնարավորություն է տալիս, որ աղոթքի միջոցով
իր հետ շարունակ խոսենք, իսկ մենք չե՞նք կամենում: Սա սարսափելի է: Միթե մխիթարություն չէ մեզ համար, երբ Տերը ցանկանում է, որ Իր հետ խոսենք,
որպեսզի Նա մեզ օգնության ձեռք մեկնի, իսկ մենք այդ անելը ալարում ենք:
Պատկերացնենք մի ձեռք, որն անվերջ պարզած է օգնության նպատակով, իսկ մենք անտեսում ենք, ապավինելով մեր տկար ու անզոր ձեռքերին:
Ադամն ու Եվան էլ ծածկվեցին թզենու տերևով, կարծելով կարող են թաքնվել: Աստված մերժեց թզենու տերևի ծածկոցը և Ադամի ու Եվայի համար հանդերձ պատրաստեց կենդանու կաշվից:
Մենք պետք է Աստծուն ներկայանանք ինչպես որ կանք մեր մեղքով հանդերձ, ոչ թե քողարկենք մեր մեղքը թզենու տերևով, մեր պարագայում` (պատճառաբանություններով), կամ կրոնասիրությամբ:
Աստված կրոնով չի սկսում մարդու փրկագործությունը: Սրտի անկեղծ զղջում է պետք մեզ: Աստված ասեց թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ սերնդի միջև, իսկ կնոջ սերունդը Քրիստոսն է, որը պիտի ջախջախի օձի գլուխը`սատանային: Հետևաբար մենք պետք է ապավինենք Հիսուս Քրիստոսին և մեր մեղքերից ազատվենք ըստ խոստումի:
«Եկե՛ք խոսենք իրար հետ,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա Ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եւ եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ: Եվ եթե հոժար լինեք ու լսեք Ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1.16-19):
Շնորհակալ ենք յուրաքանչյուր օրվա և ժամի համար, որը մեծ հնարավորություն է գտնելու համար փրկության ճանապարհը: Գտեք ձեզ համար Աստծո խոսքը քարոզող մի անսպառ աղբյուր և վայելեք նրա անմահական ջրից ու աճեք, ինչպես ծառը ջրի ափին: Մեզ դժվար է հասկանալ Աստվածաշունչը առանց մեկնության:
 
Հիշենք նաև մեր սիրելի Ավ. Իսահակյանի օգտակար հորդորը`
«Ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն: Կարևորը չափն է»: