Սովորենք դռներ բացելու գաղտնիքը: Ուրբաթ Պահք.

 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ասում է. «Պահքը աղ է, որ համեմում է մեր կյանքը»: Ովքեր պահք են պահում, միանգամից կհամաձայնեն այս խոսքերի հետ, իսկ ովքեր չեն պահում, միանգամից կհակառակվեն այս խոսքերի հետ: Այսպես է նաև ավետարանական ցանկացած պատգամ, ով ականջալուր է, և փորձում է կատարել, տեսնում է, որ հնարավոր է, իսկ ով տեղյակ չէ, ասում է անհնար է: Իսկ մենք պարտավոր ենք առաջնորդվել մեր հայրերի և Ավետարանի ցուցումներով: Սուրբ Գիրքը ասում է. «Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7: 7)
 
Ով մտել է արդեն հոգևոր կյանքի դռնից ներս, նա տիրապետում է դռներ թակելու հմտությանը և համոզվել է, որ բոլոր դռները բացվում են …
ուղղակի` ինչպես ասում են` մեկը ներս է բացվում, մյուսը` դուրս, մեկը առաջին թակոցից բացվում է, իսկ մյուսը` պետք է երկար թակել, մի դուռը փայտից է, մյուսը` երկաթյա և այսպես շարունակ: Բայց, որ բոլորը բացվում են, դա փաստում է մեր Տերը` վերը ասված իր խոսքում: Մենք պետք է սովորենք դռներ բացելու գաղտնիքը: Իսկ մենք այդ գաղտնիքը նույնպես կարող ենք սովորել Սուրբ Գրքից, որ ասում է.
«Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջը եւ դի՛ր յոյսդ նրա վրայ։
Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ»: Սաղմ.36:6
 
Վերադառնանք Սուրբ Գր. Լուսավորչի խոսքին, թե պահքը աղ է…
Մենք համոզվում ենք մեր կյանքում պահած պահքերով, ամեն պահքից հետո մի համ զգալով մեր կյանքից: Միայն չափավորությունը կարող է մեզ զգացնել տալ կերակրի համը, իսկ երբ չարաշահում ենք այն` չենք զգում կերակրի իրական համը: Պահքը մեզանում ձևավորում է կամքի ուժ: Կամքի ուժը օգնում է մոտենալ Սուրբգրային ճշմարտություններին: Սուրբգրային ճշմարտությունները մեզ տանում են դեպի մեր կյանքի ամենաբարձր նպատակը` ծառայել Աստծուն, հեռանալով չարից:
Եվ որ ամենակարևորն է, մեր օգնությունը սպասենք ճիշտ տեղից`
մեր Տեր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոսից: Նա Փրկիչ է` ուրեմն մենք`փրկվող:
Փառք Աստծո, որ մենք` փրկվողներս ունենք այսպիսի Փրկիչ: