Օր Շաբաթ. Սրբերի հիշատակություն.

Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373)
Ս. Աթանաս Ալեքսանդրացին ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Ծագումով նա եգիպտացի էր: Նրա բարեպաշտ ծնողներն իրենց զավակին փոքր հասակից նվիրել էին Աստծո ծառայությանը: Մեծանալով Աթանասն այնպես առաջադիմեց ուսման մեջ և իր առաքինի վարքով, որ Ալեքսանդրիայի հայրապետը նրան դարձրեց իր նոտարը, ապա ձեռնադրեց սարկավագ:
325 թ. Նիկիայի եկեղեցական ժողովին մասնակցելու մեկնելիս Ալեքսանդրիայի հայրապետը իր հետ տարավ նաև երիտասարդ Աթանասին: Ժողովի ընթացքում Աթանասը, հախուռն մասնակցություն ունենալով արիոսականության դեմ մղվող պայքարին, կարևոր դեր խաղաց դավանության ուղղափառ բանաձևի ստեղծման գործում: Ալեքսանդրիայի հայրապետի մահից հետո ժողովուրդը Աթանասին ստիպեց նստել այդ պատվավոր աթոռին: Ս. Աթանասը ողջ կյանքում բազմաթիվ նեղություններ ու հալածանքներ կրեց Եկեղեցու թշնամիների կողմից, սակայն երբեք չտրտնջաց ու չերկյուղեց: Քանզի Սուրբ Հոգին անդադար լուսավորում և իմաստնացնում էր նրան՝ մինչև կյանքի վերջը պահելով մեծ խաղաղության, շնորհների և անդադար աղոթքի մեջ: Ս. Աթանասն իր դավանաբանական երկերով իրավամբ համարվում է տիեզերական Եկեղեցու սյուներից մեկը:
 
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444)
Տիեզերական Եկեղեցու խոշորագույն վարդապետներից մեկը՝ ս. Կյուրեղ Ալեքսանդրացին, 412 թ.-ից մինչև կյանքի վերջը վարել է Ալեքսանդրիայի եպիսկոպոսությունը, որը նրա օրոք մեծագույն վերելք ապրեց: 431-ին ընտրվելով Եփեսոսի III տիեզերական ժողովի նախագահ՝ ս. Կյուրեղը վճռորոշ դեր ունեցավ կարևորագույն քրիստոսաբանական խնդիրների քննարկման ընթացքում:
Նրա թողած մեկնությունների, ճառերի, թղթերի և աղոթքների մի մասը V դ. Թարգմանվել է հայերեն, իսկ «Պարապմանց» և «Գանձուց» կոչվող նշանավոր գրքերը մեկնաբանվել և դասավանդվել են հայոց վարդապետարաններում:
Աղբյուրը` (Սրբազան Ավանդութիուն) Կայքէջ