Եկեղեցին աշխարհի աղն ու լույսն է. դու օգտվո՞ւմ ես դրանից… Քարոզողը չի ապրում իր քարոզածով` հավատացյալը չի ապրում իր լսածով…

15110420_1239705752762703_274503062009713528_oԵկեղեցին եղել է, կա և շարունակում է մնալ աշխարհի աղն ու լույսը` Սուրբ Հոգու ներգործությամբ և Շնորհով: Եթե Աստված վերցնի եկեղեցին աշխարհի երեսից, աշխարհը կդառնա անհամ և խավար: Առաջին դարերում սրբերը կամավոր նահատակության էին գնում արիությամբ, ներքին համոզմաբ և կատարյալ սիրով,
որ ունեին Քրիստոս Հիսուսի հանդեպ, նրանց նպատակը Քրիստոսին միանալն էր: Դժվար թե նրանք նահատակության պահին մտածեին իրենց անունները սրբացնելու մասին: Նրանց սրբությունը դաս և օրինակ է մեզ համար, որ երբե՛ք հալածանք չտեսանք քրիստոնեության համար, սակայն երբե՛ք էլ նույն նախանձախնդրությունը չունեցանք Քրիստոսի եկեղեցու հանդեպ: Քանի դեռ մենք չենք գնահատում եկեղեցու աղ և լույս լինելու հանգամանքը, մեր կյանքը անհա՛մ է և խավա՛ր: Մեր սիրելի Սուրբ Հովհան Մանդակունին հորդորում է քահանաներին հոգ տանել բանական հոտի համար` Աստծո հանդեպ ունեցած սիրո, հոտի փրկության և սեփական անձի սրբության համար: Հորդորում է նաև հանդիմանել հոտին` ուղղության համար:
Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին, որ այդչափ սիրված է իր խիստ հորդորների համար. ասում է, որ և քահանաներն էլ, հավատացյալներն էլ բաժանվում են չորս տեսակի:
Քարոզաղների մասին ասում է.
1. Ասում են, բայց չեն անում իրենց ասածը.
2. Անում են, բայց չեն ասում այդ մասին.
3. Ոչ ասում են, ոչ էլ անում են…
4. Ե՛վ քարոզում են ջերմագին և՛ ապրում են իրեն քարոզածը ըստ կարողության, ըստ Տիրոջ այն խոսքի, որն ասում է. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ, Արածացրո՛ւ իմ ոչխարներին»։ Հովն.21:17
 
Հավատացյալների մասին էլ նույնն է ասում.
1. Լսում են Աստծու խոսքը, բայց չեն գործադրում իրենք կյանքում.
2. Գործադրում են լսածը, բայց չեն ասում ուրիշներին.
3. Ո՛չ լսում են, ո՛չ էլ կատարում են:
4. Ե՛վ լսում են սիրով, և՛ ջանում են կյանքի կոչել Աստծո խոսքը իրենց փրկության համար, ըստ Տիրոջ այն խոսքի որ ասում է. «Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք»։ Հովհ.15:4
 
Այս կյանքում ինչ որ կա, կարիքի ու պետքի համար է, ո՛չ թե վայելելու:
Վայելչականը երկնքում է Տիրոջ ներկայության մեջ: Իսկ մենք ուզում ենք վայելել երկրի՛ վրա, անտեսելով երկնայինը: Այդպես չի՛ լինում, հիշենք Ավետարանի Աղքատ Ղազարոսին և մեծահարուստին, ու կհամոզվենք: