Շնորհակալություն Աստծուն, նոր շաբաթվանն արժանացնելու համար: Վերհիշենք մեր հոգու զորությունների մասին: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ են հոգու զորությունները, հետևենք ներքևի աղյուսակին, որտեղ հստակ երևում է մեր հոգու պատկերը, որի խնամքն ու հոգատարությունը մենք անտեսում ենք:

Եկեղեցու վարդապետները մարդ արարածի բաղկացուցիչ մասեր են նշում
հոգին, միտքը և մարմինը։ Մարդը մեղանչում է թե՛ հոգով,թե՛ մտքով և թե՛ մարմնով, այդ պատճառով խոստովանում է դրանցով իր գործած մեղքերը։
Հոգին նույնպես բաղկացուցիչ մասերից է կազմված, որոնք կոչվում են «զորություններ»
Այսպիսով՝ հոգու երեք զորություններն են՝
ա) բանական (միտք, բանականություն),
բ) ցասմնական (ցասում կամ բարկություն)
գ) ցանկական (ցանկություն):
Հոգու վերոհիշյալ զորություններից յուրաքանչյուրն ունի իր առաքինությունները, որոնք Եկեղեցու աստվածաբան հայրերը բաժանել են երկու խմբի՝աստվածային առաքինություններ և մարդկային (կամ՝բարոյական)։
Այս առաքինություններից յուրաքանչյուրն ունի իրեն հակադիր մոլությունը
կամ ախտը, իսկ «մարդկային» կոչվող առաքինություններից յուրաքանչյուրն ունի
ևս երկու մոլություն, որոնք ներկայացնում են տվյալ առաքինության
երկու տարաբևեռ շեղումները։ Ահա այս վերջիններն են «Մեղայի» սույն հատվածում թվարկված առաջին 6 մեղքերը, ինչպես ավելի պարզ երևում է ներկայացվող աղյուսակում։
Ինչպես երևում է այս աղյուսակից, հոգու բանական զորությունն, ի տարբերություն մյուս զորությունների, ունի ևս մեկ առաքինություն, որ կոչվում է արդարություն.
սա ուղղիչն ու կառավարիչն է մարդկային կամ բարոյական մյուս բոլոր առաքինությունների։ Ուստի և պատահական չէ, որ «արդարութիւն» և «ուղղութիւն» կամ «արդար» և «ուղիղ» բառերը գրաբարում հոմանիշ են։ Ինչպես ասվում է Սուրբ Գրքում. «Մի՛ խոտորվիր ո՛չ աջ, ո՛չ ձախ» (Բ Օրենք Ե 32, Առակ. 4: 27)՝որպես առաջնորդ ունենալով արդարությունը։
Մեղքերի խոստովանության մանրամասներին առավել ծանոթանալու համար կարող եք կարդալ «Մեղայ Աստծոյ» գրքույկը, որը շատ կօգնի մեղքերի խոստովանություն ժամանակ ճիշտ կողմնորոշվելուն:
13445589_1024285204352395_7710128126219063916_n