Գոհանանք Աստծուց որ տեսանք նաև ուրբաթ օրվա առավոտը: Ուրախ սրտով շնորհակալություն հայտնենք մեր անցկացրած հանգիստ կամ անհանգիստ գիշերվա համար: Ուրախանանք, որ այսօր էլ հնարավորություն ունենք համբուրելու Սուրբ Գիրքը, նրանից մի քանի տող կարդալով կառուցենք մեր այս օրը:

12805856_984178748363041_9087935645632377662_n
Յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի, իսկ մենք գիտենք, որ ըստ եկեղեցական օրացույցի չորեքշաբթի և ուրբաթ օրերը համարվում են պահոց օրեր: Չորեքշաբթին` Հիսուս Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթը` Նրա Խաչելության համար: Ահա այսօր ուրբաթ է և պահոց օր է: Մենք գիտենք, որ պահք նշանակում է չափավորություն, ժուժկալություն և այն այնքան հին է, որքան մարդկությունը:
Դրա համար մեր Հայրերը ասում են, գոնե պահքի հնությունից ամաչեք: Հիմա ի՞նչ կարող ենք անել մենք ի սեր Աստծո:
Ի՞նչ զոհողություն կարող ենք անել մենք, զրկելով մեզ մեր սիրած որևէ բանից պահոց օրերին: Կարող ենք սկսել ամենափոքր թվացող երևույթներից. օրինակ`եթե մենք ուտում ենք մինչև հագենալու աստիճան, ապա կարող ենք ի մտի ունենալ պահքը և ուտել թերի: Առաջին հայացքից հեշտ թվացող այս երևույթը դառնում է դժվար, երբ փորձում ենք նրան սովորության ուժ տալ, սակայն այն հնարավոր է հաղթահարել, եթե մենք համեմատենք մեր արած զոհողությունը մեր Տիրոջ արած զոհողության հետ, որ արեց մեզ համար: Ի վերջո եթե մեր մտքում և սրտում ամրագրվի Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը մեզ համար, ապա մենք հեշտությամբ կարող ենք չափավորել մեր մնացած բոլոր անչափությունները, որոնք վերաբերում են մեր մարմնին: Սովորեցնենք մեր մարմնին, ենթարկվել մեր ցուցումներին: Դրա համար բավական ժամանակ է պետք, քանի որ մենք ենք ենթարկվում մեր մարմնի պահանջներին ցավոք սրտի…Դա հնարավոր է անել միայն Աստծո հանդեպ ունեցած սիրուց դրդված, Ինչպես որ Աստված խաչվեց մեր մեր սիրուց դրդված: Փառք,Պատիվ և երկրպագություն Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
 
Իսկ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է.
«Սատանան հենց որ տեսնի, որ մարդու հոգում Աստծո օրենքն է գրված, իսկ
սիրտը վերածվել այդ օրենքի քարե տախտակների, այլևս չի մոտենա նրան»։